Հյուրանոցները փակման եզրին են
Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո հյուրանոցների մի մասը դադարել է աշխատել: Նրանց մեծ մասը փակ է, կամ էլ գործում է մասամբ:
Կորոնավիրուսի առաջին հարվածը հենց սպասարկման ոլորտը ստացավ: Կրած կորուստները դեռ չեն հաշվարկել, բայց ասում են՝ ահռելի է:
«Հայաստանի հյուրանոցային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հյուրանոցային բիզնեսը հայտնվել է ճգնաժամային վիճակում: Զբոսաշրջիկների թվի կտրուկ անկման հետևանքով հյուրանոցային օբյեկտները հայտնվել են փակուղու առաջ և կրում են լուրջ ֆինանսական կորուստներ:
Լիլիթ Դանիելյանի խոսքով՝ որոշ հյուրանոցային օբյեկտներ, անգամ խոշոր և շուկայում կայացած, այժմ գտնվում են փակման եզրին:
«Բոլոր ամրագրումները՝ ընդհուպ մինչև մայիս ամիս, չեղարկվել են, այսինքն՝ զբաղվածությունը հյուրանոցներում զրո է: Իսկ, թե այս վիճակը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, ինչքան կտևի, դժվար է ասել: Կորուստները միանշանակ շատ մեծ են լինելու»,- փաստեց փորձագետը:
Պահանջ են ներկայացրել կառավարությանը
Նրա փոխանցմամբ՝ հյուրանոցները չեն կարողանում կատարել հարկային և պարտադիր մյուս վճարումները: Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ կապված «Հայաստանի հյուրանոցային ասոցիացիան» դիմել է կառավարությանը՝ հարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու խնդրանքով։ Դանիելյանն արձանագրեց, որ այսպիսի քայլեր արդեն կատարել են որոշ երկրներ: Նա մատնանշեց հարևան Վրաստանի օրինակը՝ զբոսաշրջիկներին սպասարկող կազմակերպությունների մոտակա 4 ամիսների հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունները հետաձգվել են:
«Դիմեցինք Կառավարությանը, որ 2 ամսով հետաձգվի հարկային պարտավորությունները: Մենք չենք ասում՝ չեղարկել, ներել, մոռանալ, այլ՝ հետաձգել: Առայժմ մեր գրության պատասխանը չենք ստացել: Բայց այն, ինչ կառավարությունն այս պահին արել է իր գործողությունների շրջանակում, մեր հարցի պատասխանը չէ»,- ասաց «Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի» գործադիր տնօրենը:
Կառավարությունը հակաճգնաժամային փաթեթներ է ներկայացրել՝ թիրախային ոլորտներին աջակցելու նպատակով: Հյուրանոցները դրանց ցանկում են: Պետության ձեռնարկած քայլերից մեկով ռեստորանների, հանրային սննդի այլ օբյեկտների, հյուրանոցների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, տուրիստական ընկերությունների աշխատակիցները կստանան 68000-136000 դրամ միանվագ փոխհատուցում:
Լիլիթ Դանիելյանն այս քայլը ողջունում է՝ այն համարելով ոլորտն ուշքի բերելու գործողություններից մեկը, բայց կարծում է, որ պետությունը ժամանակավոր լուծում է առաջարկում:
«Եթե իմանայինք, որ այս իրավիճակը հաջորդ ամիս շտկվելու է, այս քայլը գուցե շատ մեծ և էական նշանակություն ունենար, բայց պրոցեսը շարունակվում է, և այս քայլը միանվագ է: Կարծում եմ, որ հետագայում նաև այլ քայլեր ձեռնարկելու կարիք կլինի»,- շեշտեց նա:
Մասնագետը մեկ անգամ ևս կառավարությանը հորդորում է հետաձգել հյուրանոցային օբյեկտների հարկային պարտավորությունները՝ ընդգծելով, որ այն աջակցության ամենաարդյունավետ տարբերակը կլինի: Այսպիսով՝ այն կմեղմացնի հյուրանոցների ծանր բեռն այս շրջանում և թույլ չի տա, որ այն անդառնալի հետևանքներ ունենա:
Մինչև սպասարկման ոլորտի տնտեսվարողների համար աջակցության ծրագրեր ընդունելը՝ կառավարությունը հյուրանոցներին համագործակցության այլ միջոց առաջարկեց՝ մեկուսացված անձանց տեղավորել հյուրանոցներում:
«Փորձելու ենք բանակցել հյուրանոցների հետ, որպեսզի մեկուսացված անձանց տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները: Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ, նաև տնտեսության առումով, հյուրանոցներն, ըստ էության, դատարկ են։ Իհարկե, կվախենան իրենց բրենդի հետագա գործունեության համար»,- նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հյուրանոցների տերերը պարտավոր են հյուրանոցները ժամանակ առ ժամանակ ախտահանել։
Մի քանի հյուրանոցներ արդեն միացել են այս նախաձեռնությանը:
«Հայաստանի հյուրանոցային ասոցիացիան» կառավարություն-հյուրանոց համագործակցության ծրագիրը ներկայացրել է իրենց անդամակցող ՀՀ տարածքում գործող 18 տնտեսվարողներին:
«Այս պահի դրությամբ առայժմ չունենք հյուրանոց, որ մեզ տեղեկացրած լինի, թե միանում է այդ նախաձեռնությանը: Յուրաքանչյուր հյուրանոց ինքն է որոշում, թե դա իր համար վատ է, թե՝ լավ, ձեռնտու է, թե՝ ոչ»,- նկատեց նա:
Կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխելու համար թիրախավորված են 50 և ավելի սենյակ ունեցող Երևանի, Ծաղկաձորի, Դիլիջանի հյուրանոցները.
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հայտնել էր, որ հետագայում գուցե կարիք լինի նաև դիմելու այլ վայրերում գտնվող և ավելի փոքր հյուրանոցների, այնպես որ՝ թող պատրաստ լինեն նաև այդ հյուրանոցները և ներկայացնեն իրենց գնային առաջարկությունները:
Ըստ կառավարության՝ սա պետությանը շատ մեծ աջակցություն է, երբ հյուրանոցները դիմում են և առաջարկում իրենց ծառայությունները:
Մանյա Պողոսյան