...

Կառավարությունը ցորենի արտադրությունը խթանելու ծրագիր է իրականացնում

Կառավարությունը ցորենի արտադրությունը խթանելու ծրագիր է իրականացնում

Որքան աշնանացան ցորեն է մշակվել

Թեև տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքի ֆերմերները դժգոհում էին, որ չեն կարողանում ցորենի էլիտար սերմացու գնել, բայց այս տարի այդ հնարավորությունից չեն օգտվել: Չնայած չեն կարողացել ցորենի էլիտար սերմացու ցանել, սակայն, դաշտերն անմշակ չեն թողել, ամբարում կուտակած ցորենի հին սերմն են աշնանը հողին պահ տվել:

Գյուղացիները «ՉԻ»-ի հետ զրույցում բողոքեցին, որ պետության կողմից սուբսիդավորվող էլիտար ցորենի սերմացուի ձեռքբերման պայմանները ոչ բոլորին են հասանելի եղել:

«Ֆերմերը պետք է մինչև 3 հեկտար հողատարածք ունենար, որ այդ ծրագրից օգտվեր: Մեր գյուղում այդքան ցանքատարածություն քչերն ունեն»,- ասաց Ծաղկաշեն համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը:

Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ դեռ գարնանն իշխանության ներկայացուցիչները կոչ էին անում գյուղացիներին հնարավորության սահմաններում ցորեն ցանել՝ հողն անմշակ չթողնել, իսկ կառավարությունն ինչով կարող է կօգնի:

Օգնությունն էլ այն եղավ, որ հաստատվեց աշնանացան ցորենի արտադրությունը խթանող պետական աջակցության պիլոտային ծրագիր:

Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող աշնանացան ցորենի էլիտա 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գինը պետությունը մասնակիորեն սուբսիդավորում է:
Մեկ կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։

Ցորենի էլիտար տեսակի սերմացուի մեկ կիլոգրամի արժեքը 200-220 դրամ է, սուբսիդավորման դեպքում մոտ 150 դրամն է ֆերմերը տալիս: Առաջին վերարտադրության ցորենի մեկ կիլոգրամի գինը 150-160 դրամ է: Սերմը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից:

Գրիշա Կարապետյանի խոսքով՝ թեև իրենք չեն կարողացել օգտվել ծրագրից, բայց այն սպասված էր: Ծաղկաշենում մոտ 30 հեկտար աշնանացան ցորեն են մշակել, ճիշտ նախորդ տարվա քանակության: Այս տարվա բերքատվությունից այստեղ գոհ չեն:

«Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի 30 տոկոսով պակաս է եղել բերքատվության ցուցանիշը՝ ցորենն էլ, հացահատիկի մյուս տեսակներն էլ, բանջարեղենն էլ, միայն կարտոֆիլի բերքն է լավը եղել: Մեր հողատարածքների մեծ մասն անջրդի են, ոռոգման ջուր չունենք: Հող ենք մշակում Աստծո հույսով, որ անձրև կգա, և բերքը կաճի»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Ծաղկաշենի վարելահողերի միայն 35 տոկոսն է մշակվում: Ասում են՝ եթե ոռոգման ջրի խնդիր չլիներ, անմշակ հող չէին թողնի:

Վարելահողերն ավելացել են

Ի տարբերություն այս համայնքի՝ Շիրակի մարզի Ազատան համայնքում պետության կողմից սուբսիդավորվող էլիտար ցորենի 70-80 տոննա սերմ են ցանել: Բայց ծրագրի մասին դեռ ոչինչ չեն կարող ասել: Բերքահավաքին ամեն ինչ պարզ կլինի: Ազատանում 700-800 հեկտար աշնանացան ցորեն են մշակել:

«Դեռ չգիտենք՝ լավ բերք կստանա՞նք, թե՞ ոչ: Մի քանի տարի առաջ էլ էլիտար սերմ բերեցին, ցանեցինք, բայց բերքատվությունը ցածր էր: Հնարավոր է, որ լավ սերմ լինի, բայց մեր հողում, մեր երկրի բնակլիմայական պայմաններում լավ չաճի: Էլիտար սերմեր բերելուց առաջ, նախ այն պետք է փորձարկվի մեր հողերում. եթե լավ բերք տա, նոր ֆերմերներին վաճառեն»,- նկատեց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկլիկյանը:

Ասում է՝ իրենց տարածաշրջանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները՝ սերմացու չլինելու պատճառով:

«Սերմացու ձեռք չի բերվում: Նախկինում Գյումրու սելեկցիոն կայանում ունեինք սերմեր, հիմա չկան: Սորտերի սելեկցիա չի արվում: Հիմա տեսնենք՝ այս էլիտար սերմից ինչպիսի բերք կստանանք»,- նշեց Ազատան համայնքի ղեկավարը:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են։ 2019 թվականին 2015-ի համեմատ ցանքատարածությունները նվազել են շուրջ 44,1 տոկոսով, բերքատվության մակարդակը՝ 42 տոկոսով, որի արդյունքում էլ համախառն բերքը 68,7 տոկոսով նվազել է` կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա:

Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5 տոկոս 2014 թվականի 48,7 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250-ից 330 հազար տոննա ցորեն։

Մեր երկրի՝ հացի շտեմարան համարվող Շիրակի մարզում գյուղացիական տնտեսությունները մոտ 2000 տոննա աշնանացան ցորենի պահանջարկ են ներկայացրել։

Մարզպետարանի Գյուղատնտեսության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Նալբանդյանի տեղեկացմամբ՝ մարզում տարեկան 14.000-15.000 հեկտար ցորեն է մշակվում: Դեռ չի կարող ասել՝ նախորդ տարվա համեմատ ցորեն շա՞տ են ցանել, թե՞ քիչ: Հիմա հաշվարկում են՝ տարեվերջին կամփոփեն մշակած ցանքատարածությունների ծավալները:

Բայց միևնույն ժամանակ պնդում է, որ նախորդ տարվա համեմատ մարզում ավելի շատ են հող մշակում: 500 հեկտարով ավել վարելահող են նախապատրաստել աշնանացան ցանքի համար:

Ըստ վիճակագրության՝ տարեկան 250.000 տոննայից ավել ցորեն ենք ներմուծում: Բացը կարող ենք լրացնել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության այս պիլոտային ծրագրի միջոցով: Պետությունը 1-2 տարի կօգնի ֆերմերին՝ ցորենի էլիտար սերմացու գնելու հարցում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   13002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ