...

Կառավարության ծրագրերը ունևոր գյուղացիներին են ծառայում

Կառավարության ծրագրերը ունևոր գյուղացիներին են ծառայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին: Կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ներկայացրել ոլորտի ռազմավարությունը:

Կոոպերատիվների արդյունավետության, արտոնյալ վարկերի և խելացի գյուղատնտեսության հեռանկարի մասին «ՉԻ»-ն զրուցել է «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ:

- Պարոն Սեդրակյան, վարչապետը հայտարարեց, որ դրական վարկային պատմություն ունեցողների գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացնեն, եթե նրանք օգտվեն կառավարության կողմից ներկայացված ծրագրերից: Արդյո՞ք սա կխթանի գյուղոլորտի զարգացումը:

- Ուրախ եմ, որ վարչապետը վերջապես ուշադրություն դարձրեց գյուղատնտեսությանը, որովհետև ի՞նչ է նշանակում գյուղնախարարությունը փակել: Տարիներ շարունակ գյուղատնտեսությունը եղել է երկրի զարգացման հիմնական ճյուղերից մեկը: ՀՆԱ-ի 20 տոկոսն է գյուղատնտեսությունը տվել, և անտեսել այն ես համարում եմ մեծագույն սխալ: Ես չգիտեմ, թե ովքեր են եղել իր խորհրդատուները, որ լավ խորհուրդ չեն տվել, հիմա զգում եմ, որ լավ տրամադրվածություն ունի: Տարիներ շարունակ ասել եմ, որ պարենային անվտանգության հարց կա: Մենք պետք է լոլիկը, սոխը, սխտորը և այլ գյուղմթերք չներկրենք: Կորոնավիրուսը մեզ ստիպեց, որ մեր հույսը միայն տեղական արտադրությունն է: Նոր են գլխի ընկել, որ պետք է տեղական արտադրությանը զարկ տան՝ օգնելով գյուղացուն: Շատ լավ է, որ նոր ծրագրերի համար վարկային տոկոսներն իջել են: Բայց այստեղ մի այսպիսի հարց կա՝ վարկը կառավարությունը չի տալիս, այն բանկն է տալիս, իսկ բանկը վարկի դիմաց գրավ է ուզում: Միևնույն է գյուղացուն կասեն՝ ինչ ես գրավ դնում: Վարկային գումարի չափը 3-15 միլիոն է: Գյուղացին այդքան գումար չունի: Օրինակ՝ Խելացի անասնագոմից, կաթիլային ոռոգման համակարգից օգտվելու համար մի քանի միլիոն է պետք, մի երկու այդքան գումար էլ գրավի համար է պետք, որ վարկ վերցնի: Գյուղացին չունի այդ գումարը: Ճիշտ է՝ պետությունը 50-70 տոկոսի չափով աջակցում է, բայց սկզբի համար գումար չունի: Դա նշանակում է, որ այդ ծրագրերը ունևոր գյուղացիներին են ծառայում, կոպիտ ասած՝ հարուստին ավելի են հարստացնում:

- Իսկ վարկային վատ պատմություն ունեցողներին կառավարությունն առաջարկում է միավորվել՝ գյուղկոոպերատիվ ձևավորել: Նախորդ կառավարությունը նույնպես ասում էր՝ կոոպերատիվները գյուղատնտեսության ապագան են: Ի՞նչ եք կարծում, գործող կոոպերատիվներն իրենց արդարացրել են, որ կրկին նույն մեթոդին են դիմում:

- Հեշտ գործ չէ միավորվելը: Սովետական ժամանակներում կար երկու իշխանություն՝ գյուղսովետ և կոլխոզ: Կոոպերատիվը եկել է կոլխոզին կամ սովխոզին փոխարինելու: Կոլխոզը կամ սովխոզը կոոպերատիվի մի ուրիշ տեսակ են: Կոլխոզներն ավելի հզոր էին, քան գյուղսովետը: Համաշխարհային բանկի ծրագրերով գյուղնախարարության ԾԻԳ-ը տարիներ շարունակ ստացել է վարկային բաղադրիչներ՝ գյուղում կոոպերատիվներ ձևավորելու համար: Այսօր կան կոոպերատիվներ, որոնց ձևավորման համար բյուջեի 80-85 տոկոսը տալիս էր Համաշխարհային բանկը, 15 տոկոսը՝ համայնքը: Համայնքը գյուղացուն ասում էր՝ փող դրեք, գյուղացին ասում էր՝ փող չունեմ: Գյուղապետը համայնքի բյուջեից փող էր դնում, հետո իր ուզած մարդուն դնում կոոպերատիվի նախագահ: Ծրագրի համար ստացած տեխնիկան բերում էր իրանց դուռը կանգնեցնում: Կոոպերատիվը պետք է անկախ լինի: Գաղափարը շատ լավն է, բայց կոոպերատիվը մեզ մոտ չի աշխատում: Մի քանի հոգի իրենց հողերը պայմանականորեն միավորում են, հողակտորը մեծանում է, միանգամից վարում են, ծախսերը քչանում են, հետևաբար, ստացված գյուղմթերքի ինքնարժեքը նվազում է՝ բերելով վաճառքի գնի էժանացմանը:

- Ըստ նոր ծրագրի՝ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում կլինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ՝ մենեջերներ: Արդյո՞ք հմուտ կառավարչից է կախված կոոպերատիվի արդյունավետությունը:

- Ի՞նչ է նշանակում մենեջեր: Կոլխոզի նախագահը մենեջեր էր: Կոլխոզնիկներն իրենք էին նախագահ ընտրում: Վերջին տարիներին, սակայն, ռայկոմները քթները խոթել էին կոոպերատիվների մեջ և փողով ինչ-որ մեկին էին նշանակում: Դրա համար կոլխոզները փչացան: Գյուղացիները պետք է վստահություն ունենան այդ մենեջերի նկատմամբ: Ես չգիտեմ, թե ինչ ձևով են ընտրել: Մենեջերը պետք է լինի վստահելի մարդ՝ չթալանի և այլն: Միացնելը լավ է, բայց արդյոք կհամաձայնվեն գյուղացիները: Այս տարիներին գյուղացիները շատ են խաբվել, այլևս վստահություն չունեն: Եղել է ժամանակ, որ գյուղացին 25 տոկոսով է վարկ վերցրել, հիմա զրո տոկոսի է իջել, բայց նախ գյուղացիները պարտքերի մեջ են խրված, վերցնող էլ չկա: Գյուղնախարարությունը նախկինում էլ աշխատում էր օլիգարխիայի համար: 

- Ստացվում է՝ պայմանները կրկին ունևորների համա՞ր են:

- Ձեզ գալիս են ասում՝ 50000 դոլարանոց մեքենան վաճառվում է 10000-ով: Եթե դուք փող չունեք, ձեզ համար արժեքն էլ նշանակություն չունի:

- Բայց հիմա պետությունը մի շարք ծրագրերով աջակցում է գյուղացուն, օրինակ՝ Խելացի անասնաֆերմա ծրագրով:

- 3 տարբերակ կա՝ տարբեր արժողությամբ, գյուղացին այդքան գումար չունի, այդ գոմը ո՞նց սարքի:

- Գյուղատնտեսական աշխատանքներն սկսվել են: Կրկին գյուղտեխնիկայի, սերմացուի, դիզվառելիքի հարց են բարձրացնում, բայց չէ՞ որ դեռ նախորդ իշխանության ժամանակ արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկա կարող էին ձեռք բերել:

- Գյուղացիները նախ բարձրաձայնեցին ցեցի խնդիրը, դրա դեմ պետք է միջոցառումներ ձեռնարկել: Բերեցին լղոզված մի բան արեցին: Գյուղտեխնիկայի հարցը լուրջ է: Նախկին իշխանությունը ծրագիր էր դրել՝ լիզինգով գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Դա թանկ է, աղքատ գյուղացին այն չի կարող վերցնել: Սեփական հողերը քիչ են, իմաստ չունի քչի համար թանկ տեխնիկա գնել: Այդ ծրագրով շատ քիչ տեխնիկա է գնվել: Աղքատ գյուղացիների համար նախատեսվում էր ստեղծել գյուղտեխնիկայի կայան: Պիլոտային ծրագիր էր նախատեսվում, բայց՝ չեղավ: Ներկան դրա մասին չունի էլ գրած:

- Ըստ Ձեզ՝ խելացի գյուղատնտեսության զարգացմամբ լավ արդյունք կգրանցե՞նք:

- Հալվա ասելով բերանը չի քաղցրանա: Ինչ ուզում ես անունը դիր: Գյուղոլորտում պետք է լավ կադրեր լինեն: Կադրային ջարդ արեցին, անփորձ ջահելների բերեցին: Իրենք էլ են ասում, որ մասնագետ չունեն:  

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ