...

Առատ ծիրան կունենա՞նք

Առատ ծիրան կունենա՞նք

Անձրևը լավ չի

Արարատյան դաշտի որոշ հատվածներում արդեն ծաղկել են ծիրանը, վաղահաս կեռասն ու դեղձը:

Արարատի մարզի Արմաշ համայնքում ծիրանենին առաջինն է ծաղկում: Այստեղ արդեն բողբոջները 90 տոկոսով բացվել են:

Մոտ 500 հեկտար ծիրանի այգի կա Արմաշում՝ «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Համայնքի ղեկավար Հակոբ Զեյնալյանը: Լավ բերք են սպասում, եթե անձրևներն ու ցուրտը չխանգարեն:

Վաղահաս ծիրանի ակտիվ ծաղկումը սկսվել է նաև Մասիսի, Էջմիածնի, Արմավիրի շրջաններում, ինչպես նաև Երևանի որոշ վարչական շրջաններում:

«Ցրտահարության վտանգ այս պահին չկա»,- ասում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը

Մտահոգությունն այս պահին տեղացող անձրևներն են, որոնց հետևանքով կարող է բերքատվության ցուցանիշը նվազել:

«Այդքան էլ լավ չեն այս շրջանում անձրևները, ինչքան անձրևները շատ լինեն, այնքան փոշոտումը քիչ կլինի: Բերքը բարձր չի լինի, որովհետև մեղուն այս պահին չի աշխատում: Բազմիցս ասացինք, որ մեղվաբուծությունը կարևորագույն ուղղություն է, որը պետք է զարգացնել: Առանց մեղու պտուղ չի լինում: Փոշոտումը պարտադիր է, որը հիմա չկա: Մեղվաբուծության կարևորության մասին հայտնել ենք կառավարությանը, բայց ձայն բարբառո անապատի»,- նկատում է գյուղատնտեսը:

Իսկ ցրտահարության ռիսկը սովորաբար բարձր է լինում մարտի վերջին և ապրիլի առաջին տասնօրյակին:
Եթե այդ ժամանակաշրջանում ցրտեր չլինեն, ծիրանի բերք կունենանք: Մասնագետի կանխատեսմամբ՝ անցյալ տարվա նման ծիրան չենք ունենա, բայց շատ քիչ էլ չի լինի:

«Միջին բերք կունենանք: Ռեկորդային բերք չի լինի, սակայն, կունենանք կայուն բերք»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Ցնցումներ կլինեն

Նրա խոսքով՝ խնդիրներ կան հացահատիկային մշակաբույսերի հարցում: Գյուղացին այսօր սերմացուի խնդիր ունի:

«Կառավարությունը ոչինչ չարեց, որ հացազգիների վիճակը բարելավի: Այսօր գյուղատնտեսությունն ինքնահոսի է թողնված: Ցորենի ու գարու սերմացուի տրամադրման հարցով կառավարությունն էր զբաղվում, այս տարի այս հարցով արդեն խնդիրներ կան»,- մատնանշեց նա:

Ի դեպ, երեկ գարնանացանի խնդրի հետ կապված հարցը Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորին հետաքրքրում էր՝ կառավարության մակարդակով քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թե՞ ոչ։ Վարչապետն էլ արձագանքել էր.

«Այդ պարագայում էլ գյուղացին պիտի հարցնի՝ ցանե՞նք թե՞ չցանենք։ Ինչ վերաբերում է սերմացուին, այս պահին ես պատրաստ չեմ այդ հարցին որևէ պատասխան տալ, որովհետև մեր քաղաքականությունը վերջին տարվա ընթացքում եղել է հետևյալը՝ ֆինանսավորում ենք գյուղացուն, նա ինքն է որոշում՝ ումից սերմ առնի, որ սերմն է ավելի լավը։ Նախորդ անգամ խոսեցինք, որ պետական ծրագրով սերմացու, վառելիք և տարբեր բաներ տալ չի լինելու, պատմություններ ունենք, որ այդ ծրագրերը չարաշահում են»:

Հացահատիկի ճակատագրից բացի, Հրաչ Բերբերյանին անհանգստացնում է հատկապես Շիրակի մարզում ոռոգման ջրի հարցը: Ասում է՝ այդ տարածաշրջանում ցնցումներ են սպասվում:

«Արփի լճի ջրամբարը դատարկ է: Մի խելոք փականները բացել է, գնացել լցվել է Ախուրյան: Արփի լճի ջրի 90 տոկոսն այդ տարածաշրջանում ոռոգման նպատակով էր օգտագործվում»,- եզրափակեց նա:

Նշենք, որ առաջիկա օրերին սպասվում են ջերմաստիճանի նվազում և տեղումներ: Արարատյան դաշտում ծիրանի ծաղկման վերաբերյալ ԱԻՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ