...

Кого люблю, того и бью...

Кого люблю, того и бью...

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու դրա հաղթահարումը այն յուրօրինակ թեստն է լինելու, որով թեստավորվելու է իշխանության հանրային աջակցությունը` լեգիտիմությունը:

Ֆորսմաժորային իրավիճակներից` պատերազմ, տարերային աղետներ, արհավիրքներ, պետությունները, ի դեմս իրենց ղեկավարների, դուրս են գալիս կա՛մ հանրային վարկանիշի աճի, կա՛մ էլ անկման ելքով: Կախված այն հանգամանքից, թե ճգնաժամային կառավարման ինչպիսի հմտություններ ու որակ է ցուցաբերում կառավարող էլիտան, ըստ այդմ էլ աճում կամ նվազում է օրվա իշխանության վստահության ցուցիչը: ԱՄՆ-ում, օրինակ, նույնիսկ սովորական դարձած փոթորիկներն են ի վիճակի ազդել երկրի ղեկավարի վարկանիշի վրա ու դառնալ ճակատագրական հատկապես նախընտրական փուլերում: Փաստ է, որ ի թիվս աշխարհի շատ պետությունների, ՀՀ-ն նույնպես անպատրաստ էր կորոնավիրուս կոչվող փոթորկին, ու դրա դեմ պայքարի ընթացքում չկարողացավ խուսափել մարտավարական սխալներից ու վրիպումներից: Իսկ այս ամենի հետևանքով` նաև վարկանիշի միջանկյալ անկումից: Պարետատան իրականացրած աշխատանքի արդյունավետությունը հանրային ամենօրյա քննարկումների օրակարգում է և գնահատվում է «վատից» մինչև «խայտառակ վատ» սանդղակում, քանի որ պարետը, ըստ տիրապետող կարծիքի, չկարողացավ հետամուտ լինել, որպեսզի պահպանվեն ընդունված սահմանափակումները, դրանք խախտողները, առանց բացառության, ենթարկվեն պատասխանատվության: Այդ պատճառով էլ ունենք ցուգցվանգային մի իրավիճակ, երբ ընտանյոք վարակակիր վարչապետը Ֆեյսբուքում ստիպված «կիսվում» է կանոնազանց քաղաքացիների ֆոտոներով` հույս ունենալով նրանց գիտակցությանը հասցնել այն, որ «կորոնավիրուսը քըխ է» և պետք է հեռու մնալ դրանից:

Այժմ այն փուլում չենք, երբ պետք է գանահարել իշխանություններին` վերջնագրեր ներկայացնելով կամ «պատերազմը տանուլ է տրված» ոճի ռեքվիեմներ երգելով: Բայց իրավիճակը օբյեկտիվ գնահատելու համար պետք է մի քանի միջանկյալ արձանագրում անել: Ըստ այդմ` իշխանությունը չպետք է բարդույթավորվի այն մտայնությամբ, թե համավարակի ընթացքում սահմանված կանոնների խախտման դեպքում կոշտ միջոցների, տույժ-տուգանքների կիրառումը կարող է լրացուցիչ սոցիալական լավածություն առաջացնել, որն այդքա~ն ձեռնտու է ռևանշի ճամբարին: Վտանգավոր լարվածությունը կարող է առաջանալ այն դեպքում, երբ պետությունը, հույսը դնելով քաղաքացիների «ֆայմի» վրա, ճիշտ պահին հանդես չգա չարաճճի երեխայի վարքը սանձող դաստիարակի դերում, ինչ է թե դրա հետևանքով երեխան կարող է լաց լինել ու «շունչը պահել»: Նույն տրամաբանությամբ` պետությունը ոչ մի կերպ չպետք է համաձայնության գնա պարետատան որոշումները խախտող որևէ սուբյեկտի հետ` տնտեսավարողից մինչև շարքային քաղաքացի, վախենալով այն բանից, որ կոշտ միջոցառումները կարող են սոցիալական լարում առաջացնել: «Մենք պետք է հասկանանք, որ առողջապահական խնդիր չի սա, որովհետև առողջապահությունը ինչ կարողանում է՝ անում է, մի բան էլ ավելի։ Սա կարգուկանոնի խնդիր է։ Եվ ի՞նչ, ես, որ հեղափոխությունով, խոսքով, հաղորդակցությունով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանե՞մ և ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ։ Ես ո՞նց անեմ տենց բան։ Ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ մշակույթով եմ եկել»,- իր վերջին լայվում ասաց Փաշինյանը: Երկրի վարչապետը, ում ուսերին է նաև կարգազանցներին կարգի հրավիրելու պարտականությունը, իրավունք չունի նման պսևդոմարդասիրական հայտարարություն անել` հարստացնելով պոպուլիզմի դասական օրինակների շտեմարանը: Նույնիսկ անհարմար է հուշելը, որ սահմանադրությունն ու օրենքները իրեն վերապահել են այնպիսի լիազորություններ, որոնք գործի են դրվում այն ժամանակ, երբ հաղորդակցության ոչ ուժային միջոցներն ու «մշակույթը» չեն տալիս ցանկալի արդյունք: Ընդհակառակը` ուժի պարտադրանքի չկիրառումը կամակոր ու կարգազանց քաղաքացիների նկատմամբ կարող է հակառակ ազդեցություն ունենալ` բացելով ամենաթողության դուռը: Եթե պետք է տասնյակ քաղաքացիների «սպեցնազով» կարգի հրավիրել մեկ քաղաքացու կյանքը փրկելու համար, ապա պետության ղեկավարը ընտրությունը պետք է կայացնի հօգուտ երկրորդի:

Մի՛ եղիր կորոնապատերազմից թռած դասալիք

Այժմ դառնանք մեզ` քաղաքացիներիս` արձանագրելով. յուրաքանչյուրիս օրը վերջին առնվազն երեք ամիսներին, ուզած թե չուզած, սկսվում է վիրուսի մասին համաշխարհային և մասնավորապես հայաստանյան վիճակագրության վերջին տվյալներին ծանոթանալով, որոնք, սակայն, սթափեցնող ազդեցություն չեն ունենում: Համավարակը մեր բոլորիս` հանրության, քաղաքացիական գիտակցության, մարդասիրության ու հայրենասիրության ստուգմանը միտված ունիվերսալ թեստ է, այն հանրության, որը 2018-ին հավաքական կամքի դրսևորմամբ, խիզախ ու համերաշխ կանգնեց և մերժեց օրվա իշխանությանը, իսկ դրանից առաջ` 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, մոռանալով բոլոր տեսակի տարաձայնություններն ու ներքին վեճերը, ինքնակամ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանն ու մեկնեց առաջին գիծ` կանգնելու իր զինվորի կողքին, նրան «դուխ» տալու, նրա հետ կիսելու զենքն ու խրամատը: Քաղաքացիական գիտակցության նման փայլատակման, հայրենասիրության ու մարդասիրության նման զանգվածային, ինքնաբուխ գործողության կարիքը բոլորս ունենք նաև այսօր, երբ համավարակը գնալով ավելի լայն է բացում իր վարակիչ երախը, հարյուրներով նոր մարդկանց վարակում ու արդեն հասցրել է դառնալ հարյուրից ավելի մարդկանց մահվան պառճառ: Ընթերցողից հայցելով իր հետ «պետք է» ոճով հաղորդակցվելու իրավունքը` արձանագրենք` օրհասական այս պահին, երբ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում վիրուսի դեմ պայքարի «զորահավաք» է հայտարարվել, մենք դրան մատների արանքով նայելու, տարբեր շրջանակներից եկող սադրանքներին տրվելու, դասալքության դիմելու անմտություն թույլ տալ չենք կարող:

Ժողովրդագրական խնդիր ունեցող պետության քաղաքացիներ որպես, այս օրերին բոլորս պետք է զինվենք միմյանց կյանքի իրավունքը հարգելու և այդ իրավունքի նկատմամբ ոտնձգություն չկատարելու գիտակցությամբ, այսինքն, այնպիսի վարք ցուցաբերենք, որով կապահովագրենք մեզ վիրուսով վարակվելուց ու մեր կողքիններին, մերձավորներին վարակելու ռիսկից: Պետությունը, որը կանգնած է վիրուսի դեմ պատերազմի առաջին գծում, առողջապահության համակարգը, որը լծված է անտեսանելի թշնամուց խոցվածների առողջության մասին հոգ տանելով, այսօր ևս, ինչպես 2016-ին, ունի մեզանից յուրաքանչյուրի զինվորագրման կարիքը, որը ենթադրում է երեք բան` ոչ թե քամահրել, այլ ամենայն լրջությամբ ընդունել վիրուսի նետած մարտահրավերը, պետության հետ կիսել դրա դեմ պայքարի զենքերը` դիմակ ու ձեռնոց կրել, պահել հիգիենայի տարրական կանոններն ու խրամատավորվել` պահպանել սոցիալական հեռավորությունը հանրային վայրերում: «Վիրուսային էթիկայի» այս պարզագույն կանոնների կիրառումը կօգնի ոչ միայն պետությանը նվազագույն առողջապահական, տնտեսական, սոցիալ-քաղաքական կորուստներով դուրս գալ կորոնապատերազմից, այլև է՛լ ավելի կամրապնդի մեզ որպես քաղաքակիրթ հասարակություն, որը ֆորսմաժորային իրավիճակներում կոնսոլիդացվելու, մեկ գոյ դառնալու, միմյանց նկատմամբ հոգատարությամբ ու գորովով լցվելու բնատուր, անսպառ ռեսուրսներ ունի:

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ