Դրամի արժեզրկման հետևանքները
Հանրապետությունում վերջին շրջանում գնաճ է արձանագրվել՝ սննդամթերքից մինչև սեղմված գազ:
Հայաստանում թանկացել է նաև բենզինը։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով: Պաշտոնական թվերը նույնպես վկայում են, որ բենզինի գինը բարձրացել է։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, նոյեմբեր ամսին հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 % գնաճ։
Մինչդեռ դիզելային վառելիքի գինը 3.6 %-ով նվազել է: Նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 13.9 և 23.8 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.6 և 25.2 %-ով։
Բենզալցակայանի աշխատակիցներից մեկը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, ինչն ազդել է ներմուծվող ապրանքների գների վրա:
Բենզինի թանկացումը միակ վատ լուրը չէ վարորդների համար: Սեղմված գազի գինը նույնպես բարձրացել է՝ հասնելով 320 դրամի: «Ավտոգազ» ասոցիացիա ՀԿ նախագահ Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ սեղմված գազի գնի բարձրացման մի քանի պատճառներ կան:
Դրանցից մեկը դոլարի փոխարժեքի բարձրացումն է:
«Նկատած կլինեք, որ հանրապետությունում սննդամթերքը ևս թանկացել է: Այնպես չէ, որ այդ գնաճն ինչ-որ մեկի քմահաճույքով է տեղի ունեցել: Դոլարի փոխարժեքի բարձրացումով էլ շուտով կհաշվեն, թե ինչքան է թանկացել սեղմված գազը: Գինը պարզ կլինի, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջնական գին հայտարարի: Իսկ գազալցակայանների շուկայում մրցակցությունը մեծ է: Գազալցակայանների տերերն անհատ ձեռնարկատերեր են, որոնք որոշակի չափով արժեքը նաև իրենք են բարձրացնում: Նկատեմ, որ ամեն ինչն էլ պետք է թանկանա: Ներքաղաքական անկայուն վիճակը, դրամի արժեզրկումը, տնտեսական ծանր վիճակը հանգեցրին գնաճի»,- նշեց Տիգրանյանը:
Այս տարվա ընթացքում սեղմված գազի գինը երկրորդ անգամ է բարձրանում: Ամռանը մեկ կիլոգրամի արժեքը 290-300 դրամ էր: Թանկացում տեղի ունեցավ, երբ հուլիսի 16-ից գազի գինը որոշ սպառողների համար բարձրացավ, ինչի հետևանքով նաև սեղմված գազի գինը 5-10 տոկոսով փոխվեց:
Տնտեսությունում շարժ չկա
Սեղմված գազի սպառման ծավալները կրճատվել են, ինչը նույնպես ազդել է գնագոյացման վրա:
«Դա կախված է նրանից, թե գազալցակայանը որտեղ է գտնվում: Օրինակ՝ տարբեր մարզերում գազի սպառման ծավալները տարբեր են: Ինչքան գազալցակայանը մեծ քանակի գազ է սպառում, այնքան իր մոտ հնարավոր է գինը ցածր լինի: Երբ սպառման ծավալները ցածր են, գինը համեմատաբար բարձր է լինում: Գինը ցանկություն չէ, որ գազալցակայաններն ուզենան շատ բարձրացնեն: Շուկան է կարգավորում գնագոյացումը, իսկ գազալցակայանների շուկայում լուրջ մրցակցություն կա»,- շարունակեց նա:
«Ավտոգազ» ասոցիացիայի նախագահն ընդգծեց, որ կորոնավիրուսի սահմանափակումների և սեպտեմբերի 27-ից երկրում հայտարարված ռազմական դրության հետևանքով տուժել են գազալցակայանները: Նրանց աշխատանքի շահութաբերությունը կախված է տնտեսական ակտիվությունից:
Իսկ առանց այն էլ սոցիալական վատ վիճակում հայտնված քաղաքացիների՝ մասնավորապես վարորդների գրպանին նաև սեղմված գազի գնի բարձրացումն է հարվածելու:
«Տնտեսության մեջ շարժ չկա, իսկ տրանսպորտի ակտիվությունը տնտեսության ցուցանիշներից է: Երբ կանգնում է տնտեսությունը, բնականաբար, սեղմված գազի սպառման ծավալները ևս նվազում են: Ժողովրդի գնողունակության նվազումը այն գործոններից է, որը սեղմված գազի իրացման ծավալների վրա է ազդում»,- նկատեց փորձագետը:
Գնաճ է պարենային և ոչ պարենային ապրանքների շուկայում
Թանկացումների մյուս ալիքը սննդամթերքի շուկայում է: Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 20 %-ով աճել են ձեթի, շաքարավազի, բանջարեղենի գները:
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 %, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8 % գնաճ:
Թանկացումները հիմնականում պայմանավորված են եղել մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5 % գնաճով:
Բանջարեղեն ապրանքախմբում, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 20.5 % գնաճ, իսկ միրգ ապրանքախմբում՝ 1.9 % գնաճ:
Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը նոյեմբերին (2019թ. նոյեմբերի համեմատ) կազմել է 20.9 %: Շաքարավազը շուկայում վերջին մեկ տարվա կտրվածքով գրանցել է երկնիշ գնաճ՝ 26.6 %։
Ոչ պարենային ապրանքների գները այս տարվա նոյեմբերին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճել են 1.0 %-ով, վերջին մեկ ամսվա կտրվածքով գնաճը կազմել է 0.6 %: Կոշկեղենի, հագուստի արժեքը նույնպես բարձրացել է:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020