«ՉԻ» զրուցակիցն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
- Պարոն Բերբերյան, գյուղապահովագրության ծրագիրը 2020թ. իրականացվել է 6 մարզում, ներառել է 2 մշակաբույս, այս տարի նախատեսվում է ապահովագրման ենթակա մշակաբույսերի թիվը հասցնել 11-ի և ծրագիրն իրականացնել բոլոր մարզերում: Ապահովագրության պիլոտային ծրագիրը արդյոք հաջողվե՞լ է:
- Գյուղապահովագրությունը ֆերմերներին շատ լավ օգնություն է: Հաջողության հասնելու համար, սակայն, մեզ մոտ երկու սխալ է արվում. դեռ նախկին իշխանությունների ժամանակ, մեկ անգամ՝ 1 մլն, մյուս անգամ 5 մլն դոլար եվրոհամայնքի փողերը մսխել են: Այդ ապահովագրական ընկերությունները բացվում էին և արագ փակվում էին: Դրանցից մեկը մեկ տարի գործեց, որից հետո սնանկացավ: Դրանք, իմիջիայլոց, դրամաշնորհներ էին: Այն մեթոդաբանությունը, որն այսօր կառավարությունը կիրառում է, գյուղապահովագրությունը ձախողում է: Միայն տպավորություն է ստեղծվում, թե պետությունը փորձում է գյուղացու համար ինչ-որ բան անել: Եթե չեմ սխալվում, այս մեկ տարվա ընթացքում այդքան էլ շատ ապահովագրական պայմանագրեր չեն կնքվել: Սուբսիդավորված գումարները, որոնք ծախսվում են գյուղատնտեսության վրա, մեզ մոտ փոշիանում են: Օրինակ՝ անտոկոս վարկերը: Կարո՞ղ եք ցույց տալ մեկին, որ անտոկոս վարկ է վերցրել:
- Ըստ վիճակագրության՝ հաջողություն ունենք ինտենսիվ այգեգործության ոլորտում: 2019թ. 53.2 հա համեմատ 2020թ. ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա: Արդյոք այս արդյունքին հասե՞լ ենք սուբսիդավորվող վարկերի շնորհիվ:
- 500 հեկտար ինտենսիվ այգի չկա: Որտեղ է այդքան այգին, կարո՞ղ են տեղը ցույց տալ: Ի դեպ, այդ բառը սխալ է, ինտենսիվ այգի չի լինում, այլ լինում է ինտենսիվ գյուղատնտեսություն: Ես իրենց կարող եմ տանել և ցույց տալ, թե որքան այգի է չորացել և կտրվել: Օրինակ, Արմավիրի մարզի Դաշտ համայնքում ավանդական ծիրանի այգի է չորացել: Սրա մասին ինչի՞ չեն ասում: Կան կլոնային տնկիներ, իրենք դրա անունը դնում են ինտենսիվ այգի: Այդ կլոնային տնկիները շատ արագ բերք են տալիս, բայց մոռանում են, որ 15 տարվա կյանք ունեն: 10 տարի բերք են տալիս և չորանում: Արցախի Հանրապետությունում 3000 հեկտար այգի ենք կորցրել: Մոտ 50 000 հեկտար հացազգիների ցանքատարածություններ և 300 հա էլ խաղողի այգի ենք կորցրել, սրանց մասին ինչո՞ւ են լռում:
- Պարոն Բերբերյան, թեև այս ծրագրի արդյունավետությունը կասկածի տակ դրեցիք, բայց պետությունը լավատեսական ցուցանիշներ ունի նաև սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի դեպքում: Մեկ տարվա մեջ վարկերի քանակն աճել է ավելի քան 4 անգամ: Ձեր կարծիքով՝ վարկային ծրագիրն ի՞նչ է փոխել ֆերմերի կյանքում:
- Մի քանի օր առաջ Շիրակի մարզի գյուղացիների հետ եմ շփվել և տեղեկացնեմ, որ գյուղացիները ցածր տոկոսներով վարկերի համար հերթեր են կանգնել: Մի գյուղացուն էլ ասել են՝ գնա երկու ամիս հետո կգաս, որովհետև 20 000 դրամ վարկի ուշացում է ունեցել: Կարող եմ փաստել, որ այդ զրո տոկոս վարկերից գրեթե ոչ ոք չի օգտվել: Շատ հետաքրքիր է, թե ովքեր են դրանցից օգտվել: Ֆերմերներ կան՝ հոգնում են սպասելուց և գնում են բարձր տոկոսադրույքով վարկերից են օգտվում: Փաստորեն, գյուղացու անվան տակ բանկերին ֆինանսավորում են՝ հարստացնում, իսկ անունը դնում՝ գյուղացուն օգնեցինք:
Գյուղացիների մեծ մասն ստանում է կոմերցիոն վարկեր՝ 12 տոկոսադրույքաչափով: Գյուղացիների շատ քիչ մասն է, որ 2-3 տոկոսանոց վարկեր է ստանում, անտոկոսից ընդհանրապես չեն օգտվել: Պետք է պարզել, թե այդ անտոկոս վարկերն ում բարեկամներն են ստացել: Այդպես էլ այս պետությունը չհասկացավ, որ, եթե օգնում են գյուղացուն, ապա ծրագրերից պետք է հենց արտադրողն օգտվի:
- Նույն պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը: Բայց, ինչպես հայտնի է, ֆերմերները դժգոհում են, որ տոկոսադրույքը բարձր է: Ինչպե՞ս են ստացվել այս տվյալները:
- Գյուղերում տեխնիկայի վիճակը շատ վատ է: Լիզինգով զբաղվող ընկերությունները գերշահույթ են ստանում. բելառուսական տրակտորը 14 000 դոլարով ձեռք են բերում, իսկ այստեղ լիզինգով վաճառում 22 000-ով: Եվ այդ ընկերություններն էլ միշտ պետական տենդերները շահում են:
- Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ խաղողի մթերման գործընթացը կվերահսկվի բջջային հավելվածի միջոցով: Ըստ Ձեզ՝ խաղողի տնկարկների քարտեզագրումը, մթերողներին ուղղված սուբիդավորման ծրագիրը կօգնե՞ն, որ մթերման սեզոնն անցնցում անցնի:
- Մի քանի տարի առաջ, երբ խաղողի մթերման հարցում խնդիրներ կային, խաղողագործներն այգիները վերացրին:
Խաղողի մթերումը բջջային հավելվածով վերահսկելը, եթե նշանակում է menu.am-ի ձևաչափով աշխատել, դա առնվազն հիմարություն է: Իհարկե, քարտեզագրումը շատ լավ բան է: Այն նաև ծախսատար է՝ գումարներ մսխելու տարբերակ:
Նշեմ, որ այդ քարեզագրումը խաղողագործի կյանքում ոչինչ չի փոխելու:
Նախարարին խորհուրդ կտամ գյուղատնտեսությունը գնահատել ցանքատարածությունների և բերքատվության միջոցով: Չի կարելի քարտեզագրությունը կապել բերքատվության հետ: Ավելի լավ է այդ գումարներն ուղղեն սուբսիդավորմանը:
- Ինչպիսի՞ գյուղատնտեսական տարի եք կանխատեսում:
- Այս տարի ոռոգման ջրի խնդիր չի լինի: Թող փորձեն և սեզոնին ասեն, թե ջուր չկա: Տեղումներն առատ են եղել, ջրամբարները պետք է ջրով լեցուն լինեն: Շատ լավ տարի ենք սպասում: Միայն անհանգստացնում է ծիրանի բերքը, քանի որ այս ջերմային տատանումների պատճառով հնարավոր է, որ ծիրանի բերքը ցրտահարվի: Ցավոք սրտի, փոշոտման հետ էլ հնարավոր է խնդիրներ ունենանք, քանի որ մեղուների քանակը շեշտակի կրճատվել է:
Այս պահին Գեղարքունիքի մարզում շուրջ 1000 տոննա կաղամբի իրացման խնդիր կա, բանակցություններ ենք տանում ռուսական կողմի հետ, որպեսզի կարողանանք գյուղացիներին օգնել:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021