Պետականություն և յոնջայի արտ. լրջանալու պահը
Արդեն շուտով մեկ ամիս կլրանա, ինչ ապրում ենք կորոնավիրուսի պայմաններում: Արտակարգ դրություն, կացուձևի նոր կանոններ, հարաբերվելու սահմանափակ հնարավորություններ ու էլի բազմաթիվ այլ իրողություններ, որոնք ներխուժեցին մեր կենսակերպ:
Բնականաբար, միգուցե հիմա այնքան էլ տեղին չէ քաղաքական հարթության մեջ դիտարկել կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելմանն ուղղված իշխանությունների, հասարակության քայլերը, բայց այս շաբաթ տեղի ունեցած մի քանի իրադարձություններին հնարավոր չէ չանդրադառնալ:
Սկսենք առաջին հայացքից ոչ այնքան ուշագրավ իրադարձությունից. լրացավ Վանո Սիրադեղյանի բացակայության 20-ամյակը: 2000 թվականի ապրիլի 3-ին նա հեռացավ Հայաստանից:
Վանոն ու գյադաները
Վանո Սիրադեղյանը Ղարաբաղյան շարժման և Երրորդ Հանրապետության ամենավառ ներկայացուցիչներից էր, մարդ, որի պատմությունը՝ դա հենց Երրորդ Հանրապետության պատմությունն է: Որին վիճարկված էր լինել նորանկախ պետության ամենախարիզմատիկ ու միաժամանակ՝ ամենաշատ քննադատվող անհատականություններից մեկը: Մարդ, որը Անկախության առաջին իսկ օրերից անընդհատ հարվածների տակ լինելով, չէր ընկրկում, իր գաղափարներն ու համոզմունքներն էր առաջ տանում, փայփայում այդ գաղափարները, փորձում պետականության սերմերը ցանել հանրային գիտակցության մեջ: Բացթողումներ էլ է ունեցել, թերություններ, բայց նա հեղափոխական ժամանակին բնորոշ պաթոսը, հռետորաբանությունը կարողացավ շատ արագ մերժել և դրանց հակադրել նոր մտածելակերպ, որը ցանկացած պետական գործչի գլխավոր հատկանիշը պետք է լիներ: Հենց կարծրատիպեր չհանդուրժելը, իրերն իրենց անուններով նշելը հանգեցրին նրան, որ նա դարձավ կոռումպացված նախկին համակարգի, կեղծ-հայրենասերների, մորթապաշտների, նյութապաշտների, դաշնակ-բոլշևիկ ստուկաչների ատելության գլխավոր թիրախը: Ոնց պետությունն էին ատում, այդպես էլ՝ Վանո Սիրադեղյանին:
Ու երբ 1998թ. հեղաշրջման արդյունքում սկսվեց գյադաների ժամանակաշրջանը, Վանո Սիրադեղյանին հալածելը ընդամենը ժամանակի հարց էր: Նրան հալածելով, գյադաները վերջապես հագուրդ տվեցին իրենց անասնական բնազդներին, տարիներ շարունակ կուտակված մաղձը դուրս հանեցին: Ու կյանքը ցույց տվեց, որ այդ գյադաները նույն կերպ հալածելու են Հայաստանը: 20 տարվա ընթացքում պետությունը վերածեցին յոնջայի արտի, որտեղ արածելը պետություն ղեկավարել էր նշանակում, որոճալը՝ տնտեսություն զարգացնել, թրքելը՝ հազարամյա մշակույթի առհավատչյա:
Բան պիտի փոխվեր
Բայց ահա 2018թ. հեղափոխությունը մերժեց գյադաներին: Իշխանության եկան նոր մարդիկ, նոր հեղափոխականներ, որոնցից սպասելիքները նույնքան էին, որքան՝ Ղարաբաղ կոմիտեից: Շատերն էին հույսով, որ նոր հեղափոխականների շարքերից դուրս կգան նոր Սիրադեղյաններ, նոր Վազգեն Սարգսյաններ, նոր խենթեր՝ բառի լավ իմաստով: Բայց այդպիսիք դեռ չկան. Վանո Սիրադեղյանը դեռ չի վերադարձել, ավելին ասենք՝ նրան դեռ չեն վերադարձրել, հետևաբար, Նոր Հայաստանը դեռ չի վերադարձել:
Կա մի Հայաստան, դա 1991թ. ստեղծված Հայաստանն է, և կա յոնջայի արտ. չփափայելով, չվերաիմաստավորելով միակ Հայաստանը, դռները չբացելով Շարժման տղաների առջև, արհամարելով ու մերժելով այդ Հայաստանի ծնողներին, դրանով փակում ենք առաջ գնալու դռները և մոտենում յոնջայի արտին: Երրորդը տրված չէ. կամ պետք է պետականության սկզբունքներով առաջնորդվես կամ էլ պետք է գյադաների խաղի կանոններով շարժվես: Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելը պետք է լիներ հեղափոխության առաջին քայլերից մեկը, ինչպես՝ մարտի 1-ի և նախորդ իշխանությունների բազմաթիվ այլ ոճրագործությունների բացահայտումը: Դա է հեղափոխական Հայաստանի հրամայականը: Վերադարձնելով, դու խաչ ես քաշում նախկինների վրա, գծում այն սահմաները, որից ներս ոչ մի գյադա չպետք է ներս մտներ: Իսկ հիմա սահմանը բաց է, ու գյադաները շատ հանգիստ ներս ու դուրս են անում: Մի օր էլի ներս կմտնեն, ու էլ դուրս չեն գա:
Պարտության տանող ճանապարհ
Ու խաղալով գյադաների խաղի կանոններով, նախկին հեղափոխականների մեծ մասը վերածվեց գորշ միջակության: Զգուշավոր, վախվխորած, շատ հաճախ իրենց ստվերից հուշտ եղած, էն «դուխով» բառից բան չի մնացել: Երկու տարվա մեջ նմուշի համար գոնե մի խարիզմատիկ դեմք չտեսանք (թեպետ, մի փոքր բացառություն է Հայկ Մարությանը), մեկին, որը պետության համար այնպես հոգի տար, ինչպես՝ Վանոն ու Վազգենը: Իրենց հեղինակությունը լայքերով չգնահատեին: Երբ մտնում ես ֆեյսբուք, առավոտից իրիկուն ստատուս են գրում ու իրար լայքում, շեյրում, բայց տակը բան չկա: Օլիգարխ-հանցագործներն իրենց տեղում են, դատավորները՝ իրենց, ստուկաչները՝ իրենց, Հրայր Թովմասյանն ու իր խմբակը դեռ որոճում են ՍԴ-ում... սա ի՞նչ հեղափոխություն է, որտեղ հեղափոխություն ու հեղափոխականներ չկան, որտեղ առավոտից-իրիկուն «պրեմիա-պրեմիա» են խաղում: Մենք ձեզ բերել էինք ոչ միայն նրա համար, որ մերժեք նախկինը, այլ՝ առաջ շարժվեք, ոչ թե՝ կանգնեք պետականության ճամփեզրին ու երկու տարի մտածեք, թե ուր գնաք: