Խոտը քիչ է, գինն էլ՝ բարձր
Հանրապետությունում այս տարի անասնակերի խնդիր կլինի: Խոտհունձը սկսված է, բայց ցուցանիշներն այս տարի գոհացուցիչ չեն:
Շիրակի մարզում եղանակային պայմանների պատճառով խոտը պակաս է: Գարնանը գրեթե անձրև չեկավ, ինչն էլ նպաստեց բերքատվության ցածր ցուցանիշին:
Հոռոմ համայնքում հեկտարից 60-70 հակ խոտ են ստացել, բայց նախորդ տարիներին նույն տարածքից 150-200 հակ խոտ են հնձել:
Բերքը քիչ է, հետևաբար, գինն էլ բարձր է: Խոտի մեկ հակի գինն սկսվում է 1200 դրամից, առվույտ գրեթե չեն հնձել, իսկ կորնգանի հակը 1500 դրամ արժե:
«Բայց եղած քանակը կբավարարի, որովհետև աշնանը շատերը նաև կսկսեն վաճառել անասունները, քանի որ ֆինանս չեն ունենա թանկ գնով անասնակեր կուտակելու: Տարածաշրջանում խոտը քիչ է, անասնատերերն Արարատի և Արմավիրի մարզերից են գնում՝ լրացուցիչ ճանապարհածախսի տակ ընկնելով: Աշնանը զանգվածային մորթ կլինի»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց Հոռոմ համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը:
Այստեղ զարգացած է անասնապահությունը: Մոտ 2000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա:
Արտագնա աշխատանքից բացի, հոռոմցիների զբաղմունքն անասնապահությունն է: Տարիներ առաջ անասնակերի պակասի, մսի անկայուն գների պատճառով գլխաքանակը կրճատել են: Վերջին տարիներին, սակայն, պատկերը փոխվել է, կրկին անասնապահությունն աշխուժացել է՝ շնորհիվ պետական աջակցության ծրագրերի:
Արոտավայրերը բարելավել են՝ ջրի հարցն է լուծվել: Բայց այսօր կրկին մտահոգված են՝ կերի պատճառով հնարավոր է անասնագլխաքանակը կրկին կրճատեն:
Միսը կթանկանա
Արարատյան դաշտում ջրովի հողատարածքներում մշակած անասնակերի որակից ու քանակից էլ գոհ չեն:
Առվույտի բերքը թրթուռներն են վնասել: Վնասատուների դեմն առնել գյուղացիներին չի հաջողվել: Առաջին հունձը պիտանի չի եղել: Խոտի հակը 800-1200 դրամով են այսօր վաճառում: Արմավիրի մարզի Վանանդ համայնքի բնակիչ Ջիվան Մանուկյանը պնդում է, որ թանկ չէ:
«Սարի խոտը, որ ոչ մի ծախս վրան չեն անում՝ ո՛չ ջրում են, ո՛չ սրսկում, 1000 դրամով են վաճառում: Բայց մենք ջրի վարձ ենք տալիս, հողի հարկ ենք տալիս, վարում ենք, ցանում ենք, սերմի փող է, թունաքիմիկատների փող է, տեխնիկային ենք վճարում: Այդքան ծախս ենք անում, թա՞նկ է»,- նշեց գյուղացին:
Նրա խոսքով՝ այս տարի ամբողջ հանրապետությունում է անասնակերը պակաս: Ընկերների հետ ամենօրյա կապի մեջ է՝ Սևանում, Դիլիջանում էլ նույն վիճակն է:
«Սպիտակում էլ է ահավոր վիճակ խոտի պահով՝ չկա: Եթե մարդը ֆերմա ունի և հողատարածք չունի, որ խոտն ինքը մշակի, պետք է գնի, պարզ է, որ իր վիճակը վատ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա կանխատեսմամբ՝ ձմռանը միսը կթանկանա:
Անուշադրության մատնված
Մեր երկրում անասնակերի խնդիրը դեռ լուծված չէ: Տարիներ շարունակ մասնագետները նշում են, որ անասնապահությունը զարգացնելու համար պետք է կերային բազա ստեղծվի: Այս խնդիրը, սակայն, ինչպես տեսնում ենք, օրակարգից դուրս է:
2017 թ. խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ կրճատումը հիմնականում պայմանավորված էր անասնակերի գնի աճով: Այսօր էլ խոսվում է տավարաբուծության զարգացման մասին, բայց ռազմավարական ծրագրում չի նշվում, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում կայուն կերային բազա ստեղծելու ուղղությամբ: Գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուները կարծում են, որ 2019-2024 թթ. խոշոր եղջերավորները կաթ ու միս են տալու առանց որակյալ կերի: Չե՞ք կարծում, որ եթե կերի կայուն բազա չստեղծվի և գներն էլ շարունակեն անկայուն լինել, տավարի մսի գինը շարունակաբար վայրիվերումների է ենթարկվելու:
Արոտի պահպանության արշավ
Նկատենք, որ ուշադրության կենտրոնում են հայտնվել արոտավայրերը: Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքներում արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ արշավ է սկսվել՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով: Նպատակն է բնակչության շրջանում ձևավորել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ: Ինչն, ըստ արշավի կազմակերպիչների, կնպաստի արոտի կայուն կառավարմանն ու արոտօգտագործման արդյունավետ կազմակերպմանը, կնվազեցնի անասնապահության բացասական ազդեցությունն արոտային էկոհամակարգերի վրա, ինչպես նաև կավելանա անասնապահության արտադրողականությունը:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020