...

Հողերը դասակարգելը դեռ մշակել չի նշանակում

Հողերը դասակարգելը դեռ մշակել չի նշանակում

Ջուր տվեք

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի 1781 հեկտար վարելահողից տարեկան լավագույն դեպքում մոտ 1000 հեկտարն է մշակվում, մնացածը չի օգտագործվում:

Սակայն, շուտով չօգտագործվող հողերի արդյունավետությունը բարձրացնելու և մշակովի դարձնելու նպատակով կդասակարգվեն:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշները:

Օրինագծի նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է: Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:

Տալվորիկ համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանի կարծիքով՝ որպեսզի հողերը մշակովի դառնան, պետությունը պետք է այս ու այն կողմ չընկնի, միայն գյուղացուն ոռոգման ջրով ապահովի և կարճ ժամանակ անց կտեսնի, որ անմշակ հող գրեթե չկա:

«ՉԻ»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր տարի կարող են մշակովի հողերի ծավալն ավելացնել՝ հասցնելով 1400 հեկտարի, եթե ոռոգման ջրի խնդիր չլինի:

Բայց գյուղաշխատանքների եռուն շրջանում, հաճախ ոռոգման ջուրը դաշտ չի հասնում, վարկերի տակ կքած գյուղացին էլ հրաժարվում է հող մշակել:

«Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջանները սնվում են Ախուրյանի ջրամբարից: Օգտվում ենք նաև խորքային հորերից, որոնք, ինչպես գիտեք, այդքան էլ շատ չեն: 650 հեկտար պտղի և խաղողի այգիներ ունենք, բայց ոռոգման սեզոնին խնդրի առաջ ենք կանգնում և ջրի պատճառով բերքը տուժում է»,- դժգոհեց համայնքի ղեկավարը:

Տալվորիկը միակ համայնքն է, որտեղ արդեն 4 տարի է, ինչ շատ արժեքավոր բույս են աճեցնում. 40 հեկտար հողակտորի վրա սննդարար ծնեբեկ են մշակում: Պատրաստվում են այս թանկարժեք բույսն ավելի շատ աճեցնել՝ 80-100 հեկտար տարածությունը վերածելով ծնեբեկի դաշտի, եթե ոռոգման ջուրը քչություն չանի: Այսպիսով նաև համայնքում 200 աշխատատեղ կբացվի:

Հողերը չմշակելու երկրորդ պատճառը համայնքապետը որակյալ սերմերի բացակայությունն է համարում: Նեղսրտում է, որ թուրքական սերմերն անորակ են:

«Ես իսրայելական սերմերի արտադրության կենտրոն եմ զանգել, որ գնեմ, ինձ պատասխանել են, որ մեր կառավարությունը պայմանագիր չունի կնքած, և մենք չեն կարողացել այն գնել: Իսրայելը, Հոլանդիան ամենաբարձրակարգ սերմնարտադրության կենտրոններն ունեն: Կարելի է կառավարական մակարդակով դիմել և ձեռք բերել»,- նկատեց Կիրակոս Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ մինչև չօգտագործվող հողերը դասակարգելն անհրաժեշտ է ոռոգման ջրի ու սերմերի հարցը լուծել: Տալվորիկի համայնքապետն առաջարկում է անձրևաջրերի կուտակման ջրամբարներ ստեղծել, գոնե այն որոշ չափով ամռան տապին չորացող բույսին կյանք կտա:

Գյուղտեխնիկա է պետք

Հողերի դասակարգումը դեռ այն մշակովի դարձնել չի նշանակում՝ պնդում է «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը: Հիշեցնում է՝ հողերի մշակովի դարձնելու մոդել կիրառում էին Խորհրդային միությունում, երբ ֆինանսական ռեսուրսներ ներդնելով՝ քարքարոտ տարածքները բերրի հողերի էին վերածում:

«Հողը դասակարգելիս պետք է ուշադրություն դարձնել, թե այն որքանով է պիտանի մշակելու համար: Օրինակ, շատ հողեր, որոնք վարելահողեր էին, հիմա մելիորացիայի ենթակա են: Այսինքն՝ հիմա սովորական գութանը չի կարող այդ հողի մեջ մտնել, որովհետև հողը կենդանի օրգանիզմ է և ժամանակի ընթացքում քարանում է: Այստեղ արդեն պետք է կիրառել հատուկ տեխնոլոգիա հողը որակյալ դարձնելու նպատակով»,- նշեց մասնագետը:

Թեև ստույգ հաշվարկներ չունի, բայց Սարգիս Սեդրակյանը համոզված է, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում մշակող հողերի թիվը չի ավելացել: Ավելին, չի բացառում, որ այն անգամ նվազած լինի: Վիճակագրական տվյալները հենց նվազման մասին են փաստում:

Համաձայն ՀՀ 2019 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444.8 հազար հա վարելահողերից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 216.9 հազար հեկտարը կամ 48.8%-ը:

«Եթե գյուղացին հողը թողնում և գնում է խոպան, ապա այն ինքն իրեն պետք է մշակության համար պիտանի դառնա՞: Պետական հողեր չկան, որ այդ ուղղությամբ պետությունն աշխատի»,- մատնանշեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:

Նրա խոսքով՝ պետությունը պետք է ֆինանսական ռեսուրսներ ներդնի, արհեստավարժ մասնագետներով համալրված կառույց ստեղծի և հասցեական քայլեր կատարի:

Փորձագետի համոզմամբ՝ նախևառաջ պետք է լուծվի գյուղտեխնիկայի հարցը, որպեսզի խոպան հողերը մշակվեն:

«Մեր հարևան Վրաստանն ունի լավագույն գյուղտեխնիկան, իսկ մեր գյուղերում նախկին սովետական գյուղմեքենաներն ու գործիքներն են՝ հնամաշ, հալից ընկած: Այդ գյուղատնտեսական մեքենաների ժամկետները վաղուց անցած են: Կոմբայն կա, որ աշխատելուց մասերը թափվում են»,- նշեց նա:

Արտագաղթի պատճառով հողերի մեծ մասն անմշակ է մնացել, անգամ դրանց սեփականատերերը հայտնի չեն: Ըստ Սարգիս Սեդրակյանի՝ հողերի դասակարգումը հենց այս անորոշությունը ճշտելու նպատակով է:

«Սակավահող երկրում ենք ապրում, պետք է ամեն թիզը մշակենք: Լավ մեքենաներ գոյություն ունեն, որոնք քարքարոտ տարածքներն աղում ու փռում են և հետագայում այն կարող ենք որպես վարելահող օգտագործել: Պետք է գյուղացուն ջուր և գյուղտեխնիկա տալ, ինչպես նաև ֆինանսներ ներդնել հողերը մշակելի դարձնելու նպատակով և ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ անել»,- եզրափակեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ