...

Միայն ախտահանելով չէ

Միայն ախտահանելով չէ

Միկրոավտոբուսներում կանգնած մարդ չպետք է լինի

Չնայած հայտարարված արտակարգ դրությանը և հանրային տրանսպորտի ախտահանմանը՝ այս օրերին որոշ միկրոավտոբուսներում ուղևորների թիվը 20-ի է հասնում:

Արտակարգ դրության ժամանակ խնդրահարույց է տրանսպորտի հարցը: «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակի պայմաններում ամենևին չի խանգարում ինքնակազմակերպումը, ավելին` շատ է օգնում: Այս ընթացքում կարող ենք ինքնակազմակերպվել ու իրար գլխի չհավաքվել` պահպանելով համապատասխան հեռավորություն:

Շեշտում է՝ թեև հորդորում ենք քաղաքացիներին ինքնակազմակերպվել, սակայն, դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա:

«Որտեղ պետք է պետական վերահսկողություն լինի, այնտեղ պետք է խստագույնս իրականացվի: Խնդրահարույց է տրանսպորտի հարցը: Տրանսպորտի դեպքում հենց հիմա պետք է խստագույնս հսկողություն իրականացվի, որ միկրոավտոբուսներում կանգնած մարդ չլինի, իսկ ավտոբուսներում պետք է կանգնած մարդկանց թիվ սահմանել՝ պայմանական ոչ ավել, քան 5-ը: Պետք է համապատասխան հսկողություն և սանկցիա իրականացվի»,- նշեց նա:

Ասում է, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանա, անհրաժեշտություն կլինի նաև տրանսպորտային երթուղիների աշխատանքը դադարեցնել:

«Պարետատունը պետք է օպերատիվ, 2 ժամը մեկ սպասվող գործողությունները ներկայացնի: Թափանցիկությունը միայն հիվանդների թիվը հայտնելը չէ»,- մատնանշեց Պիպոյանը:

Նկատում է՝ արտակարգ դրության մասին վկայում են միայն խցանումների բացակայությունը, իսկ փողոցներում նման վիճակ միայն արտակարգ դրության այս օրերին չի եղել: Երբ դասապրոցեսներ չեն լինում, երթևեկությունը ծանրաբեռնված չի լինում:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ շատ լավ է, որ խուճապ չկա, բայց մյուս կողմից էլ պետք է վերահսկողություն և զգոնություն լինի: Սոցիալական հեռավորություն պետք է պահպանել հատկապես իրացման կետերում գտնվելիս, ինչն այս օրերին չի արվում:

«Սուպերմարկետներում պետք է հսկողություն իրականացվի, որպեսզի դրսում հավաքված մարդիկ իրար գլխի չհավաքվեն և մի քիչ հեռավորություն պահպանեն, իսկ սուպերմարկետի ներսում միաժամանակ մեծ քանակի մարդիկ չլինեն»,- կարևորեց փորձագետը:

Իսկ գնումների մասով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը հորդորում է. «Ինքնապաշտպանված զգալու հոգեբանական տեսանկյունից կարող եք մի քանի տուփ մակարոն կամ չփչացող ապրանք գնել, խնդիր չէ, գնեք, բայց մինչև նոր տարվա պաշար մի գնեք: Անիմաստ հարձակվել խանութների վրա չարժե: Երբ հարձակվում ենք խանութների վրա, մեր գլխին սարքում ենք՝ արհեստական պահանջարկ ենք ստեղծում, որը նաև գնաճի է բերում»:

Ի դեպ, ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել՝ շեշտելով, որ բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ