...

Շուկան հեղեղված է թուրքական բանջարեղենով

Շուկան հեղեղված է թուրքական բանջարեղենով

Թանկացել են պարարտանյութն ու թունաքիմիկատը

Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ հողագործները խնդրի առաջ են կանգնել:

Դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով թանկացել են թունաքիմիկատը, պարարտանյութն ու անգամ արկղերը, որոնց մեջ գյուղմթերք են տեղավորում:

Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ, ֆերմեր Արմեն Սիմոնյանի հաշվարկով՝ 30 տոկոսով թանկացել է այն ամենը, ինչի միջոցով գյուղացին կարողանում է հող մշակել: 

Եթե նախորդ տարի վրացական մեկ պարկ պարարտանյութը գնել են 6 000 դրամով, ապա այս սեզոնին արժեքը բարձրացել է՝ հատելով 7000 դրամի շեմը:

Այս թանկացման պայմաններում գյուղացիները, որպեսզի կարողանան բանջարեղեն արտադրել, ստիպված են լինում թակել բանկերի դռները:

«Գյուղացիների 90 տոկոսը վարկերը ձեռը կրակն է ընկել: Անցյալ տարի չկարողացանք արտադրած բերքն իրացնել՝ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով: Բրոկոլիի, ծաղկակաղամբի ու կաղամբի դաշտերը հենց այդպես էլ մնացին, բերքը փչացավ: Հիմա էլ, եթե այդ դաշտերի կողքով անցնեք, գարշահոտությունը դեռ չի անցել: Ոչ մի մշակաբույսից շահույթ չեն կարողացել ստանալ: Վարունգի կիլոգրամը 20-30 դրամով ենք վաճառել, բայց այդ բերքի ինքնարժեքը 50 դրամ է կազմում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց հողագործը:

Տեղական արտադրողները խնդրի առաջ են կանգնած

Բայց միայն թանկացումները չեն, որ անհանգստացնում են ֆերմերներին: Թեև Հայաստանում թուրքական ապրանքների ներկրման արգելքը 6 ամսով ուժի մեջ է մտել, բայց ինչպես պնդում է ջերմոցատերը, շուկան հեղեղված է թուրքական բանջարեղենով: Արմեն Սիմոնյանի խոսքով՝ այս օրերին ոչ միայն թուրքական ծագման լոլիկ ու վարունգ է ներմուծվում, այլև սմբուկ, բրոկոլի և բանջարեղենի այլ տեսակներ:

«Այս կառավարության ընդունած օրենքները միայն թղթի վրա են մնում: Շուլավերի հայերը թուրքական արտադրանքը բերում և լցնում են Հայաստան: Իսկ այս կառավարությունը դրա մասին չի էլ մտածում: Եթե դրսի ապրանքը պետք է թաքուն բերեն, ուրեմն թող մաքսատուրքն ավելացնեն, և ներկրված ապրանքի գինը հավասարեցնեն մեր տեղականի արժեքին: Այդ դեպքում հնարավոր է ներկրման ծավալները մի քիչ նվազեն, իսկ գումարները կգնան պետբյուջե, ոչ թե անհատ մեծահարուստների գրպանը»,- նկատեց գյուղացին:

Չնայած իշխանությունը հայտարարում է, որ կոռուպցիա չկա, բայց ֆերմերը հակառակն է պնդում: Նրա համոզմամբ՝ հիմա մաքսատանն ավելի շատ կոռուպցիոն գործարքներ են կատարվում, քան նախկինում:

Ըստ արտադրողի՝ ներկրումների պատճառով տեղական արտադրողն է տուժում, քանի որ ջերմոցում բանջարեղեն մշակելը ծախսատար է էներգակիրների պատճառով, իսկ Թուրքիայում նման խնդիր չկա:

«Մեր բանջարեղենի արժեքի 70 տոկոսը վառելիքի գինն է կազմում: Ես գնացել եմ Անթալիա և շուկան ուսումնասիրել: Այնտեղ 30 ցենտով կարող ես անմիջապես արտադրողից ապրանք վերցնել, իսկ սահմանից գնելու դեպքում 80 ցենտ ես վճարում: Դա նշանակում է, որ կիլոգրամը 40 դրամով կարող ես լոլիկ ներկրել: Մենք նույնիսկ, երբ բաց դաշտում լոլիկ ենք մշակում, ինքնարժեքը 40 դրամ չի կազմում, ավելի թանկ է նստում՝ հաշվի առնելով թունաքիմիկատների, բուժանյութերի բարձր արժեքը»,- ասաց նա:

Արտադրողները հավաստիացնում են՝ իրենք կարող են այնքան բերք արտադրել, որ դրսից ոչ մի կիլոգրամ ապրանք ներկրելու կարիք չլինի:

«Ամբողջ ձմռանը թուրքական բրոկոլի է ներմուծվել, վաճառվել է կիլոգրամը 300-500 դրամով: Իսկ մեր արտադրանքը, որը պահել ենք սառնարանում, պետք է կիլոգրամը գոնե 700 դրամով վաճառենք, որպեսզի 100-200 դրամ շահույթ ստանանք: Եթե գյուղացին 100 տոկոսով «գարանտիա» ունենա, որ ներկրումներ չեն լինելու, կարող է հաջորդ տարվա պակասուրդը լրացնել: Բայց, ի տարբերություն թուրքականի, մեր արտադրանքի գինը 100-200 դրամով բարձր է լինելու, որովհետև մենք էներգակիրներ ենք օգտագործում»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների և էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը նաև Արմեն Սիմոնյանն է ներկա եղել: Նախարարին ներկայացրել են իրավիճակը, բայց Վահան Քերոբյանի տված հարցերից ֆերմերը հասկացել է, որ նա գյուղատնտեսության այս ճյուղը լավ չի պատկերացնում: Նկատում է՝ նախարարը համաձայն է, որ դրսից ներկրումներ լինեն, որպեսզի տեղականի արժեքը չբարձրանա:

«Ընդհակառակն իրենք ուզում են, որ տարածաշրջանի ապաշրջափակման միջոցով նաև ադրբեջանական ապրանք ներմուծվի: Եթե այս ամենն իրականանա, Հայաստանում գյուղատնտեսությունը կմեռնի: Հիմա ջերմատնային տնտեսությունները քայքայման եզրին են»,- մտահոգվեց արտադրողը:

Արմեն Սիմոնյանը փաստում է՝ անտոկոս վարկային ծրագրով ոգևորված, գյուղացիները մեծ քանակությամբ ջերմոցներ են հիմնել, բայց որոշ ժամանակ անց՝ փաստի առաջ կանգնել: Գազի սակագնի բարձրացումն ու ներկրումները թույլ չեն տալիս, որ տեղական բիզնեսը շնչի, ի վերջո գյուղացու հոգսն ավելանում է՝ վարկային բեռի տեսքով:

Բանկերը մերժում են 

Անտոկոս վարկի խնդրի են բախվել նաև Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի բնակիչները: Այգիներում էտի աշխատանքներն արդեն ավարտել են, բայց սիրտները կախ է:

Գյուղացիներն աշխատանքները կատարելու համար օրավարձով աշխատողներ են բերել: Գործը վերջացրել են, բայց պարտք են մնացել: Ամբերդում շատերն են ցանկանում անտոկոս վարկ վերցնել և հողագործությամբ զբաղվել: Ուզում են, բայց մեծ մասին մերժում են:

««Ակբա Բանկից» ուզում էի վարկ վերցնել, բայց մերժել է: «Վարկսից» վարկեր ունեի վերցրած, վճարումներն ուշացումով էի կատարել, դրա համար այս մի բանկը վարկ չտվեց: Անտոկոս վարկը շատ լավ բան է: Ջերմոց դնելու համար գյուղացիներին այդ վարկից տալիս են: Սակայն, գյուղացիների 70-80 տոկոսը սև ցուցակում է, դրա համար չեն կարողանում այդ վարկից օգտվել: Վարկային լավ պատմություններ ունեցողը միշտ էլ կարողանում է ստանալ, խնդիրը սև ցուցակում հայտնվածներն են»,- ընդգծեցին ամբերդցի մեր զրուցակիցները:

Մանյա Պողոսյան  

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   66275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ