...

Հյուրանոցներն ու հանգստյան տները բարձրացրել են գները

Հյուրանոցներն ու հանգստյան տները բարձրացրել են գները

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսության կրած վնասները առավելապես նկատելի են զբոսաշրջության ոլորտում, քանի որ մարտ ամսից սկսած արտագնա տուրեր չկան, իսկ ներգնա տուրեր կազմակերպել թույլատրվել է միայն մայիսի 18-ից, երբ կառավարությունը որոշեց տնտեսության տարբեր ճյուղերի համար կիրառվող սահմանափակումները վերացնել։

Թեև կառավարությունը թույլատրել է ներքին տուրիզմով զբաղվել, այնուամենայնիվ, համատարած կոչերը, թե պետք է տանը մնալ և սահմանափակել բոլոր տեսակի շփումները, իրենց հետևանքներն են թողնում զբոսաշրջային ոլորտում:

«Ռիմա թրավել» զբոսաշրջային կազմակերպության նախագահ Ռիմա Խաչատրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պայմաններում աշխատելը դժվար է:

Գրեթե 5 ամիս է՝ չի աշխատում, իսկ 7 հոգանոց ընտանիքը նրա հույսին է:

Հայաստանցիները հանգստի են մեկնում հիմնականում պետական սոցիալական փաթեթներով: Այս սեզոնին, քանի որ երկրից դուրս հանգստանալու հնարավորություն չկա, ստիպված են ամառային արձակուրդը կազմակերպել մեր երկրի հանգստյան տներում: Իսկ միայն սոցիալական փաթեթներով հանգստացողներին ընդունելու դեպքում զբոսաշրջային գործակալություններն աշխատել չեն կարող:

«Այդ գումարները միանվագ չեն նստում մեր հաշվեհամարներին՝ փոխանցվում են 12 ամսվա ընթացքում: Լինում են հաճախորդներ, որոնք փոխում են աշխատատեղը, կամ դուրս են գալիս աշխատանքից և այդ գումարները կասեցվում են՝ զբոսաշրջային գործակալության հաշվին չեն փոխանցվում: Իսկ զբոսաշրջային գործակալություններն արդեն ունենում են մեծ վնասներ: Միայն սոցիալական փաթեթի շրջանակներում աշխատելով հնարավոր չէ: Չենք կարողանում հարկեր վճարել, աշխատավարձ տալ և մնացած ծախսերը հոգալ: Դրանով զբոսաշրջային գործակալությունը չի կարող իր բոլոր ծախսերը հոգալ: Եթե պետությունն այնպիսի ծրագիր մշակի, որ գումարները միանվագ մեր հաշվին փոխանցեն, մենք էլ՝ հյուրանոցին, այդ դեպքում շահույթ կունենանք և մեր հոգսերը կկարողանանք հոգալ»,- նկատեց փորձագետը:

Զբոսաշրջային գործակալության տնօրենի խոսքով՝ մեքենա ունեցող քաղաքացիները կազմակեպում են իրենց հանգիստը՝ միանգամից պայմանավորվելով հանգստյան տան կամ հյուրանոցի հետ:

Այս դեպքում զբոսաշրջային գործակալությունները գումար աշխատել չեն կարող՝ եկամուտ ստացել են արտագնա տուրեր կազմակերպելով, որը հիմա չկա:

«Տեղում, եթե 5000 դրամով էքսկուրսիաներ են կազմակերպվում, զբոսաշրջային կազմակերպությունը գումար չի աշխատում՝ մենք էքսկուրսավարին վճարում ենք, տրանսպորտի ծախսը հոգում ենք, կոպեկներ անգամ մեզ չի մնում: 6000 դրամով Երևանից Տաթև տուր կազմակերպելով՝ զբոսաշրջային գործակալություն չես կարող պահել: Ներքին տուրիզմն էլ չի զարգանում: Քաղաքացիները գիտեն ՀՀ-ի տեսարժան վայրերը, իրենք գնում են: Զարգացնելն այն կլինի, որ որևէ ծրագիր լիներ, բայց զբոսաշրջության ոլորտում նոր ծրագրեր չենք տեսնում: Պետությունը պետք է աջակցի զբոսաշրջային գործակալությանը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Այս սեզոնին հյուրանոցներն ու հանգստյան տները մատուցվող ծառայությունների արժեքները բարձրացրել են՝ թեև կորոնավիրուսի պատճառով հանգստացողների թիվն անհամեմատ քիչ է:

«Հյուրանոցների 90 տոկոսը գները բարձրացրել են: Նախկին տարիների համեմատ գնաճը մոտ 10-20 տոկոս է կազմում: Բոլորը միաձայն արժեքները բարձրացրեցին: Ես հասկանում եմ, որոշ ժամանակ չեն աշխատել, ֆինանսական ծանր վիճակում են: Բայց պետք է լուծում գտնենք, որ մեր երկրում հյուրանոցների արժեքները չբարձրանան: Սպասարկման որակն էլ առաջվանը չէ, որովհետև հյուրանոցներ կան, որ աշխատակիցներին են կրճատել: Չնայած բարձր գնին՝ ծառայությունների որակն անցյալ տարվա համեմատ իջել է: Վարակի հետ կապված հյուրի սնունդը պետք է սենյակում տան, բայց աշխատակիցների կրճատման դեպքում խնդրի առաջ կկանգնեն: Հյուրը նախորդ տարիների պես չի կարող հյուրանոցից օգտվել»,- նշեց Ռիմա Խաչատրյանը:

Թեև կառավարությունը 20-ից ավելի աջակցության ծրագրեր է իրականացնում, որոնց մի մասն ուղղված է անհատներին, իսկ մյուս մասը՝ տնտեսության տարբեր ոլորտներին աջակցելուն, այնուամենայնիվ, այդ ծրագրերը կարճաժամկետ էին և որպես այդպիսին լուծումներ չդարձան։

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ