...

Վենետիկի հանձնաժողովի նախագահի ընկերական ու քաղաքական զգացմունքները պետք չէ շփոթել այդ նույն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշման հետ

Վենետիկի հանձնաժողովի նախագահի ընկերական ու քաղաքական զգացմունքները պետք չէ շփոթել այդ նույն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշման հետ

«ՉԻ» զրուցակիցն է AM իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Գրիգոր Մինասյանը:

- Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումները: ՍԴ խնդիրը լուծվե՞լ է ըստ Ձեզ: Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում:

- Հետհեղափոխական Հայաստանում Սահմանադրական դատարանի խնդիրը թերևս ամենաբարդն էր՝ կորոնավիրուսի խնդրից հետո: Իշխանությունները ճիշտ է մի քիչ դանդաղ, բայց, ի վերջո, կարողացան այդ խնդրին գտնել լեգիտիմ լուծում և դա արեցին՝ պահպանելով ժողովրդավարական տրամաբանությունը և միջազգային ստանդարտները: ՍԴ խնդիրը լուծվել է: Բարձր դատարանի անտրամաբանական երկար ժամկետով դատավորները սահմանադրության ուժով հեռացված են, դատավորների միջև կարգավիճակային դիսբալանսը վերականգնված է: ՍԴ-ն այլևս չի լինի քաղաքական որևէ թևի հենարան, այլ կարող է դառնալ օբյեկտիվ ատյան բոլոր կարևորագույն քաղաքական վեճերի համար: 

- Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես Դուք եք ներկայացնում, ապա Վենետիկի հանձնաժողովը ինչո՞ւ բացասական արձագանքեց այդ փոփոխություններին:  

- Շատ զավեշտալի բան տեղի ունեցավ: Վենետիկի հանձնաժողովը իր պաշտոնական եզրակացությունում ըստ էության դրական գնահատեց սահմանադրական այս փոփոխությունները: Շատ աննշան ու մեկ-երկու դետալներում մտահոգություններ արտահայտեց, որոնք էական ազդեցություն չունեին ՍԴ ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի առաջարկած լուծման վրա: Այնուհետև, Վենետիկի հանձնաժողովի նախագահը, որը որևէ իրավասություն չունի հանձնաժողովը իր անձով փոխարինելու, մի ընկերական նամակ գրեց Հրայր Թովմասյանին, որտեղ տվեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքին էապես հակասող և խիստ քաղաքականացված մի գնահատական: Վենետիկի հանձնաժողովի նախագահի ընկերական ու քաղաքական զգացմունքները պետք չէ շփոթել այդ նույն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշման հետ: 

- Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել, քանի որ տեսակետ կա, թե իշխանությունները սխալ հաշվարկ էին կատարել, թե ինչպես պետք է դադարեցնել դատավորների լիազորությունները, արտահերթում պատրաստվում են օրենքում լրացումներ կատարել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

- ՍԴ ճգնաժամը վերջնական հանգուցալուծելու համար մնացել է մի քանի տեխնիկական շտկում անել Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում և այնտեղ որոշ դրույթներ համապատասխանեցնել սահմանադրական վերջին փոփոխություններին: Դա շատ արագ ու հեշտ լուծելի հարց է, որը վստահ եմ խորհրդարանական մեծամասնությունը մի քանի օրվա ընթացքում կանի: 

- Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այս պահին արձակուրդում է, որը ևս խնդիր է, ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը: 

- Հրայր Թովմասյանն ու իր խորհրդատուները հասկացել են, թե որքան բացասական է նրա նկատմամբ հանրային վերաբերմունքը և առաջին պլան են մղել Ալվինա Գյուլումյանին: Այս խորամանկ հնարքը կօգնի Հրայր Թովմասյանին ապագայում խուսափել Սահմանադրությանը չենթարկվելու և իշխանության յուրացման հոդվածով մեղադրվելուց: Քանի որ Ալվինա Գյուլումյանին վերաբերող Սահմանադրական փոփոխությունները ամենաշատն են հնարավորություն տալիս իրավական որոշակիության բանավեճերի մեջ մտնել, և քանի որ Գյուլումյանը որպես կին ու փոքր-ինչ ավելի դրական ներկայացող կերպար ավելի անվտանգ դիրքերում է, ապա նրան բերել են քաղաքական այս տգեղ պայքարի խրամատների առաջնագիծ: Բայց Հրայր Թովմասյանին և իր աջակիցներին սա էլ ոչինչ չի տա՝ միայն մի քանի օրերի տհաճ ու դատարկ հետաձգում: 

- Օրակարգում է, թե ով է փոխարինելու ՍԴ դատավորի կարգավիճակից զրկված Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին։ Այս հարցը դեռ առկախված է։ Ի՞նչ եք ակնկալում: 

- Իշխանության առանձին ներկայացուցիչներ արդեն իսկ հայտարարել են, որ առաջադրելու են քաղաքականապես չեզոք թեկնածուների: Սա է իրապես արդար ու արդյունավետ ՍԴ ունենալու ամենակարևոր երաշխիքը: Ես հավատում եմ, որ իշխող մեծամասնությունը ՍԴ դատավորների այս թափուր տեղերը կհամալրի ոչ թե իրենց կուսակիցներով, ինչպես դա ցավոք լինում էր անցյալում, այլ կառաջադրի հանրության վստահությունը վայելող իսկապես անկախ ու սկզբունքային մարդկանց: Անձամբ ես հավատում եմ ՍԴ իրական ու դրական վերափոխմանը: 

- ԲՀԿ-ը բողոք է ներկայացրել Սահմանադրական Դատարան, արդյոք ՍԴ-ն հիմքեր ունի՞ բավարարելու ԲՀԿ-ի բողոքը:

- Բողոքի բովանդակությանը ծանոթ չեմ: Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն ակտիվորեն կատարում է իր ընդդիմադիր գործառույթները և փորձում է իրացնել բոլոր սահմանադրաիրավական հնարավորությունները: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ դիմում ներկայացնելու համար այսօրվա օրենսդրությամբ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: 

- Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը։ 

- Ես արդեն ասացի, որ այս ողջ գործընթացը դրական եմ գնահատում: Քաղաքացին Սահմանադրությունը իրենը կհամարի, երբ երկրում լինի ոչ թե սահմանադրական դատարանի պատեր ու միայն ֆորմալ սահմանադրական դատարան, այլև այդ դատարանում քաղաքացին կարողանա իսկապես արդարություն գտնել և այնտեղ վերջապես տեսնել արդար ու անկողմնակալ դատավորների:

Մելանյա Ծառուկյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ