Սերմացու չունեն
Շիրակի մարզի Ազատան համայնքում գարնանացան ցորեն չեն ցանել՝ մարզի բնակիչներն արձագանքում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին:
Նա կոչ էր արել գյուղացիներին հնարավորության սահմաններում գարնանացան ցորեն ցանել՝ հողն անմշակ չթողնել, իսկ կառավարությունն ինչ ճար ունի, կանի:
Շիրակցիների խոսքով՝ իրենց տարածաշրջանում այլևս գարնանացան ցորեն չեն ցանում: Սերմացու չունեն:
«Սերմացու ձեռք չի բերվում: Նախկինում Գյումրու սելեկցիոն կայանում ունեինք սերմերը, հիմա չկա: Սորտերի սելեկցիա չի արվում: Գարնանացան ցորեն ուզում էինք ցանել, որովհետև արդեն գիտեք պարենային անվտանգության խնդիր կա»,- «ՉԻ»-ի հետ զրույցում պատգամավորին պատասխանեց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկլիկյանը:
Ազատանի գյուղապետի կարծիքով՝ պատգամավորի կոչն ուշացած է: Նրա կարծիքով՝ գարնանացան ցորեն մշակելու համար պետք է նախապատրաստվեին դեռ նախորդ տարվա աշնանը, հիմա ժամանակն անցել է:
«70-80 տոկոսով գարնանացանի աշխատանքներն ավարտել ենք: Դրա համար պետք է շուտ քայլեր ձեռնարկեին, որ այդ հարցը լուծվեր: Տարածքների համաչափ զարգացման ծրագիր են տանում, հարց ենք տալիս՝ ի՞նչ պետք է արվի, որ հողերը գոնե 15 տոկոսով անմշակ մնան, բայց այդ հարցի պատասխանը չկա: Ագրարարային երկրում գյուղատնտեսության նախարարություն չկա լուրջ մասնագետներով: Ուշ են արթնացել մերոնք»,- նկատեց նա:
Ցորենի ցանքատարածությունները պակասել են
Մասնագիտությամբ գյուղատնտես Վարդան Իկլիկյանի խոսքով՝ ինչքան էլ ցորեն ցանենք, միևնույն է, ինքնաբավ չենք կարող լինել:
«Միշտ ասում էինք՝ զարգացրեք հացահատիկի արտադրությունը, բայց ոչ մի շարժ չեղավ: Ասում էինք՝ էդ կոոպերատիվները չաշխատող են, դրանց հետևում միայն 2 մարդ է կանգնած, այդ սուտի բաները վերացրեք, համայնքի ղեկավարին արթնացրեք և համայնքում չմշակվող հողերի նկատմամբ լիազորություններ տվեք, որպեսզի կարողանա համայնքի ղեկավարը մասնավոր սեկտորի հողին ժամանակավորապես տիրապետի և մշակեն դրանք: Պետք է չմշակվող հողերը ոչ միայն օտարել, այլև՝ օրենքի ուժով պարտադրել, որ մշակվի»,- կարևորեց գյուղատնտեսը:
Բայց աշնանացան ցորենի ցանքատարածություններն էլ շատ չեն:
Վարդան Իկլիկյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ 10-15 տոկոսով պակաս են: Պատճառը կրկին սերմն էր և եղանակային պայմանները:
«Կառավարությունը նախկինում սերմի ծրագիր անում էր, մարզպետարանից ձեռք էինք բերում, 2 տարի է՝ չկա և սերմ չունենք: Երաշտ էր, եղանակը չոր էր, տարածք կար, որ տեխնիկան չկարողացավ մտնել և վարել»,- մանրամասնեց նա:
Այս օրերին անձրևների պատճառով Ազատանում գյուղատնտեսական աշխատանքները դանդաղել են: Այստեղ գարնանը միայն գարի են ցանել, այն էլ նախորդ տարիներից քիչ քանակությամբ: Գյուղացիները սերմ ու պարարտանյութ չունեին ցանքի համար:
Գյուղապետի խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ուշ է նաև սահմանները բացվելուն սպասող խոպանչի համագյուղացիների համար: Ասում է՝ հող մշակելը մեկ-երկու օրվա հարց չէ, պետք է նախապատրաստվել: Կորոնավիրուսի պատճառով ազատանցի տղամարդկանց 30 տոկոսը արտագնա աշխատանքի չի մեկնել: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոպանչիներին խորհուրդ էր տվել գյուղատնտեսությամբ զբաղվել:
Ինքնաբավ չենք կարող դառնալ
Հողագործությամբ քիչ են զբաղվում նաև Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում: Այստեղ էլ տղամարդիկ համաճարակի տեմպերի նվազման են սպասում, որ դրսում հաց վաստակելու գնան:
Գյուղում 40 հեկտար ցորեն են ցանել, 20 հեկտար գարի ու նույնքան էլ կերային մշակաբույսեր: Համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանը, պատասխանելով իշխանական պատգամավորին, նշեց, որ գարնանացան ցորեն ցանելն այդքան էլ հեշտ չէ: Նախ սերմացու պետք է ունենան:
«Ցորեն քիչ են ցանել: Ցորեն ցանելով չեն կարողանում եկամուտ ստանալ: Դա եկամտաբեր կուլտուրա չէ՝ մենակ ծախս են անում, դրա համար էլ հրաժարվում են ցանել»,- շեշտեց նա:
Այս տարի աշնանացան ցորենի ցանքատարածությունները կրճատվել են՝ ընդգծում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ ցորենի հարցով ինքնաբավ չենք կարող դառնալ, լավագույն դեպքում Հայաստանն իր ցորենով կարող է ապահովել 40 տոկոսով:
«Հացազգիներն ամենաէժան մշակվող կուլտուրաներն են, որը գյուղացուն քիչ է եկամուտ բերում: Բացի այդ էլ, մենք այդ հողատարածքները չունենք ինչպես Կանադան, ԱՄՆ-ն, ՌԴ, Ուկրաինան: Հացազգիների մշակությունը լինում է այն պետություններում, որտեղ մեծ ցանքատարածություններ կան: Մենք սակավահող երկիր ենք: Մեր ֆերմերն ունի մոտ 10 հեկտար հող, խոշորն էլ՝ 100»,- նկատեց փորձագետը:
Մանյա Պողոսյան