Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Հայաստանում անշարժ գույքի գները էականորեն աճում են: Համաձայն պաշտոնական վիճակագրության` Երևանում բնակարանների գները մեկ տարում աճել են 9,9 %-ով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա կարևորագույն ձեռքբերում է համարում: Միացյալ նահանգներում նա սփյուռքահայերին այս մասին հիշեցրել է: Այս հայտարարությունից հետո անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալները սպասում են հերթական թանկացմանը:
Նրանք «ՉԻ»-ի հետ զրույցում նշեցին, որ ամեն անգամ վարչապետի հայտարարությունից հետո անշարժ գույքի գներն աճում են:
«Պրեմիում Ռեա» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Խանգելդյանի դիտարկմամբ` շուկայում արհեստական գնաճ է տեղի ունենում:
«Եթե բնակարանի գինը 20 տոկոսով է բարձրացել, հայն իր խասյաթի համաձայն` մոտ 40 տոկոսով է բարձրացնում»,- նկատեց գործակալը:
Վահե Խանգելդյանն անշարժ գույքի շուկայում է ու վաճառք է անում արդեն 5 տարի: Մեր զրուցակիցը փաստում է, որ հեղափոխությունից հետո անշարժ գույքի վաճառքն ավելացել է: Գնորդներն էլ հիմնականում դրսից են: Տասն օր առաջ է Ամերիկայից եկած մի հայ երիտասարդի տուն վաճառել:
«Բիզնես է արդեն դարձել, որ տունը գնում են և վարձակալության հանձնում: Վարձակալությամբ տրվող բնակարանների պահանջարկը ևս ավելացել է, գինը` նույնպես: Եթե առաջ տան վարձը 80 000 էր, հիմա 120 000 է դարձել»,- նշեց նա:
Գործակալները հայտնում են, որ տեղ-տեղ բնակարանների գներն աճել են անգամ 50 տոկոսով: Եթե մինչև հեղափոխությունը Արաբկիր վարչական շրջանում 3 սենյականոց բնակարանը միջինը 50 000 դոլարով էր վաճառվում, ապա այսօր գինը մինչև 90 000-ի սահմաններում է տատանվում:
«Սիլվեր Ռ. Ե. Ա» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը գնաճը բացատրում է պահանջարկի ավելացմամբ:
Վերջին ամիսներին նրա հաճախորդների 80 տոկոսը արտասահմանցիներ են եղել:
ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Փաշինյանը արտերկրում բնակվող հայերին կոչ է արել Հայաստանում տուն գնել` այդպիսով հուսալի ներդրում անելով հայրենիքում:
Անդրանիկ Հարությունովն ասում է, որ մի շարք արտասահմանցիներ արդեն այդպես են անում: Բնակարան են գնել, և իր ղեկավարած գործակալությունն էլ միջնորդում է, որ դրանք վարձակալության հանձնվեն:
«Եթե բնակարանի պահանջարկ կա, շինարարությունն աճում է, սա էլ հանգեցնում է աշխատատեղերի ավելացմանը: Շինանյութի ներկրումն է ավելանում` բերելով հարկերի ավելացմանը»,- կարևորեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա` Երևանում ցանկացած նորամուծություն ազդում է բնակարանների գների վրա:
«Արամի, Բյուզանդի փողոցների շրջակայքում հենց նոր այգի բացվեց, այդտեղի պահանջարկն այն կարգի ավելացավ, որ գները Հյուսիսային պողոտայի տների արժեքին մոտ հասան»,- շեշտեց նա:
Վարչապետի այս միտքն անհանգստացրել է մեկ այլ գործակալի: Ասում է, երբ արտասահմանցին մեր երկրում տուն է գնում և վարձակալության հանձնում, կապիտալը արտահոսում է:
Գործարքներն ավելացե՞լ են, թե՞ նվազել. փաստեր
Անշարժ գույքի շուկայում առք ու վաճառքը տատանվում է, գնային վայրիվերումներ են տեղի ունենում: Վերջին տվյալներն անկում են ցույց տալիս: Կադաստրի պետական կոմիտեն արձանագրել է, որ օգոստոսին հանրապետությունում գրանցված առք ու վաճառքի գործարքների քանակը հուլիսի համեմատ նվազել է 3,6 %-ով, իսկ 2018 թվականի օգոստոսի համեմատ` աճել 10,1 %-ով:
Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2019 թվականի հուլիսին աճել է 7,6 %-ով, իսկ նախորդ տարվա համեմատ` նվազել 7,6 %-ով:
Հուլիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը հունիսի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ 2018թ. հուլիսի համեմատ նվազել է 14,8 տոկոսով:
Ընդ որում առուվաճառքի գործարքներից 196-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 349-ի դեպքում` միայն վաճառող:
Նախորդ ամսում գործարքներից 147-ի դեպքում գնորդ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, 329-ի դեպքում էլ նրանք վաճառողներ են եղել:
Էմոցիոնալ ազդակ շուկայի համար
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը անշարժ գույքի շուկայում որոշակի աշխուժացումը պայմանավորում է էմոցիոնալ գործոնով` որպես հետևանք մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների ու արտասահմանում բնակվող հայերի` հայրենիքում բնակարան ձեռք բերելու ձգտման: Ըստ նրա, սակայն առաջարկի ավելացման դեպքում, գները կարող են նվազել:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», 2, 2019