...

Տնտեսությունները ծանր վիճակում են

Տնտեսությունները ծանր վիճակում են

Կորոնավիրուսը, ռազմական դրությունն ու սնանկացման եզրին կանգնած ֆերմերները

Կորոնավիրուսի և երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Արմեն Սիմոնյանի տնտեսությունը զգալի կորուստներ է կրել: Նույն վիճակում են մարզի բոլոր տնտեսությունները:

«Այս տարի ո՛չ ջերմոցում աճեցրած բերքից, ո՛չ բաց գրունտում մշակած բերքից եկամուտ չկարողացանք ստանալ: Մինչև անգամ եղած բերքը ոչ թե վաճառել ենք ցածր գներով, այլ թափել ենք: Տոննաներով բերք է թափվել: Եգիպտացորենը ջերմոցի դիմաց թափած է: Բրոկոլին ևս մնացել է դաշտերում, չենք հավաքել, որովհետև վաճառք չկար: Մնաց, դեղնեց և փչացավ: Ծաղկակաղամբն էլ մի քանի անգամ տարանք շուկա` հետ բերեցինք, և դա նույնպես մնաց դաշտերում: Հազարն էլ է նույն վիճակում: Բերքը դաշտերում արդեն նեխել է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց ֆերմերը:

Բերքը չիրացրած հողագործը չգիտի, թե ինչպես է մարելու վարկերը:

«1 հեկտարի վրա 1 միլիոն դրամի ծախս եմ արել և ներդրած գումարից հետ եմ բերել 400 000-ը: Դա էլ եգիպտացորենի բերքի վաճառքից էր գոյացել: Սկզբից վաճառվեց, հետո վաճառքը կտրուկ կանգնեց: Շուկայում վաճառք չկա: Եթե մտնեք որևէ գյուղատնտեսական շուկա, միայն վաճառող կտեսնեք, գնորդ չկա: Ջերմոցի լոլիկը հիմա 300 դրամով ենք վաճառում՝ ինքնարժեքի գնով»,- նշեց Դարակերտի բնակիչը:

Ֆերմերներին ուրախացնում է այն, որ եկող տարվանից կառավարության թուրքական ապրանքների արգելման վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլևս թուրքական ծագմամբ բանջարեղեն չի ներկրվելու: Վերջապես տեղական արտադրողը կկարողանա իր ապրանքն առանց խոչընդոտների իրացնել:

«Եթե հանկարծ թուրքական ապրանք բերեն, դավաճանություն կլինի: Գարնանը թուրքական գյուղմթերք ներկրվել է: Տեսնենք՝ մեր ղեկավարության խոսքը որքանով է ճիշտ: Չի բացառվում, որ երրորդ երկրներից թուրքական լոլիկ և վարունգ ներմուծվեն»,- նկատեց Արմեն Սիմոնյանը:

Այս խնդիրները չեն միայն, որ անհանգստացնում են գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Ջերմոցային տնտեսությունների համար ամառվանից գազի սակագինն է բարձրացել:

Գյուղացին ասում է, որ շատերն այս սեզոնին հրաժարվում են ջերմոցային տնտեսությամբ զբաղվել:

Թանկացումներ են սպասվում

Հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:
Բնակիչ-բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։ Ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար ևս թանկացում կլինի. հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242.1 դոլարի փոխարեն: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։ Ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար ևս թանկացում կլինի․ հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն։

Բանջարեղեն արտադրողների համար գազի գնի բարձրացումը գնաճի է բերելու: Այսպիսով, ջերմոցային տնտեսությունների հետագա գործունեությունն է հարցականի տակ դրվելու:

«Գնաճն անխուսափելի է լինելու՝ կախված նրանից, թե ձմռանն ինչ աստիճանի է ցուրտ գրանցվում: Բերքի ինքնարժեքի մեջ 50-70 տոկոսը գազի գինն է: Իսկ դա շատ մեծ թիվ է: Գյուղմթերքը թանկանալու է, բայց պետք է նշել, որ գազի սակագնի բարձրացումը շղթայական գնաճի է բերելու: Գնաճ արձանագրվելու է նաև տնտեսության մյուս ճյուղերում»,- մատնանշեց ֆերմերը:

Այսօր Հայաստանում գործող ջերմատների ճնշող մեծամասնությունը գազով է ջեռուցվում: Ցածր և անտոկոս վարկերով գայթակղված՝ շատերն այս տարի սկսել են ջերմատնային բիզնեսով զբաղվել: Ջերմոց են սարքել և գազի սակագնի բարձրացման լուրը լսելուց հետո` փաստի առաջ կանգնել:

«Այդ ջերմատներն ինչքանով են կարողանալու սպառած գազի գումարները վճարել այն դեպքում, երբ ունենք նաև ապրանքի նորմալ ռեալիզացման խնդիր: Այսօր լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 300 դրամ է, գազի գինն էլ 25 տոկոսով ավելանում է: Հաշվեք, թե ինչքան ապրանքը թանկացավ: Այստեղ հարց է առաջանում, թե սպառողը որքան գնողունակ է: Այսօր արդեն ժողովուրդը խնդրի առաջ է կանգնել՝ շատերը վիրուսի պատճառով գործազուրկ են դարձել: Աստիճանաբար գնում ենք սնանկացման»,- նշեց Արմեն Սիմոնյանը:

Ֆերմերները կառավարության ուշադրությունն են հրավիրում իրենց խնդիրների վրա՝ պահանջելով, որ գյուղատնտեսության ոլորտին առանձնակի վերաբերմունք ցույց տան:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ