Խառնաշփոթ՝ Զատկի տոնին ընդառաջ
Զատկին ընդառաջ իսկական խառնաշփոթ է իրացման խոշոր ցանցերում:
Մասնավորապես, տոնի խորհրդանիշ ամենապահանջված մթերքը՝ ձուն, արդեն տասն օրից ավել է՝ գրեթե «անհետացել» է:
Վերջին օրերին առևտրային որոշ խոշոր կետեր սահմանափակել են ձվի վաճառքը։ Սուպերմարկետներից մեկում անգամ նախազգուշացումով ցուցանակ է հայտնվել, որ մեկ մարդը 60 ձվից ավել չի կարող գնել։ Իսկ փոքր խանութներում ձվի գինը հասել է 90-100 դրամի:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում, սակայն, հավաստիացրեց, որ Հայաստանում ձվի պաշարները բավարար են, որպեսզի Զատկի տոնից առաջ և մոտակա երկու ամսում թանկացում չլինի: Իսկ ձու գնելու սահմանափակումներն էլ նա արհեստական է համարում։
Միության նախագահը նկատում է, որ այս խնդիրն առաջանում է գրեթե ամեն տարի, երբ փորձում են արհեստականորեն պակասուրդ ստեղծել: Այս փորձն էլ աչքի առաջ ունենալով՝ արդեն քայլեր են ձեռնարկում: Ստեփանյանի պնդմամբ՝ արտադրողները մեղավոր չեն, գներն առևտրականների թեթև ձեռքով են ուռճացվում. առաքիչները «մախինացիաներով» են զբաղվում:
«Հասել ենք արդեն նրան, որ առաքիչների միջոցով էլ ձու բաց չենք թողնում, քանի որ առիթից օգտվողները հենց նրանք են, ինչպես նաև առևտրային ցանցերը: Առաջին տեսակի ձուն շուկա մտնող ընդհանուր արտադրանքի 65 տոկոսն է։ Խանութ է մտնում 58-60 դրամով, վաճառվում` 68-ով։ Արտադրողից մինչև ձուն հասնում է խանութ մոտ 10-12 դրամով թանկանում է: Համարյա 20 օր է՝ առևտրային կետերի ներկայացուցիչներն արտադրողներից ձու չեն ստանում, հիմա իրենք խոշոր խանութներից ձու են գնում և փոքր իրացման ցանցերում վաճառում՝ գինը բարձրացնելով»,- նշեց արտադրողը:
Ձուն կտրուկ թանկացել է
Եթե 2019թ․ ձվի շուկայական գինը 2017 և 2018 թվականների համեմատ նվազել էր 9,6 դրամով` հասնելով 38-40 դրամի, ապա 2020-ին միջին գինը կազմել է 46-50 դրամ և այդ մակարդակում մնացել մինչև 2021թ. օգոստոսը։ Այնուհետև գները բարձրացել են` հասնելով 58-60 դրամի։
Ձվի գինը կտրուկ աճել էր նախորդ տարվա դեկտեմբերին: 2020 թվականի տարեսկզբին ջրի գնով վաճառվող ձուն տարեվերջին արդեն բարձր գին ուներ:
Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանում ձվի գինը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ աճել է 26.4 %-ով։ 2018 թվականին ձուն արժեր 40 դրամ, իսկ 2021 թվականին դրա գինը հասավ 80 դրամի։ Ամենացածր արժեքը եղել է 2019 թվականի հունվար ամսին՝ 30 դրամ։
Թեպետ բազմաթիվ դժվարություններ կան, բայց արտադրողներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի խուսափեն նաև գնային տատանումներից։
Ինչպես պարզաբանեց Ս.Ստեփանյանը, ձվի գինն ուղղակիորեն կախված է թռչնի կերի, էլեկտրաէներգիայի և գազի սակագներից:
«Ռուսաստանի Դաշնությունում թռչնի կերը թանկացել է: Մեկ կիլոգրամ եգիպտացորենը, որը վաճառվում էր 8 ռուբլով, հիմա դարձել է 14: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՌԴ-ում իրենց ռեզերվներն են ամրապնդում: Կեր չեն վաճառում, ով ավելի բարձր գին առաջարկեց, նրան էլ տալիս են»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում տարեկան մոտ 700 միլիոն ձու է սպառվում։ Վերջին երկու տարում սպառման աճ է գրանցվել։ 2018թ. սպառվել է 726,8 միլիոն ձու, 2019-ին՝ 720,6 միլիոն, իսկ 2020-ին՝ 754,6 միլիոն։
Խուճապի չմատնվել
Արտադրողների միության ղեկավարը շտապում է հանգստացնել բնակչությանը` նշելով, որ չնայած խնդիրներին, իրենք անում են ամեն ինչ, որպեսզի սպառողը խնդիր չունենա. ձվի պակաս չի լինի: Արտադրողները խոստանում են, որ Զատկի տոնի նախաշեմին ձվի գինը չեն բարձրացնի:
Ըստ թռչնաբույծի՝ այս ամենը նաև նրա հետևանքն է, որ նախորդ տարվանից դժվարությամբ են ճուտ ներկրում: Կորոնավիրուսն ու անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից երկրում հայտարարված ռազմական դրությունը ներկրումների համար ճանապարհները փակել են:
«Ամեն տարի սեպտեմբերին վառեկներ էինք ներկրում և Սուրբ Զատիկին հասցնում էինք նոր ներկրած ճտերից ձու ստանալ: Այս տարի, սակայն, չենք կարողացել դա անել, ուշացել ենք: Ե՛վ ՌԴ-ն է փակ, և՛ Իրանը: Ռուսների հետ խոսում ենք, ասում են՝ մենք պատրաստ ենք, երբ ուզում եք, կարող եք ապրանք տանել, բայց թռիչքներ չունենք: Վրաստանից նույնպես չենք կարողանում ներկրումներ անել»,- մտահոգվեց նա:
Ասում է՝ հույսներս դրսի հետ չէինք կապի, եթե տոհմային տնտեսություններ ունենայինք: Այս առաջարկը Թռչնաբույծների միության նախագահը նախորդ և ներկայիս իշխանություններին է ներկայացրել, բայց ուշադրություն դարձնող չի եղել:
«Մեզ պետք է գոնե մեկ տոհմային թռչնաֆաբրիկա, որ վերարտադրություն ապահովենք և ամեն անգամ վիզ չծռենք: Մեր տնտեսություններն առանց պետական օժանդակության չեն կարող այդ քայլին գնալ, քանի որ ֆինանսներ չունեն»,- կարևորեց փորձագետը:
Սերգեյ Ստեփանյանի խոսքով, ձվի շուկայում ստեղծված վիճակը կարգավորելու նպատակով դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021