Առաջին անգամ Վրաստանից թռչնամիս է ներկրվել
Դրսից ներմուծվող թռչնամիսը շարունակում է հարվածել տեղական արտադրողին: Այս տարի առաջին անգամ հարևան Վրաստանից է թռչնամիս ներմուծվել: Բայց Վրաստանը սեփական արտադրանքը չէ մեզ ուղարկում, այլ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Հոլանդիայից ներկրված սառեցված թռչնամիսը:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ տեղական արտադրողները 2400 տոննայով ավելացրել են արտադրության ծավալները, սակայն, շուկայում հայտնված նոր խաղացողները փոխում են վերադասավորումները:
«Կառավարությունը հորդորում է, որ զարգացնենք տեղական արտադրությունը, մենք էլ այդ ուղղությամբ աշխատում ենք և այսօր սառեցված միս ունենք, որ չենք կարողանում իրացնել, որովհետև, օրինակ, Վրաստանից բերվող թռչամիսը 0 տոկոսով է մաքսազերծվում՝ արտոնություններ է տրված որպես գործընկեր երկիր: Այս ամենի պատճառով տեղական արտադրությունը չի կարող առաջընթաց գրանցել: Մենք մրցակցության հավասար պայմաններ ենք ուզում»,- վրդովվեց թռչնաբույծը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի դրությամբ Վրաստանից մեր երկիր է ներմուծվել այլ պետությունների արտադրության 2926 տոննա թռչնամիս:
Հայաստանյան շուկայում արտադրողների համար խոչընդոտներ է ստեղծում նաև Ուկրաինայից բերվող սառեցված թռչնամիսը:
Ընթացիկ տարում Ուկրաինայից Հայաստան է ներկրվել տեղական արտադրության 9696 տոննա թռչնամիս, որը մեր շուկայում ցածր գին ունի:
Սերգեյ Ստեփանյանը զգուշացնում է՝ էժան գնին չխաբվել, անորակ միս է, որի ձեռքը կրակն են ընկել հայ թռչնաբույծները:
«Մենք չենք կարողանում մրցակցել ուկրաինական անորակ թռչնամսի դեմ: Թոչնամսի կիլոգրամը 415 դրամով մաքսազերծում են և մի քիչ ավել գումարով վաճառում: Մեր ժողովրդին խաբում են, անտիբիոտիկներ են ներկրվող թռչնամսի մեջ, չկա մակնշված, թե այդ թռչուններին ինչ կեր են տվել: Անցյալ տարի Ուկրաինայում թռչնագրիպի դեպքեր են եղել, ամբողջ գլխաքանակը մորթել են, սառեցրել և արտահանում են: Նախորդ տարի Ուկրաինայից ներմուծվող թռչնամսի ներմուծման ռեկորդ էր սահմանվել, մեր բարձրացրած աղմուկից հետո, որոշ ներկրողներ խուսափեցին բերել»,- նկատեց նա:
Թռչնաբույծների միության նախագահին զայրացնում է այն, որ Ուկրաինայի կառավարությանն են դիմել մսամթերքի արտադրության նոր հավաստագիր ներկայացնելու պահանջով, բայց նոր փաստաթուղթ այդպես էլ ուկրաինական կողմը չի ներկայացնում, ինչը կասկածի տեղիք է տալիս:
«2 տարին մեկ պետք է հավաստագիր ներկայացնեն, բայց Ուկրաինան չի ներկայացնում, ինչի՞ց են վախենում: Եվրամիությունը սուբսիդավորում է այդ երկրի գյուղատնտեսությանը և 10 տարի էլ դեռ պետք է շարունակեն սուբսիդավորելը, հո մենք դրանց ձեռքը կրակը չենք ընկել, որ անորակ թռչնամիս բերեն մեր երկիր, որի պատճառով տեղական արտադրողները վնասով են աշխատում: Եթե ուկրաինական թռչնամսի ներկրման դեմը չառնենք, կորցնելու ենք մեր շուկաները»,- մտահոգվեց Ստեփանյանը:
Ներկրումների ծավալից ելնելով, թռչնաբույծը եզրակացնում է, որ կրկին կանաչ լույս է վառվում խոշոր ներմուծողների ճանապարհին, որոնք էժան գներով թռչամիս են բերում և տեղական շուկայում իրացնելով գերշահույթ ստանում:
Այս ամենը տեսնելով՝ ներդրողները հրաժարվում են թռչնաբուծության ոլորտում բիզնես սկսել: Վերջին օրինակը դեռ թարմ է:
«15 միլիոն դրամ ներդնող գործարար կար, բայց, տեսնելով, որ շուկան չի վերահսկվում, ներդրում չի անում: Ասում է՝ ես փող դնեմ, որ 3 տարի հետո սկսեմ շահույթ ստանալ, իսկ ներկրողներն առանց գումար ծախսելու՝ հոսանքի, կերի և այլնի համար գումար ներդնելու ավել շատ են փող աշխատում»,- ասաց մեր զրուցակիցը:
Թռչնաբույծների միության նախագահը վստահեցնում է, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, կարող են ինչպես ձվի, այնպես էլ թռչնամսի արտադրության դեպքում ինքնաբավ դառնալ:
Ստեփանյանը հիշեցնում է, երբ առաջարկեցին ձվի ներկրումները դադարեցնել և զարգացնել տեղական արտադրությունը, բոլորը տարակուսեցին, թե ապրանքի գինը կբարձրանա, սակայն, հակառակը եղավ:
Փետրվարին գերարտադրության պատճառով ձվի բացթողման գինը անգամ 20-25 դրամ դարձավ, այսօր արդեն արժեքը մի փոքր բարձրացել է. գործարանից ձուն 40-45 դրամով է խանութներ մտնում:
Չնայած վիճակագրական կոմիտեն ձվի շուկայում սեպտեմբերին օգոստոսի համեմատ 19,5 % գնաճ է արձանագրել, բայց թռչնաբույծի պնդմամբ՝ միայն 6 դրամով է գինն ավելացել: Դա էլ ոչ թե գնաճ է համարում, այլ գների կայունացում 6-7 ամիսների անկումից հետո:
Մինչդեռ ձվի արժեքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 0,4 %-ով:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020