...

41-րդ անբախտ հարսանքավորը

41-րդ անբախտ հարսանքավորը

Այսօր Կառավարության արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 1 ամսով երկարացնելու վերաբերյալ նախագիծը և կատարվող փոփոխությունները։ Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։ 

Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոններ պետք է պահպանվեն, այսինքն՝ անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ մինչև 1,5 մետր տարածության պահպանումը: Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումները կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց անցկացումը թե՛ բաց, և թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները։

«ՉԻ». Շատ կցանկանայինք այս մեղմացումների տրամաբանությունը հասկանալ: Օրինակ՝ ինչո՞ւ 40 հոգուց ոչ ավել մարդ կարող է մասնակցել քեֆերի: Ո՞նց են որոշել, որ պետք է լինի 40, այլ ոչ թե՝ 45 հոգի: 

Այսինքն, մի տեղ հարսանիք է, մարդիկ տժժում են, մեկ էլ գալիս են, սաղին շարում են, հաշվում... վայ քո, արա, 41 հոգի են: Այդ մի հոգուն քեֆից հանում են, ասում են՝ գնա տուն: Կամ՝ տուգանում են՝ 41-րդը լինելու համար: 

Հանրահավաքների մասով ավելի ֆանտասմագորիկ տեսարաններ կլինեն: Մենք կառաջարկեինք Ազատության հրապարակում իրարից 1,5 հեռավորության վրա գծանշումներ անել, որ ցուցարարները կոնկրետ դրանց վրա կանգնեն՝ սոցիալական տարածությունը պահպանելու համար: Ուրիշ ճար չկա: Նույնիսկ հիմա չեն սոցիալական տարածության կանոնը պահպանում, ուր մնաց՝ ցույցերի դեպքում: Նույնը՝ հարթակում կանգնած ընդդիմադիր գործիչների համար: Իրարից 1,5 մետր հեռավորության վրա պիտի կանգնեն: Ով ելույթ ունենա, ավարտի, հաջորդը պետք է նախ ալկոգել ցփնի խոսափողի կամ բարձրախոսի վրա, նոր սկսի ելույթը: 

Կամ բոլոր սահմանափակումները վերացրեք՝ բացի դիմակ կրելուց, կամ էլ՝ սահմանափակումները թողեք նույնը: Բան ենք ասում, ամեն օր զավեշտալի դեպքերի ականատես են դառնալու:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1023 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ