...

Պետությունը հարուստին ավելի է հարստացնում

Պետությունը հարուստին ավելի է հարստացնում

«Յաշիկ» մեքենա ունեցողին անտոկոս վարկ են տալիս, մեզ՝ ոչ

Անտոկոս վարկերից գյուղացիների մեծ մասը չի կարողանում օգտվել: Պետության կողմից սուբսիդավորվող վարկային ծրագրի մեկնարկից հետո շարունակվում են բողոքներ հնչել:

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչ, ֆերմեր Արմեն Հարությունյանը ցանկանում է անտոկոս վարկ ձեռք բերել և տնտեսությունը զարգացնել: Բանկը, սակայն, 15 տարվա վարկառուին սուբսիդավորված վարկ չի տալիս: «ՉԻ»-ի հետ զրույցում ֆերմերը դժգոհում է, որ նոր վարկային ծրագիրն ունևորների համար է:

«Մենք հեղափոխության ժամանակ շուկա դուրս չենք եկել՝ ճանապարհները փակ էին և չկարողացանք վարկերը տալ: Ամբողջ կյանքս պարտաճանաչ եմ եղել, միայն այդ ամիսներին չեմ կարողացել վարկ մուծել, որովհետև բերքը չենք վաճառել, վարկն ուշացումով եմ մուծել, ինձ ասում են՝ քեզ վարկ չի հասնում: Ահագին գործեր ունեմ անելու՝ ծրագիրը կազմել եմ, տարածքն ունեմ, աշխատող մարդիկ ենք, կարող ենք ինչ-որ բան անել, ուզում եմ օգտվել այդ վարկից, բայց ուր գնում ենք, չեն տալիս: Ասում են՝ պետք է աշխատավարձ ստանաս, վարկի ուշացումներ չունենաս: Պետք է ԱՁ ունենաս, ուրիշ տեղից եկամուտ ունենաս, տանը 2 հոգի գրանցված աշխատող լինեն: Սովորական մարդիկ ենք, ուզում ենք մի քիչ աշխատենք, առաջ գնանք, բայց հարուստը, որ վարկ է ուզում՝ պետությունը տալիս է: Բանկի մոտ կանգնած տեսնում եմ, որ մարդիկ «յաշիկ» մեքենայով գալիս, անտոկոս վարկ են ստանում, մեզ չեն տալիս»,- սրտնեղում է մեր զրուցակիցը:

Արմենի հետ նաև ընկերն է բանկի դռները թակում, որն ուզում է ապակյա ջերմատուն կառուցել: Պարտաճանաչ վարկառու է եղել, նույն պատճառաբանություններով բանկը նրան էլ է մերժում:

Նկատում է՝ պետության կողմից սուբսիդավորված վարկերի միջոցով հարուստն ավելի է հարստանում հենց կառավարության աջակցությամբ, իսկ աղքատն էլ՝ ավելի աղքատանում:

Երիտասարդ գյուղատնտեսը ջերմոցում գյուղմթերք է աճեցնում: Ապրանքն էլ շուկաներում է իրացնում՝ մթերման ենթակա լոլիկ չունի:

Այս տարի վաճառքից դժգոհ չէ: Կորոնավիրուսով պայմանավորված դրսից՝ մասնավորապես Թուրքիայից և Պարսկաստանից, գյուղմթերք չի ներկրվել և տեղական արտադրողը խնդրի առաջ չի կանգնել:

«Նախորդ տարիներին թուրքական լոլիկը բերում էին շուկան լցնում, հետո հայկականի անվան տակ ՌԴ արտահանում: Այս տարի չկարողացան նման բան անել»,- նշեց գյուղատնտեսը:

Նրան անհանգստացնում է նաև գազի սակագնի բարձրացումը: Արտադրողների, ջերմոցային տնտեսությունների համար գազը թանկանում է, ինչը ջերմոցատերերին փակուղու առաջ է կանգնեցնելու՝ կրճատելով գյուղմթերքի արտադրության ծավալները:

«Գազի գինն այն ժամանակ բարձրացրին, սկսեցի չվառել, իջեցրին՝ վառեցի, հիմա էլ եմ նույնն անելու՝ շատ կավելացնեն, չեմ վառի: Ջերմատունը ձմռանը չենք մշակի, գարնան կողմ ծածկոցներով բույս կաճեցնենք, որ գազից չօգտվենք»,- հավելեց Հովտաշատի բնակիչը:

Ոռոգման ջուր չունեն

Անելանելի վիճակում են նաև վարկերով հողագործությամբ զբաղվողները: Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի բնակիչներից շատերը վարկերով այս տարի ավելացրել են լոլիկի ցանքատարածությունները և այսօր խնդրի առաջ կանգնել՝ ոռոգման ջրի պատճառով: Գյուղացիներն այս սեզոնին մոտ 10 հեկտարով ավելի շատ են լոլիկ մշակել՝ ցանքատարածությունները 100 հա դարձնելով: Բերքն առատ չէ ոչ միայն ջրի պատճառով. գարնանային անձրևներն ազդել են բերքատվության ցուցանիշի վրա:

Օրեր առաջ ոռոգման ջուր չլինելու պատճառով բողոքի ակցիա են արել: Համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը վստահեցնում է՝ ջրի հարցն արդեն կարգավորման փուլում է:

«Օգոստոսին միշտ էլ այսպես է լինում: Հատվածներ կան, որտեղ ջուրը լավ է՝ արտեզյան հորերի հատվածներն են, որոնք աշխատում են պոմպերով, իսկ որտեղ օգտվում են ստորին Հրազդանի ջրանցքից, ոռոգման ջրի խնդիր կա: Ստորին Հրազդանի ջրանցքի ամենավերջին հատվածը մեր գյուղն է. ջուր չի հասնում: Հերթ պահելով մարդիկ ոռոգում են: Սև ջուր պոմպակայանում ջուր չկա, աղբյուրներից քիչ է ջուրը դուրս գալիս, այնպես չէ, որ ջուր կա ու չեն տալիս»,- մանրամասնեց գյուղապետը:

Անորոշություն՝ մթերմանն ընդառաջ

Ակնալճեցիները լոլիկի մթերման համար արդեն պայմանագրեր են կնքում ՄԱՊ ընկերության հետ: Գյուղացու սիրտը, սակայն, կախ է, որովհետև գործարանը չի հայտնել մթերման գումարի վճարման ժամկետը:

«Չգիտեմ՝ մթերման գումարը կանխիկ կլինի՞, թե՞ մինչև տարեվերջ կվճարեն: Անցյալ տարի հանձնել ենք և ժամանակին գումարը ստացել: Այս տարվա գումարի վճարման գործընթացը կախված կլինի նրանից, թե կառավարությունը սուբսիդավորում կտա՞ վերամշակող ընկերությանը, թե՝ ոչ»,- ասաց Գևորգ Միսակյանը:

«Արտֆուդ» ընկերությունն արդեն սկսել է լոլիկի ընդունումը: Մթերման գինն այս տարի ևս չի փոխել, հողագործից լոլիկ կգնի կիլոգրամը 40 դրամով:

Ֆերմերների մեծ մասը, սակայն չի ցանկանում վերամշակող ընկերությունների հետ աշխատել: Պատճառը մթերման էժան գինն է: Բողոքում են, որ ամբողջ տարին չարչարվում են, բայց գնորդ ընկերություններն իրենցից շատ են վաստակում:

«Չենք մթերում, 30-40 դրամով ի՞նչ մթերենք: Փողն էլ կանխիկ չեն տալիս՝ 6 ամսվա ընթացքում: 40 դրամը ձեռառնոցի է, էդքան չարչարվել ենք, պարարտանյութ ենք առել ու ջրի գնով հանձնում ենք: Էդ գումարը մեր ներդրած ոչ մի ծախսը չի հանում: Մթերման գինը պետք է 40 դրամից ավել լինի, որ կարողանանք մշակման ծախսերը հանել: Լոլիկն այն բանջարեղենը չէ, որ ցանես ու առանց մշակելու աճի: Օրինակ՝ տզի դեմ սրսկելու համար 1 լիտր դեղը 46 հազար դրամով ենք գնում, պատկերացնո՞ւմ եք դա ինչ թիվ է, ու ստացած լոլիկը հանձնենք 40 դրամո՞վ»,- վրդովվեց Արարատի մարզի Բերդիկ համայնքի բնակիչ Հակոբ Բաղդասարյանը:

Գյուղացիները նախորդ տարիներին 33 դրամով «Նոյան» ընկերությանն են լոլիկ հանձնել, իսկ 32-ով՝ Պռոշյանի գործարանին:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ