...

Նպատակը ոչ թե օգնությունն է, այլ բյուջեի մուտքերի ապահովումը

Նպատակը ոչ թե օգնությունն է, այլ բյուջեի մուտքերի ապահովումը

Լուծում են առաջարկել

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն կրկին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ասոցիացիան առաջարկությամբ դիմել էր Կառավարությանը, որպեսզի հյուրանոցային ոլորտի տնտեսվարողների հարկային պարտավորությունները հետաձգվեն:  

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ միայն չունեցան տվյալ խնդրի հանգուցալուծումը, այլև անգամ չստացան պաշտոնական մերժում Կառավարությունից՝ բացատրությամբ, թե ինչու այդ քայլը մերժվեց և չառաջարկվեց խնդրի այլընտրանքային լուծում։ 

Ըստ նրա՝ զբոսաշրջային ոլորտում գործող ընկերությունների համար ամենամեծ բեռը վճարվելիք հարկերն են: Մինչև ճգնաժամը մեր երկրում զբոսաշրջության վրա դրված հարկային բեռը մոտ երկու անգամ, եթե ոչ ավելին գերազանցում էր եվրոպական երկրներում կիրառվող հարկային բեռի չափը: Իրավիճակն այսպես շարունակվելու և քայլեր չձեռնարկելու դեպքում զբոսաշրջային ընկերությունների մի ստվար զանգված կարող է սնանկանալ:

«Մեր կարծիքով՝ աշխարհի պատմության մեջ զբոսաշրջության համար նման ճգնաժամի ընթացքում պետության օգնությունը պետք է ուղղվի զբոսաշրջային ընկերությունների, այդ թվում՝ հյուրանոցների աշխատակիցների աշխատավարձի, վարկային պարտավորությունների պարտադիր տոկոսավճարների, կոմունալ ծառայությունների և ընկերությունների համար այլ կենսական վճարների իրականացմանը»,- մատնանշեց նա:

Հիմա նորից են ոլորտի առաջ ծառացած խնդիրների լուծման իրենց տարբերակները գործադիր մարմնին ներկայացրել: Առաջարկում են ազատել զբոսաշրջային ընկերություններին բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են մարտի 1-ից մինչև 2021թ․ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում: 

«2020թ․ մարտ և ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար: 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և դրանով ապահովելով այսքան տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված զբոսաշրջության ոլորտի վերականգնումը, և խրախուսելով ոլորտում նոր ներդրումներ և հաջորդող տարիներին երկնիշ աճին վերադարձ»,- պահանջը ներկայացրեց «Հայաստանի հյուրանոցների ասոցիա» ՀԿ-ի գործադիր տնօրենը:

Աշխատավարձերն ու աշխատակիցներին կրճատել են

Նրա խոսքով՝ այս ընթացքում որոշ հյուրանոցային ընկերություններ ստիպված են եղել կրճատել իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը, կրճատել այն հաստիքները, որոնք այս պահին անհրաժեշտ չեն ընկերության առօրյա գործունեության համար: Իսկ կան ընկերություններ, որոնք ժամանակավորապես իրենց գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցրել են՝ բոլոր աշխատակիցներին դարձնելով գործազուրկ։

Անդրադառնալով կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտին տրամադրվող աջակցությանը՝ Լիլիթ Դանիելյանն ասաց. «Կառավարությունը իր կողմից տրամադրվող օգնությունը ձևակերպում է որպես նպատակային օգնություն տվյալ ոլորտին, բայց փաստորեն այդ օգնությունը ծառայում է պետության առջև հարկային պարտավորությունների մարմանը։ Այսինքն՝ նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը, ինչը իջեցնում է տվյալ միջոցառումների արդյունավետությունը, եթե ոչ ընդհանրապես դրանք զրոյացնում»։

Ըստ նրա՝ ճգնաժամից ամենաշատ տուժած ոլորտի համար պետք են երկարաժամկետ լուծումներ:

«Տուժում են զբոսաշրջային գործակալությունները, տրանսպորտային ծառայություններ իրականացնողները: Սահմանները փակ են և արտագնա տուրիստ չի գալիս: Առաջիկա ամիսներին չի էլ գալու, դրա համար տուժում են բոլորը: Մեր երկիրը հայտնվել է ավելի ծանր իրավիճակում, քանի որ մենք պրակտիկորեն չունենք ներքին զբոսաշրջությունը, որը կապահովեր ոլորտի գոյատևումը: Այս ընթացքում չի լինի նաև ներգնա տուրիզմ՝ մարդիկ վարակի տարածման համար վախենում են տեղափոխվել: Ահագին ժամանակ է պետք, որ մարդիկ վերադառնան նախկին կյանքին և չվախենան ճանապարհորդել: Ոլորտը հիմա շատ տխուր վիճակում է գտնվում»,- շեշտեց փորձագետը:

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան» մեկ անգամ ևս հորդորում է Կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին ուշադրություն դարձնել կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտին:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ