...

Աջակցությունից դուրս են մնացել

Աջակցությունից դուրս են մնացել

Դասակարգիչներին չեն համապատասխանում 

Առողջարանները դուրս են մնացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության կողմից սահմանված աջակցության ծրագրերից: Իսկ առողջարանները արտակարգ դրություն հայտարարվելուց հետո չեն գործում: Ջերմուկ քաղաքում գործող առողջարանային համալիրները չեն աշխատում:

Իսկ «Արզնի» առողջարանային համալիրը դռները հանգստացողների առջև փակել է ապրիլին:

Ընդունարանի աշխատակիցը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատճառը հանգստացողների քիչ թիվը չէ: Այցելուներ ունեն, սակայն, վարակի տարածումը կանխելու նպատակով աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել են:

«Աշխատողների մի մասն է գալիս հերթափոխով աշխատելու, մյուս մասն արձակուրդում են: Վիրուսի պատճառով մեր ոլորտն էլ բավականին տուժեց»,- նշեց նա:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ խնդիրը պետք է շուտափույթ կարգավորել:

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ առողջարանն առանձնահատուկ հյուրանոցային ծառայություն է, քանի որ հատուկ կարգի ծառայություններ է իր մեջ ներառում` բուժական, և լինելով հյուրանոցային ծառայություն, նաև զբոսաշրջային ծառայություն է մատուցում:

«Խնդիրն ավելի շատ տեխնիկական է: Տնտեսական գործունեության դասակարգիչով երբ դիմում են, գործունեության դասակարգիչը չի համապատասխանում և դուրս են մնում ծրագրից: Այնինչ պետք է հաշվի առնել, որ առողջարանն ինքնին հյուրանոցային ծառայություն է, նաև առանձնահատուկ ծառայություն է մատուցում՝ վերականգնողական: Ակնհայտ է, որ առողջարանը զբոսաշրջային ծառայություն է, բայց դասակարգիչով չի համապատասխանում: Այդ դասակարգիչները պետք է ընդգրկեն այն ցանկում, որը համարում են վարկունակ կամ այստեղ այլ լուծում տալ: Զբոսաշրջային ծառայությունը պետք է հասկանալ զբոսաշրջային և զբոսաշրջային գործունեության մասին օրենքի իմաստով: Առողջարանում մատուցվող ծառայությունները հստակ զբոսաշրջային ծառայություն է»,- նկատեց մասնագետը: 

Զբոսաշրջությունը կանգնած է

Կառավարությունը որոշել է պետական աջակցություն տրամադրել այն ՓՄՁ-ներին, որոնց տարեկան շրջանառությունը 2019-ի ընթացքում կազմել է 24-ից մինչև 500 մլն դրամ: Որոշում է կայացվել, որ այն ընկերությունները, որոնք կորոնավիրուսի տարածման ժամանակ ու դրանից առաջ (հունվարի 1-ից ապրիլի 1-ը) չեն կրճատել աշխատակիցներին, պետությունից գումար կստանան նրանց աշխատավարձ վճարելու համար։  

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու այս ծրագրով ընկերությունները կարող են արտոնյալ պայմաններով վարկ վերցնել և վճարել իրենց հարկերը, կոմունալ ծախսերը և մյուս վարձավճարները: «Տուրիզմի հայկական ֆեդերացիան» այլ առաջարկ ունի:

«Թույլ տան այդ արտոնյալ վարկերն օգտագործել նաև գործող վարկային պարտավորությունների կատարմանը: Ոլորտում շատ են տնտեսվարողները, որոնք վարկեր են վերցրել և ներդրումներ արել: Իսկ այսօր անկանխատեսելի պայմաններում փոխվել են հանգամանքները: Կորոնավիրուսը կանգնեցրել է ամբողջ զբոսաշրջությունը, այդ տնտեսվարողները զրկվել են եկամուտից և չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները»,- նշեց նա:

Անտեսվել են

Մեխակ Ապրեսյանի  խոսքով՝ խնդիրը միայն առողջարանները չեն, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողներ էլ կան, որոնք նույնպես աջակցությունից դուրս են մնացել՝ կրկին չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Այդ ցանկում են միջոցառումների կազմակերպիչները, որոնք տարբեր փառատոններ են կազմակերպում: Իսկ այդ ծառայությունների սպառողը նույնպես զբոսաշրջիկն է: Լավաշի փառատոնն, օրինակ, հետաձգվեց:

«Կային փառատոններ, որոնք արդեն պետք է լինեին: Մնացածներն էլ հայտնի չեն՝ կլինեն, թե ոչ: Մարդիկ ներդրումներ են արել, պատրաստվել, բայց դրանք տեղի չեն ունենում: Դրանք նույնպես զբոսաշրջային ծառայություններ են: Այդ միջոցառումներին մասնակցում են թե՛ դրսից եկած զբոսաշրջիկները, թե՛ ներքին զբոսաշրջիկները: Օրինակ, երբ Արենիում գինու փառատոն է կազմակերպվում, այնտեղ միայն այդ համայնքի բնակիչները չեն զբոսաշրջիկներ, մնացածները՝ Երևանից, Արարատից, Սյունիքից և այլ վայրերից եկած քաղաքացիներ են»,- ասաց փորձագետը:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահը զբոսաշրջային ծառայություն մատուցող այլ ծառայություններ էլ է թվարկում, որոնք նույնպես կառավարության ուշադրությունից դուրս են մնացել: Մատնանշում է հատկապես Գինու սպա ծառայությունը, որը բացառիկ է:

«Մեր խաղողագործության հետ կապված դա շատ հետաքրքիր ծառայություն է՝ Խաղողի և գինու սպա: Մարդիկ գումար են վերցրել և ծառայություն են մատուցում՝ առողջարանային, վերականգնողական ուղղությամբ: Ցավոք, ոչ մի բանից չեն կարողանում օգտվել: «Մերգելյան կարպետ» ընկերությունը, որը ներկայացնում է զբոսաշրջիկին հայկական գորգարվեստը, մշակութային միջոցառումներ են մատուցում, բայց դասակարգիչով չեն ընկնում այդ ցանկում»,- հավելեց նա:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են, որ պետությունը կօժանդակի ոլորտի բոլոր տնտեսվարողներին՝ տարբերակված մոտեցում չի ցուցաբերի:

Մանյա Պողոսյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   2951 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ