...

Արտակարգ դրությունը երկարաձգվի ևս 30 օրով. անձի մեկուսացումը 14-ի փոխարեն կարող է տևել մինչև 28 օր

Արտակարգ դրությունը երկարաձգվի ևս 30 օրով. անձի մեկուսացումը 14-ի փոխարեն կարող է տևել մինչև 28 օր

ՀՀ կառավարության մայիսի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության 30 օրով երկարաձգմանը` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծում որպես որոշման հիմք նշված է մասնավորապես այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել: «Դրա մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ ՀՀ-ում  վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»: Նախագծով առաջարկվում է նաև մի շարք փոփոխություններ ու լրացումներ կատարել Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ: Ըստ այդմ` նախատեսվում է խստացնել որոշ միջոցառումներ: Օրինակ, ըստ անհրաժեշտության, անձանց նկատմամբ կարող են կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում:      

«Սույն որոշման իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: 

Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձի մեկուսացումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կամ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: 

Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, մեկուսացման վայրի, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: 

Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։ 

Մեկուսացման նպատակով անձը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ ՀՀ ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և ՀՀ առողջապահության նախարարության կամ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայր: 

Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են կեցության, այդ թվում` սննդի, բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը»,- մասնավորապես նման լրացում է նախատեսված կառավարության որոշման նախագծում: 

Մեկ ուշագրավ հանգամանք ևս. ըստ փաստաթղթի, անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը: Մեկուսացումը երկարաձգելու դեպքում անձը անցնում է ամենօրյա բժշկական զննություն և ենթակա է մեկուսացումից անհապաղ ազատման, եթե վերացել են մեկուսացումը երկարաձգելու հիմքերը:

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1117 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ