...

Ցորենի արտադրության ծրագիրն անհուսալի է

Ցորենի արտադրության ծրագիրն անհուսալի է

Գյուղատնտեսության ոլորտում աճ է գրանցվել

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` թեև համավարակի պատճառով առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,7 տոկոսով, այդուհանդերձ, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 1,7 տոկոս աճ։

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին չի հավատում: Նրա համոզմամբ՝ այդ կառույցը շարունակում է նկարչությամբ զբաղվել:

Սարգիս Սեդրակյանի դիտարկմամբ՝ պտղի վիճակն այս տարի վատ է եղել: Հացահատիկի և կորիզավոր պտուղների բերքը սպասվածից ցածր է եղել ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հանրապետության բարձրադիր վայրերում:

Գարնանային անձրևները ազդել են մրգատու ծառատեսակների բերքատվության վրա՝ ցուցանիշը գոհացուցիչ չէ:

«Գյուղատնտեսության ոլորտում ոչ մի աճ էլ չի եղել: Պտղի վիճակն է վատ: Բանջարեղենը լավ է բավականին»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց նա:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը բոլոր երկրներին զգուշացրել է, որ կորոնավիրուսի պատճառով պետությունները կարող են փակել իրենց սահմանները և գյուղատնտեսական ապրանքներ այլ երկրներից չներմուծվի: Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա իր պարենային անվտանգության հարցը լուծել՝ գյուղատնտեսության արտադրությունը զարգացնելով: Սեդրակյանի խոսքով՝ մեր երկրում այս ուղղությամբ հստակ քայլեր չեն արվում:

Մեր դիտարկմանը, որ հաստատվել է աշնանացան ցորենի արտադրությունը խթանող պետական աջակցության պիլոտային ծրագիրը՝ նա նշեց, որ այս հարցում էլ պետք է հստակ ռազմավարություն, քանի որ նույն բարձր կարգի սերմացուն մեր հողերում հնարավոր է՝ լավ արդյունք չտա: Ցորենի հարցով երբեք ինքնաբավ չենք եղել: Արցախում աճեցրած ցորենի հետ միասին կարող ենք պահանջարկի 75 տոկոսը միայն լրացնել:

Նախատեսվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող աշնանացան ցորենի էլիտա 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ:

Սերմացուի որակը պետք է ստուգվի

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը, սակայն, թերահավատորեն է մոտենում ծրագրին՝ նախկին փորձից ելնելով: Հիշեցնում է՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ժամանակ էլ ՌԴ-ից բարձրորակ ցորենի սերմացու ներկրեցին գյուղացիների համար: Էլիտար սերմը 15 հեկտար հողատարածք ունեցող ֆերմերներին բաշխեցին՝ պայմանով, որ բերքահավաքից հետո 1 կգ-ի փոխարեն 2-ն են պետությանը հանձնում:

«Դրանից հետո, առաջին վերարտադրության ցորենը տվեցին այլ ֆերմերների՝ Արարատյանի դաշտի բնակիչներին, Արագածոտնի մարզին: Որոշ ժամանակ հետո գյուղացիները սկսեցին դժգոհել: Պարզվեց, որ գյուղացիներին բաժանել են ոչ թե էլիտարից ստացված սերմը, այլ՝ ինչ զիբիլ ձեռքներն ընկել է, լավ որակի անվան տակ տվել են ֆերմերներին»,- նշեց նա:

Որպեսզի նման խնդրի առաջ չկանգնեք և համոզված լինենք, որ ներկրված սերմը հայկական հողերում բարձր բերք կտա, Սեդրակյանի խոսքով, պետք է սերմացուի որակը ստուգվի:

«Կային ՊՈԱԿ-ներ, որտեղ ներկրված սերմացուի լաբորատոր հետազոտություններ էին անում: Հետո փորձարկում էին, տեսնեն՝ ինչ արդյունք կստացվի, որից հետո երաշխավորում էին, որ ֆերմերները ցանեն: Մի մասը նախկին, մյուս մասը ներկայիս իշխանություններն այդ ՊՈԱԿ-ները ոչնչացրեցին: Սերմը, որ վերցնում ես ձեռքդ, չի երևում, դա լավ բերք կտա, թե՝ ոչ: Նույն սերմը կարող է ՌԴ-ում լավ բերք տալ, բայց մեր երկրում՝ մեր հողում, կլիմայական պայմաններում, լավ բերք չտալ: Նման փորձ էլ ունենք: Ամերիկյան կազմակերպություն կար, անկախությունից հետո եկան օգնելու Հայաստանի գյուղատնտեսությանը: Սերմեր ցանեցին Շիրակում: Առաջին մի քանի տարում բերք չստացան: Ասում էին՝ լավ ցորենի սերմ է, բայց մեր պայմաններում իրեն չարդարացրեց»,- պատմեց նա:

Գյուղտեխնիկայի պատճառով բերքի կորուստ է լինում

Սարգիս Սեդրակյանը դեռ չի մոռացել հայրենի գյուղում թխվող հացի անուշ բույրը: Ասում է՝ այսօր ոչ մի հաց նման հոտ չունի: Իսկ պատճառը ցորենի որակն է:

«Երբ այդ ցորենից հաց էին թխում, մի քանի մետրից հացի բույրը գալիս էր, հիմա քիթդ մտցնում ես թոնրի մեջ, հոտ չկա: Որովհետև քանդեցին սերմաբուծական կայանները: Պետք է զարգացնենք մեր սերմաբուծական կայանները: Հիմա որտեղից պատահում է, սերմ են բերում»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Նկատում է՝ եթե ուզում են ցորենի արտադրությունը զարգացնել, պետք է նաև տեխնիկայի հարցը լուծել, քանի որ այսօր գյուղտեխնիկայի խնդիր ունենք: Հնամաշ կոմբայների պատճառով հնձի ժամանակ հացահատիկի կորուստ ենք ունենում:

«Հին, մաշված կոմբայներ են, որ շարժվում են, մտածում ես՝ հեսա մասերը հառ առ հատ կթափվեն: Հին տեխնիկայով ահռելի կորուստներ ենք ունենում: Գյուղատնտեսության ոլորտում ես հեղափոխությունը պատկերացնում էի մեքենայատրակտորային համակարգի բարելավմամբ, բայց այսօր գյուղտեխնիկա չկա»,- նշեց փորձագետը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1272 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ