Երեկ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
Անձնական ազատությունների և իրավունքների սահմանափակումներն արդյո՞ք քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ չեն՝ պայմանավորված համաճարակի պատրվակով, թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է AM իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Գրիգոր Մինասյանը:
- Տոտալ վերահսկողության մասին խոսելն այս դեպքում ճիշտ չէ, քանի որ ներկայացված նախագիծը նախատեսում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված միայն երեք իրավունքի ու ազատության սահմանափակում, այն էլ հստակ կարգավորված սահմանափակման շրջանակով: Ընդ որում՝ սահմանափակումները նեղ և հստակ կարգավորված են թե՛ դրանց կիրառման մեթոդի, թե՛ ժամանակի առումով։ Մեթոդի առումով տոտալ վերահսկողության մասին ավելորդ կլինի խոսելը, քանի որ ամենակարևոր տեղեկության՝ հեռախոսային խոսակցության և ձայնային հաղորդագրությունների բովանդակության նկատմամբ հսկողություն չի լինելու։ Ինչ վերաբերում է ժամանակային կիրառմանը, ապա այս սահմանափակումները նախատեսված են կիրառելու միայն արտակարգ դրության պայմաններում և դադարելու են այդ դրության ավարտով։ Նախագիծը նախատեսում է նաև, որ անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
- Պարոն Մինասյան, որքանո՞վ է հիմնավորված այս օրենքի անհրաժեշտությունը, ըստ Ձեզ, օրենքի նախագիծը չի՞ հակասում արդյոք մարդու իրավունքների նորմերին:
- Նախ հստակ հասկանանք, որ մի կողմում հազարավոր մարդկանց կյանքեր են, իսկ մյուս կողմում՝ իրավունքի որոշակի սահմանափակում կամ ավելի ճիշտ՝ պետությանը տրվող փոքր-ինչ ավել լիազորություններ, որոնք կարճատև են և չեն միջամտում քաղաքացու անձնական շփումների բովանդակությանը: Բացի այդ, ՀՀ սահմանադրության 76 հոդվածը նախատեսում է, որ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը։ Համաճարակի շուրջ ստեղծված լարված իրավիճակն իրապես պահանջում է նման սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն, առավել ևս, որ սրան նախորդող ժամանակահատվածում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակակիր անձը, շփման մեջ եղած լինելով որոշակի անձանց հետ, հետագայում չէր հիշում կամ ինչ-ինչ պատճառներով թաքցրել էր իր շփման շրջանակը՝ այդպիսով անհնարին դարձնելով նոր վարակակիրների բացահայտումն ու մեկուսացումը։ Հետևաբար, հասարակության առողջության, այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման առումով այս նախագիծը համապատասխանում է իր նպատակին և մարդու իրավունքի նորմերին։ Արտակարգ դրության պայմաններում գործում է լիովին այլ տրամաբանություն, և բնական է, որ մարդու որոշ իրավունքներ չեն կարող գործել ու կիրառվել նույնպիսի ամբողջականությամբ, ինչ սովորական պայմաններում։
- Իրավաբաններից շատերը տեսակետ են հայտնում, որ այս պահին այս օրինագիծը բերելը պատահականություն չէ, այլ պայմանավորված է բացասական արձագանքները, բողոքի ակցիաները սահմանափակելու անհրաժեշտությամբ: Ի՞նչ կասեիք այս մասին։
- Որևէ կապ չեմ տեսնում քննարկվող նախագծի ու բողոքի ակցիաների կամ բացասական արձագանքների սահմանափակման միջև։ «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման հավելվածով արդեն նախատեսվել էին հավաքներ ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքները՝ 20 և ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներն արդեն իսկ արգելված էին, հետևաբար բացարձակ որևէ իմաստ չէր ունենա ևս մեկ իրավական ակտով նման խնդիր կարգավորել։
Այս նախագիծը նման տեսանկյունից շահարկողները հավանաբար քաղաքական նպատակներ են հետապնդում, որոնք չեմ ցանկանում մեկնաբանել, իսկ իրավական առումով նման խնդիր առկա չէ։
- Այս նախագծով նախատեսվում է որ մարդկանց անձնական տվյալներին մուտք ունեցող մարմինների ցանկը հաստատվելու է կառավարության որոշմամբ, այլ ոչ թե օրենքով: Ի՞նչ կասեիք այս մասին:
- Այո, իրոք այդպես է նախատեսված, և դա մտահոգիչ է։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ մարմինները հենց օրենքով էլ սահմանվեին, որպեսզի պատգամավորները նախագիծը քննարկելիս, դեմ կամ կողմ քվեարկելիս հստակ իմանային, թե ում են վստահում հասարակության համար այս զգայուն հարցը։ Սակայն կրկին դրության արտակարգ լինելն է, որ հավանաբար պահանջում է թողնել այս հարցի կարգավորումը կառավարության որոշմանը․ իրավիճակն ամբողջ աշխարհում ու նաև մեր երկրում փոխվում է ամեն րոպե, և այստեղ նույնպես ճկուն լինելու հնարավորություն է պետք թողնել, ինչն ավելի արդյունավետ կլինի ապահովել կառավարության որոշման մակարդակով։ Նույնիսկ ԱՄՆ նման հզոր պետության նախագահը ստիպված է լինում նույն խնդրի վերաբերյալ օրվա մեջ մի քանի անգամ տարբեր որոշումներ կայացնել։ Մեզ մոտ էլ տվյալ հարցով հնարավոր է կարիք լինի արագ որոշումներ կայացնել, իսկ այս լարված իրավիճակում յուրաքանչյուր հարցով հնարավոր չէ ԱԺ նիստ հրավիրել։
- Նախագիծը սահմանում է, որ մշակված անձնական տվյալները պահվելու են մեկ ամիս։ Մտահոգություններ են հնչում, որ դա երկար ժամկետ է:
- Ոչ թե պահվելու են մեկ ամիս, այլ այդ տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո։ Չեմ կարծում, որ մեկամսյա ժամկետը երկար է, ամեն դեպքում խնդիրը նույնիսկ այդ մեկ ամսվա մեջ չէ, այլ այն, որ ոչ թե մեկ, այլ գոնե երկու ամիս անց այդ տվյալներն իսկապես ոչնչացված լինեն։ Նախագծով նախատեսվում է, որ տվյալներ մշակողները, ինչպես նաև այն մարմինները, որոնց փոխանցվել են մշակվող տվյալները, պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը ինչպես արտակարգ դրության ընթացքում, այնպես էլ արտակարգ դրության ավարտից հետո: Իհարկե, կարևոր երաշխիք է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 144-146 հոդվածներով սահմանված պատասխանատվություն է նախատեսված այս նախագծով սահմանված կարգավորումից բացի այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելու, այդ թվում՝ պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելու, ստանալու, ձայնագրելու կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելու համար։ Սակայն շատ էական է նաև, որ նման պատասխանատվություն սահմանված լինի նաև տվյալները չոչնչացնելու համար, ինչը ճիշտ է՝ նախագծով հռչակվել է, սակայն ՀՀ քրեական օրենսգիքրը նման արարքի համար պատասխանատվություն չի նախատեսում։
- Հստակեցված չէ, թե կոնկրետ անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաև երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին։
- Քննարկվող նախագիծը, իրոք, չի լուծել այս հարցը, և թերևս տեղին է, որ որոշ անհանգստություններ կարող են լինել անձանց տվյալների անվտանգության մասով։ Այսօր հնչած մեկնաբանություններում ինքս էլ դեռ չեմ ստացել այս խնդրի լուծման հիմնավորումը, բայց մեծ հույսեր ունեմ, որ իշխանությունը կկարողանա հիմնավոր ներկայացնել մեր քաղաքացիներին առաջարկվող մեխանիզմի անվտանգությունն այն առումով, որ բոլորի տվյալները խիստ պաշտպանված են լինելու, և դրանք չեն օգտագործվելու որևէ քաղաքական նպատակով։
Այսօր հանրության լայն շրջանակներ, իհարկե, ունեն բավական մեծ վստահություն իշխանութան վերնախավի նկատմամբ, բայց դեռևս կա օբյեկտիվ անվստահություն պետական մարմինների առանձին օղակների և դրանց որոշ պաշտոնյաների նկատմամբ: Իհարկե, օրենքները չեն կարող գրվել այն կանխավարկածով, որ դրանք կիրառվելու են հանցագործների կողմից, բայց նաև հաշվի առնելով օրենքի սուբյեկտիվ կիրարկման հանրության ցավալի փորձառությունը՝ մարդու իրավունքներին նման զգայուն միաջմտության դեպքերում կարելի էր ավելացնել մեկ-երկու լրացուցիչ օրենսդրական երաշխիքներ:
Մելանյա Ծառուկյան