«ՉԻ» զրուցակիցն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը
- Պարոն Բերբերյան, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով զրո տոկոսով վարկեր է տրամադրվում ֆերմերներին` արտոնյալ մարման ժամկետով: Արդյոք այս ծրագիրը կանաչ լույս կվառի՞ գյուղատնտեսությամբ զբաղվողների առաջ:
- Կառավարությունը պետք է վարկավորման ծրագիրը քննարկեր ոչ թե մարտ-ապրիլ ամիսներին, այլ՝ հունվարին, որովհետև Հայաստանում գյուղատնտեսական աշխատանքներն սկսվում են մարտի սկզբից: Գյուղացին այդ ժամանակ պետք է գումար ունենա սերմացու, դիզվառելիք, պարարտանյութ ձեռք բերելու համար: Արարատյան դաշտում բնակիչների համար այդ վարկերը 2-3 ամիս ուշացումով են, իսկ մյուս մարզերի համար՝ մեկ: Երկրորդ՝ բանկերն առաջվա պես պահանջում են փաստաթղթեր, երաշխիքներ, հետո գրավների արժեքներն իջեցնում են՝ դարձնելով կոպեկներ: Ստեղծում են քաշքշուկներ, ամեն ինչ անում են, որ գյուղացին վարկ չստանա: Ինչի հետևանքով ունենք բանկերում հերթեր: Այդ վարկերի համար դիմողներից մոտ 20 տոկոսն է ստացել: Մնացածները հերթագրված սպասում են: Բազմիցս կառավարությանն ասել ենք, որ գյուղացու անվան տակ բանկերին հարստացնում եք: Վիզ դրած հարստացնում են բանկերին՝ փոխանակ այդ վարկերը, սուբսիդիաները տրամադրեին գյուղացուն՝ մեկ հեկտարի հաշվարկով:
- ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը գարնանացանին ընդառաջ գյուղացիներին կոչ արեց այս տարի ոչ մի թիզ հող անմշակ չթողնել, խնդիր ունենալու դեպքում դիմել իրենց: Ի՞նչ եք կարծում, հայտարարությունը չպե՞տք է ուղեկցվեր կոնկրետ առաջարկով՝ ինչպես Վրաստանն արեց ոռոգման ջուրն անվճար դարձնելով:
- Ով է դա (նկատի ունի Վարազդատ Կարապետյանին): Ինչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը գյուղատնտեսության հետ: Իրենք ինչ քայլեր են արել, որ գյուղացին ժամանակին վարկերը ստանա: Բացի խանգարելը ուրիշ բան չեն արել: Ամեն ինչ արել են, որ գյուղացիական կազմակերպությունները դրսից սերմացու չստանան: Օրենք են ընդունել, որ դրանով միայն առևտրային կազմակերպությունները կարող են զբաղվել: Այսօր մաքսայինը ստիպում է ֆերմերային կազմակերպություններին դառնալ առևտրային կազմակերպություն, նոր միայն կարող են մաքսազերծում անել: Այդ մարդիկ դեռ իրավունք ունե՞ն գյուղացու անունից խոսել: Մենք այս հարցով դատարան ենք դիմելու, փաստաթղթերն արդեն պատրաստման փուլում են: Այդ օրենքը գաղտնի են ընդունել, քննարկման չի դրվել և անօրինական է: Ընդունված օրենքի համաձայն՝ գյուղացիական հասարակական կազմակերպությունները, եթե ուզում են դրսից սերմացու բերել, չեն կարող մաքսազերծել: Պետք է վերափոխվեն, դառնան առևտրային կազմակերպություն: Տարբերություն են փորձում մտցնել, որ մի կազմակերպությունը կարող է ապրանք բերել, մյուսը՝ ոչ: Չեմ հասկանում այդպես են արել, որ իրենց կազմակերպություններն աշխատե՞ն:
- Ոռոգման ջրի հարցը գյուղատնտեսության ամենամեծ խնդիրներից մեկն է: Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ նշեց, որ եղած ոռոգման ջրով կարելի է ավելի շատ հող մշակել: Ի՞նչ եք կարծում, խնդիրը ջո՞ւրն է, թե՞ աշխատանքի ճիշտ կազմակերպումը:
- Տեսականորեն վարչապետը ճիշտ է: Գործնականում այդպես չի կարող լինել, որովհետև այսպես թե այնպես ամեն մշակաբույս իր ոռոգման ջրի պահանջն ունի: Ցավոք սրտի, դրա մասին վարչապետին չեն ասում, որ, օրինակ, կարտոֆիլին 3-4 անգամ ջուր պետք է տալ, լոլիկին 7 անգամ է ջուր անհրաժեշտ: Ջրային կոմիտեն արհեստականորեն ուռճացրել է նորմատիվները, որևէ մեկի հետ չի համաձայնեցրել: Ավելի շատ գումարներ են հավաքել, քան թե դրա դիմաց գյուղացին ջուր է ստացել: Վարչապետը, երբ եկավ իշխանության, շատ լավ հայտարարություն արեց, որ բարեփոխումներ են պետք: Սկսեց ջրային կոմիտեից: Ջրային կոմիտեում 5-6 տնօրեն փոխվեց, բայց մեկը մեկից անգրագետ: Դա բարեփոխո՞ւմ է կոչվում: Բարեփոխումը մրցունակությունն է, որ պետք է մտցնեին ոռոգման ջրի շուկայում, ինչը չեն կատարում և հիմա մոնոպոլ ենք:
- Փաշինյանն, ամփոփելով մարզ կատարած այցը, նշել էր, որ գյուղատնտեսության ոլորտում մեկ խնդիր ունենք՝ գիտելիք և այսօր պետք է այս ոլորտում մտածողություն փոխել: Իսկապե՞ս ֆերմերն իր գործը չգիտի:
- Ճիշտ է ասում պարոն վարչապետը: Պետք է գիտելիքներ ունենան, բայց առաջին հերթին կառավարությունում: Ցավոք, այն մասնագետները, որոնք կառավարությունում իր կողքը կանգնած են, ինձ մոտ անգամ ցրիչ չեն աշխատի: Մի հատ թող կառավարությունը տեսքի բերի, հետո գյուղացու մասին կխոսենք: Մենք Հանրային հեռուստատեսությամբ ունեինք «Ագրոժամ» ծրագիրը, բայց այսօր գյուղացին Հ1 չի նայում: Այդ հաղորդումը կարող էին օգտագործել և գյուղացուն խորհուրդներ տալ: Ունենք գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, մարզպետարանի գյուղատնտեսության վարչություններ, որոնք պետք է խորհրդատվություն տան, բայց չեն անում: Մտածողության փոփոխությունն առաջինը պետք է կառավարությունից սկսել:
- Վարչապետն ասաց, որ գյուղացին մինչև այն պայմաններում չաշխատի, որ կոկիկ հագնվի ու գնա իր այգին մշակելու, բարեկեցիկ կյանք չի ունենալու: Այս արտահայտությունը շատ քննադատվեց: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
- Սմոքինգ էլ կհագնի, եթե պետական ապարատը լավ աշխատի:
- Այս ոլորտում ի՞նչ քայլեր պետք է անել, որ հեղափոխություն լինի:
- Բարեփոխումների պետք է գնալ: Ոռոգման համակարգը մոնոպոլ է, պետք է կոտրել: Պետք է հասկանանք, թե մեր երկիրն ուր ենք տանում: Մենք կառավարություն ենք ներկայացրել հացազգիների ցանքատարածությունների ավելացման մեթոդաբանությունը: 120 000 հեկտար ցորենի ցանքատարածությունից դարձել ենք 60 000: 3-4 տարում կվերականգնենք ցանքատարածությունները: Առաջարկ ենք ներկայացրել: Գարու մշակության ավելացման ծրագիր էլ ենք արել: Կօգնի կառավարությունը, մենք կանենք: Մեր կազմակերպությունն ասել է՝ անտոկոս վարկ տվեք, մենք մեր ասածները կկատարենք: Ամենակարևորը գիտելիք է պետք՝ տգետների հետ երկիր չեն կառուցում:
- Անդրադառնանք այս տարվա սպասվող բերքատվության ցուցանիշներին: Ծիրանն առատ կլինի՞:
- Սպասվում է միջին բերք: Տևական անձրևներն առաջացրին սնկային հիվանդություններ: Լավ փոշոտում չեղավ, որն էլ ազդեց բերքատվության ցուցանիշի վրա:
- Անցյալ տարի գյուղատնտեսության ոլորտում անկում գրանցվեց: Նախնական տվյալներով, այս տարի ի՞նչ պատկեր կունենանք:
- Անցյալ տարվանից մի փոքր էլ վատ վիճակ կլինի: Անկում էլի կունենանք:
- Պատճառը ո՞րն է:
- Ծիրանի բերքն անցյալ տարվա համեմատ քիչ կլինի: Դեղձն էլ քիչ կլինի: Այդպես էլ մորմազգիների ցեցի դեմ չպայքարեցին, լոլիկի բերքը մի քիչ կպակասի: Էլի ամբողջ ամառ կուտենք ջերմոցի լոլիկ, բաց դաշտի լոլիկ չենք ունենա: Եթե գազի գինն էլ բարձրացավ, ջերմոցային տնտեսությունները կխեղճանան: Տավարի մսի գինն արդեն 4000 դրամ է դարձել, որովհետև արոտ են բարձրացել: Անցյալ տարվա համեմատ մոտ 500 դրամով միսը թանկացել է: Այս տարի անասնակերի պակասի պատճառով գյուղացին մինչև գարուն անասուններին դանակի տակ դրեց:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020