Կրճատումներ են արել
- Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը գնալով աճում է,- «ՉԻ»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ համավարակի ազդեցությունը տուրիզմի ոլորտի, հատկապես` տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների վրա աննախադեպ ծանր հետևանքներ է առաջացրել։ Ինչի հետևանքով այս ընկերությունների մի մասի գործունեության մասնակի կամ ամբողջական դադարեցում է գրանցվել: Կրճատվել են աշխատատեղեր, նվազել` աշխատավարձեր:
Հենց այս փոփոխությունները մեծ դեր խաղացին երկրում գործազրկության մակարդակի բարձրացման գործում: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը կազմել է 19,8 %:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հնարավոր է կանխատեսել այս ցուցանիշի աճ, եթե ինչպես ընդհանուր տնտեսության, այնպես էլ նրա առանձին ոլորտները և հատկապես զբոսաշրջությունը վերականգնելու համար չձեռնարկվեն համապատասխան քայլեր։
Տուժել են ռեստորաններն ու բարերը
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան» անցկացրել է ուսումնասիրություն` ոլորտի աշխատաշուկայի փոփոխությունների վերաբերյալ:
Ասոցիացիայի ղեկավարի փոխանցմամբ, հարցմամբ պարզվել է, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5 %-ն ստիպված է եղել գնալ կրճատումների։ Մեր զրուցակիցը կանխատեսում է, որ այս գործընթացը շարունակվելու է, քանզի դեռևս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3 %-ը պատրաստվում է հաստիքները կրճատել: Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2 %-ը պատրաստվում է շարունակել ազատումները։ Այս փոփոխությունները գրանցվել են այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին:
Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են ռեստորաններն ու բարերը, սենյակների սպասարկումը, հյուրերի ընդունելությունը և գրանցումը:
«Այսպիսի իրավիճակում տարիների փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց առավելագույնս տուժած ոլորտների հետ»,- հավելեց նա:
Աշխատատեղերի կրճատումը ստեղծված միակ վատ լուրը չէ։
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի» գործադիր տնօրենն ընդգծում է, որ որոշ ընկերություններ, փորձելով պահպանել իրենց աշխատակիցների մի մասին, ֆինանսական միջոցների սղության պայմաններում հարկադրված գնացել են աշխատավարձային ֆոնդի կրճատման։
Աշխատակիցներին գործից չազատած ընկերությունների միայն 25 %-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։
Լիլիթ Դանիելյանը մանրամասնում է, որ ըստ ուսումնասիրությունների, վարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3 %-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։
Առաջարկություն՝ իրավասուներին
Ներգնա զբոսաշրջության ցուցանիշներն այս տարվա համար շարունակում են նվազել: Դանիելյանը նկատում է՝ այն ընկերությունները, որոնք փորձում են գոյատևել ներքին տուրիզմի հաշվին, գրանցում են բացասական ցուցանիշներ։
«Մեր հարցմանը մասնակցել են երևանյան հյուրանոցները, բոլորս էլ լավ գիտենք, որ դեպի մայրաքաղաք ներքին տուրիզմ, բնականաբար, չկա»,- մատնանշեց փորձագետը:
Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան» մշակել է այս բարդ դրությունից դուրս գալու գործողությունների ծրագիր, ներկայացրել պատկան մարմիններ, այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտե, Էկոնոմիկայի նախարարություն և կառավարություն։
Աշխատաշուկայում վիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով Լիլիթ Դանիելյանն առաջարկում է հարկային բեռի նվազեցում, այդ թվում՝ նաև աշխատավարձերի վճարման դեպքում առաջացող եկամտահարկի չեղարկում և աշխատավարձերի 50 % -ի սուբսիդավորում:
«Պետությունն առաջարկում է վարկային միջոցառումներ: Ոլորտը ճգնաժամից դուրս հանելու համար մենք այս երկու միջոցառումներն ենք կարևորում, որից մեկը աշխատակիցների աշխատավարձի 50 % -ի սուբսիդավորումն է: Սա այլ բան է՝ վարկը պետք է վերադարձվի, իսկ սուբսիդավորումն օգնություն է, որը տրվում է անհատույց»,- եզրափակեց նա:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020