...

Ներքին տուրիզմը բում է ապրում

Ներքին տուրիզմը բում է ապրում

Ինչ են սպասում 23-րդ միջոցառումից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը մասնակի լուծում է՝ պնդում են ծրագրի հասցեատերերը:

Շահառուներ են ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները։

Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշում կայացրեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում։ Պետությունն էլ որոշել է ձեռք մեկնել առավել տուժած ոլորտին:

«Ցանկացած քայլ, որն ուղղված է զբոսաշրջությանը, սպասված է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է «ArmAdventure» զբոսաշրջային գործակալության համահիմնադիր Գոռ Կարապետյանը: Նրա խոսքով՝ ավելի լավ է փրկել ոմանց, քան անտեսել բոլորին:

Հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը խնդիրներն ամբողջությամբ չի լուծում՝ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան: Ըստ ասոցիացիայի՝ հյուրանոցներն այս պահին էլ աշխատավարձ վճարելու հնարավորություն չունեն:

Նշում են, որ միջոցառման շահառու հանդիսացող ոլորտները տուժել են ոչ համաչափ․ հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել։ Զրոյական եկամտաբերության պարագայում պահպանել են բազմաթիվ աշխատատեղեր, որոնք, սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ՝ հաշվի առնելով այն, որ ներկայումս հուրանոցային տնտեսությունների ֆինանսական ռեսուրսները սպառված են, և նրանք աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն։

Մյուս կողմից, ըստ Հյուրանոցների ասոցիացիայի, համաճարակային անբարենապաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա՝ ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածն էլ ավելի մեծ վնասներ կբերի։ Հետևաբար, Ասոցիացիան պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով՝ հաշվի առնելով, որ աշխատավարձի մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։

Եվրոպայում եղել են, բայց մեր երկրի մասին չգիտեն

Իսկ տուրիստական գործակալության ղեկավար Գոռ Կարապետյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է: Բայց հիմա մի փոքր ակտիվություն է նկատվում: Սպասում են վարակի թուլացմանը, որ գոնե աշնանն աշխուժություն լինի:

Նա ուրախությամբ արձանագրում է, որ ներքին տուրիզմի ուղղությամբ արդեն շարժ կա: Ուիքենդին քաղաքացիները ճամփորդում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչը սա հենց այնպես չի ասում:

Դեռ գարնանը՝ լոքդաունի պիկին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Տուրիզմը Հայաստանում» խումբ բացեց: Այսօր խմբի անդամների թիվը 21 000-ն է գերազանցում՝ մարդիկ շրջում են իրենց հայրենիքում և ակտիվորեն միմյանց հերթ չտալով փոսթեր անում:

«Խմբում անդամ կա՝ գրում է, որ ամբողջ Եվրոպայում պտտվել է, բայց չգիտեր, որ Հայաստանում այսքան տեսարժան վայրեր կան: Չգիտեին, որ զիփլայն կա, որ ռաֆթինգ կա և այլն: Առաջին իսկ հնարավորության դեպքում մարդիկ շաբաթ-կիրակի ճամփորդում են»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Ազատ համար չկա

Մինչդեռ հյուրանոցների մասով հակառակն է փաստում: Հյուրանոցները գերծանրաբեռնված են. սեփական փորձից է ասում: Գոռ Կարապետյանը պլանավորել է 3 մարզերում լինել, բայց ոչ մի հյուրանոցում ազատ համար չի եղել:

«Ցանկանում էի 5 տեղ մնալ, բայց մարզերից երկուսում հյուրանոցներն օգոստոս ամսվա սկզբից մինչև վերջ լցված են՝ ամրագրումներ չեն անում: Մարզերում հյուրանոցներն ու հյուրատները մեծ մասամբ աշխատում են: Պլյուս սոցփաթեթը: Ներքին տուրիզմը բում է ապրում: Այն մարդիկ, որոնք պետք է դրսում շրջագայեին, հիմա երկրում են և ներսում են ճանապարհորդում: Ամեն դեպքում, որոշ զբոսաշրջային ընկերություններ փրկվեցին այս ամենի շնորհիվ»,- նկատեց ոլորտի ներկայացուցիչը:

Կորոնավիրուսը թելադրում է ապրել կյանքի նոր կանոններով: Շատերը գոյատևելու համար բիզնեսն են հարմարեցնում նոր պահանջներին:

«ArmAdventure» զբոսաշրջային գործակալությունը վերապրոֆիլավորվել է: Հիմա արկածային տուրիզմի արշավներ են կազմակերպում:

«Հայկական շուկան փոքր է: Մենք, օրինակ, գտանք շուկայում մնալու բանաձևը: Մեզ նման շատերը կան»,- հավելեց նա:

Սյունիքը՝ թրենդ

Իսկ մեր երկրում որ ուղղություններով են ավելի շատ այցելում: Ավանդական Դիլիջան, Սևան վայրերին զուգահեռ այլ հանգստավայրեր են հիմա պոպուլյար: Նոր ուղղություններ են ավելացել:

Գոռ Կարապետյանի տեղեկացմամբ՝ այսօր թրենդի մեջ են Կապանը, Գորիսը, Մեղրին, Ենոքավանն ու Իջևանը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ