...

Քանի՞ հեկտար հող չի մշակվում

Քանի՞ հեկտար հող չի մշակվում

Ինչո՞ւ են հրաժարվում հող մշակել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը գարնանացանին ընդառաջ գյուղացիներին կոչ արեց այս տարի ոչ մի թիզ հող անմշակ չթողնել:

Կորոնավիրուսը վախեցրել է Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչների աչքը: Այս տարի նախորդի համեմատ այստեղ ավելի շատ են հող մշակել:

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում էլ են ցանքատարածություններն ավելացրել: Մշակման ենթակա վարելահողերը խոպան չեն թողել:

Կորոնավիրուսը փակել է խոպանչիների ճանապարհը: Գյուղում պարապ մնացած ախուրյանցիներն էլ կարտոֆիլ են մշակել:

Վստահեցնում են՝ մեծ քանակությամբ գյուղմթերք կարտադրեն, եթե պետությունն իրենց թիկունքին կանգնի:
Վարակն այս տարի պարտադրեց, որ կառավարությունն ուշադրություն դարձնի գյուղատնտեսությանը: Հակաճգնաժամային փաթեթով գյուղացիներին արտոնյալ, զրո տոկոսով վարկեր են տրամադրում: Այս ծրագրի հետ էլ խնդիրներ առաջացան. մեծաթիվ դիմումների պատճառով բանկերը ժամանակավորապես դադարեցրին նոր հայտերի ընդունումը:

Ինչպես գյուղացիներն են ասում՝ իրենք կրկին անտեսված մնացին: Իսկ այս տարի հող մշակելն այդքան էլ հեշտ չէ: Վիրուսով պայմանավորված սահմանափակումների և դոլարի փոխարժեքի պատճառով, թանկացավ նաև պարարտանյութը: Որոշ ժամանակ անգամ խանութներում դեֆիցիտ էր:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մեր երկրում հողերի մոտ մեկ երրորդը գյուղացիները չեն մշակում տարբեր պատճառներով. ծախսերի համար գումար չունեն, ոռոգման ջուր, իրացման խնդիրներ, գործոններից մեկն էլ արտագաղթն է։

2018թ. հողային հաշվեկշռի համաձայն՝ Հայաստանի 450.000 հեկտար գյուղատնտեսական հողերից 200.000 հա-ն չի մշակվում:

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը փոխանցում է ֆերմերների տեսակետը և ասում, որ սուբսիդավորված վարկերն այն աջակցությունը չէ, որ ցանկանում են հողագործները: Ըստ նրա՝ մեծ օգնություն կլիներ, եթե պետությունը ոռոգման համակարգում լրջագույն փոփոխություններ աներ: Ինքը նախորդ իշխանության ժամանակ նման առաջարկ արել է, բայց չի ընդունվել:

«Ցանկալի կլիներ, որ գրանտային ծրագրեր լինեին: 5 տարի առաջ պետությունը բավական դոտացիա էր տալիս: Ավելի շատ դոտացիա էր տալիս, քան գյուղացիական տնտեսությունների վճարած գումարներն են: Կարելի էր դոտացիայի չափն ավելացնել և դարձնել անվճար: Ֆերմեր կա, որ մեկ հեկտարը ոռոգելու համար 17000 դրամ է վճարում: Շատերը չէին էլ ոռոգում հողը: Մեզ մոտ կարտոֆիլ են մշակում, իսկ այն սեզոնին 5-6 անգամ ոռոգում է պահանջում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Վրաստանի նախանձելի օրինակը

Ի տարբերություն Հայաստանի ղեկավարության հողերն անմշակ չթողնելու կոչին՝ հարևան Վրաստանը նույն հորդորով դիմելիս հստակ առաջարկ է արել. երկրի բոլոր 42 հազար ֆերմերներն այս տարի անվճար են ոռոգելու իրենց հողատարածքները:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը Վրաստանի օրինակը պետականամետ է համարում: Ասում է՝ նույնը պետք է այստեղ կիրառել: Նշում է, որ տարիներ շարունակ մեր երկրում սխալ ագրարային քաղաքականություն է մշակվել, ինչի հետևանքով սակավահող երկրում վարելահողերի կեսից ավելին անմշակ են:
Ոռոգման ջրի համակարգի բարելավումից բացի, ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում գյուղտեխնիկայի հարցն է: Սեդրակյանի խոսքով՝ մինչ աշխարհը գնում է դեպի հեռահար կառավարման համակարգ, մեր երկրում անգամ խորհրդային տարիներից ժառանգած հող մշակող տեխնիկան է հնամաշ:

«Մեքենատրակտորային կայան պետք է ստեղծել: Նախկին իշխանությունը ծրագիր էր դրել, բայց չարեցին, նորերը ոչ էլ գրել են: Ասում են՝ հող մշակեք, գյուղմթերք արտադրեք: Ինչո՞վ պետք է անեն, հնացած տեխնիկայո՞վ, սարսափելի է դրանց վիճակը: Նայում ես՝ Եվրոպայում կոմբայնը դաշտում հունձ է անում առանց կոմբայնավար»,- նկատեց փորձագետը:

Բարեփոխումներին սպասելիս

Բայց պետությունը հողային բարեփոխում է խոստանում: Չմշակվող հողերի խնդիրը լուծելու համար կառավարությունը ծրագրում է օրենքի ուժով այդ հողը վերցնել վարձակալությամբ և նույն պայմաններով հանձնել մեկ այլ ֆերմերի:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահն այս ծրագրի վերաբերյալ մտահոգություններ ունի:

«Հողերն ուզում են որոշ գյուղացիների ձեռքից առնել: Շատերը թողել են հողերը, գնացել են Ռուսաստան, մի մասի տերերն են մահացել, այդ հարցերն են ուզում լուծել, բայց դա ուրիշ հարց է: Իսկ չմշակված հողերը մշակովի դարձնելն այլ խնդիր է, դա պետական ռազմավարական ծրագիր պետք է լինի»,- նկատեց նա:

Սեդրակյանի կարծիքով՝ կորոնավիրուսը ստիպեց, որ ղեկավարությունը մտածի գյուղատնտեսության մասին: Տեղական արտադրությունը խթանելու համար խրախուսական ծրագրեր մշակվեցին: Մասնագետը, սակայն, գյուղոլորտի տնտեսական վնասները չեզոքացնելու ծրագիրն արդյունավետ չի գնահատում՝ այն համարելով կցկտուր միջոցառում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2189 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ