...

Ձուն կտրուկ թանկացել է

Ձուն կտրուկ թանկացել է

Ինչու է ձվի գինը բարձրացել

Տարեսկզբին ջրի գնով վաճառվող ձուն վերջին օրերի ընթացքում բարձր գին ունի. ձվի գինն այս օրերին 20-30 դրամով թանկացել է՝ 50-ից դառնալով 70 ՀՀ դրամ:

Մինչդեռ հունվարին՝ հանրապետությունում ձվի գինը նվազել էր: Այդ ընթացքում իրացման մի քանի ցանցում տարբեր ընկերությունների արտադրած միջին չափի ձուն վաճառվում էր մոտ 30-40 դրամով, իսկ բացթողնման գինը 26-27 դրամ էր դարձել:

Հունվար-փետրվարին ձվի գնի նվազման պատճառը գերարտադրությունն էր: Իսկ հիմա գնաճի վրա ազդող այլ գործոններ կան:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մի կողմից դոլարի փոխարժեքն է բարձրացել, մյուս կողմից էլ ներկրվող կերն է թանկացել, ինչի հետևանքով էլ ձվի շուկայում նման պատկեր է արձանագրվել:

«Ռուսաստանի Դաշնությունում թռչնի կերը թանկացել է: Մեկ կիլոգրամ եգիպտացորենը, որը վաճառվում էր 8 ռուբլով, հիմա դարձել է 14: Կորոնավիրուսով պայմանավորված ՌԴ-ում իրենց ռեզերվներն են ամրապնդում: Կեր չեն վաճառում, ով ավելի բարձր գին առաջարկեց, նրան էլ տալիս են»,- նկատեց մեր զրուցակիցը:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ ձվի գինը ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.7 %-ով, իսկ օգոստոսին՝ թանկացել 19.5 %-ով։

Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ վերավաճառողներն ինչպես միշտ առիթից օգտվում են և մի քանի դրամով էլ իրենց հերթին են ձվի գինը բարձրացնում:

«02 կարգի ձվի մեկ փչակն արժե 1800 դրամ: Ձվի բացթողնման գինը 52 դրամ է, մինչև տեղ է հասնում, վերավաճառողները 8-10 դրամ ավելացնում են: Հունվարին, երբ ձուն թռչնաֆաբրիկայից 20-30 դրամով էին տալիս, կրկին վերավաճառողները գինը 15-20 տոկոսով բարձրացնում էին»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Արտադրության խնդիր կունենա՞նք

Սերգեյ Ստեփանյանը հիշեցնում է՝ նախորդ տարի այս ժամանակ ձվի գերարտադրություն էր, ապրանքը մնաց, փչացավ:

Նախորդ տարվա փորձն աչքի առաջ ունենալով՝ թռչնաբույծները վախենում են ռիսկի դիմել և կրկին վնասով աշխատել: Մինչև մայիս ձու արտադրող ֆերմերային տնտեսություններն առանց շահույթ են բիզնեսն աշխատեցրել:

Թռչնաբույծներին այսօր մեկ այլ խնդիր էլ է անհանգստացնում. չեն կարողանում ճուտ ներկրել: Կորոնավիրուսն ու սեպտեմբերի 27-ից երկրում հայտարարված ռազմական դրությունը ներկրումների համար ճանապարհները փակել են: Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ այս ամենն իր հետևանքները երկար սպասեցնել չի տա:

«Ամեն տարի սեպտեմբերին վառեկներ էինք ներկրում և Սուրբ Զատիկին հասցնում էինք նոր ներկրած ճտերից ձու ստանալ: Այս տարի, սակայն, չեն կարողացել դա անել: Եթե այսպես շարունակվի, ապա խնդիրներ են առաջանալու: Ե՛վ ՌԴ-ն է փակ, և՛ Իրանը: Ռուսների հետ խոսում ենք, ասում են՝ մենք պատրաստ ենք, երբ ուզում եք, կարող եք ապրանք տանել, բայց թռիչքներ չունենք: Վրաստանից նույնպես չենք կարողանում ներկրումներ անել»,- ասաց նա:

Մեր զրուցակիցն ասում է՝ հույսներս դրսի հետ չէինք կապի, եթե տոհմային տնտեսություններ ունենայինք: Այս առաջարկը Թռչնաբույծների միության նախագահը նախորդ և ներկայիս իշխանություններին է ներկայացրել, բայց ուշադրություն դարձնող չի եղել:

«Մեզ պետք է գոնե մեկ տոհմային թռչնաֆաբրիկա, որ վերարտադրություն ապահովենք և ամեն անգամ վիզ չծռենք: Մեր տնտեսություններն առանց պետական օժանդակության չեն կարող այդ քայլին գնալ, քանի որ ֆինանսներ չունեն»,- ընդգծեց նա:

Միաժամանակ թանկացել է նաև թռչնամիսը:

Չնայած առկա խնդիրներին՝ թռչնաբույծը վստահեցնում է՝ մեր երկիրը ձվի արտադրության ոլորտում ինքնաբավ է, և ամանորին գնաճ չի լինի:

Ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզել է, որ խոշոր առևտրային ցանցերում ձվի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ:

Ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ աճել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է կերի ձեռքբերման գների թանկացմամբ։

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ