Ի՞նչ է կատարվում Երևանի ավագանիում: Եվ ավագանին որքանո՞վ է լուծում երևանցիների առջև ծառացած խնդիրները, որոնք, մեղմ ասած, շատ են։ Տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման, կարմիր գծերի և մայրաքաղաքի բնակիչներին հետաքրքրող մի քանի այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:
Նրա խոսքով՝ իշխանությունները, մեծամասնություն չունենալով հանդերձ, ավագանու ինստիտուտը աշխատեցնելու տարբերակը գտել են. սկզբում ինտրիգներով ու կուլիսային պայմանավորվածություններով «Հանրային ձայնի» հետ քվորում ապահովեցին, քաղաքապետի ընտրությունն ու «կարմիր գծերը» այդ ձևով անցկացրեցին։ Հետո արդեն, տրանսպորտի թանկացմանն ընդառաջ, գնացին «Հանրային ձայնը» ներսից պայթեցնելու ճանապարհով. երկու հոգու հավաքագրելով՝ ապահովեցին իրենց համար այլևս ցանկալի մեծամասնությունը և այդ տարբերակով պատրաստվում են ցանկացած հանդուգն և լկտի որոշում անցկացնել:
- Պարոն Սուքիասյան,«Մայր Հայաստան» խմբակցությունն անհիմն է համարում Ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկվող տրանսպորտի սակագնի թանկացումը և հանդես է եկել սակագինը կարգավորող առաջարկությամբ: Որքանո՞վ է իրատեսական Ձեր առաջարկությունը և ի՞նչ կտա այն երևանցիներին:
- Մենք առաջարկել ենք ներդնել միասնական տոմսային տարբերակ, որը աշխատելու է և՛ էլեկտրոնային, և՛ ֆիզիկական քարտի միջոցով: Նախ՝ մենք առաջարկում ենք, որ նոր տոմսային համակարգը գործի ոչ թե սեպտեմբեր ամսից, այլ 2025 թ. հունվարից: Առաջարկում ենք նաև, որ հասարակական տրանսպորտը առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամների համար լինի անվճար: Ասեմ, որ մեր առաջարկած գնային սանդղակը համադրելի է Թբիլիսիի հետ, և որպեսզի մրցակցային առավելություն ունենանք, նաև մի փոքր ավելի մատչելի է: Ի դեպ, նշեմ, որ մեր առաջարկած ուղեվարձը էժան է Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համապատասխան ուղեվարձերից:
- Ինչո՞ւ է համեմատությունն անցկացվում հենց Վրաստանի հետ և բերվում հենց Թբիլիսիի օրինակը։
- Հիմք ենք ընդունել Թբիլիսիի հասարակական տրանսպորտը՝ նկատի ունենալով, որ Վրաստանը նախ և առաջ հարևան պետություն է, որտեղ մեր համերկրացիներն ավելի շատ են այցելում, քան եվրոպական մեկ այլ երկիր: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների առումով Երևանի հետ ավելի հեշտ է համադրել Թբիլիսին, քան որևէ այլ քաղաք: Հաշվի ենք առել, որ նույն տարածաշրջանում ենք, և կա նաև զբոսաշրջության գործոնը, որպեսզի մենք մրցակցային լինենք, հակադրությունը մեծ չլինի:
- Բազմաթիվ են դժգոհությունները հասարակական տրանսպորտից։ Թեև շարժակազմը անընդհատ թարմացվում ու համալրվում է նոր ավտոբուսներով, սակայն սպասարկման ոլորտը շարունակում է խոցելի մնալ: Ի՞նչ է արվում այդ ոլորտի աշխատանքը արդյունավետ դարձնելու համար:
- Գաղտնիք չէ, որ հարյուրավոր ավտոբուսներ գնելով՝ տրանսպորտի խնդիրը չի լուծվում: Այդ ոլորտը կարգավորելու համար նախ պետք է ունենալ ավտոբուսների առանձնացված գծեր, որպեսզի ավտոբուսները կարողանան անարգել երթևեկել և շատ դեպքերում երթևեկության մնացած միջոցներից ավելի արագ տեղ հասնել: Պետք է այնպես անել, որ երթուղիները ճիշտ աշխատեն, վառելիքի գերածախս չլինի, և շատերը նախընտրեն խցանումների մեջ մեքենայով երթևեկելու փոխարեն օգտվել ավտոբուսից, որը կունենա առանձնացված անխոչընդոտ երթևեկելի գիծ: Հարկ է նաև Կենտրոնում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել, որը որոշակիորեն կբեռնաթափի քաղաքի կենտրոնը: Ահա այսպիսի համալիր լուծումներ են պահանջվում:
Ըստ իշխանությունների՝ այս պահին տարեկան 7 միիարդ դոտացիա են հատկացնում քաղաքային տրանսպորտին, և այդ դոտացիան, էլի նրանց հավաստիացմամբ, աճելու միտում ունի: Ավելին ասեմ՝ երբ քաղաքային իշխանությունները տրանսպորտի ինքնարժեքի հաշվարկ են կատարում, նաև առանձնահատուկ շեշտում են, որ այդտեղ կա կոռուպցիա: Այսինքն՝ իրենք խոստովանում են, որ անճարակ են և չեն կարող այդ կոռուպցիայի դեմ պայքարել, հարկադրված գինը բարձրացնում են, որպեսզի ծախսածածկում լինի՞: Կոռուպցիան կարող է դրսևորվել տարբեր կերպ. տեխսպասարկման, վառելիքի և շատ վարորդների կողմից ուղեվարձի գումարների գրպանում:
Փաստորեն իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարում են՝ ճիշտն ասած կոռուպցիայի դեմ չենք կարողանում պայքարել, եկեք ուղեվարձը թանկացնենք, որ բավականացնի՝ համ կոռուպցիան սպասարկենք, համ էլ կարողանանք նոր ավտոբուսներ գնել: Գնած տրանսպորտն էլ բերում են, պարզվում է՝ ձմեռային անվադող նախատեսված չէր, և ինչ-որ մի պահի պարալիզացվում է ավտոբուսների աշխատանքը, որովհետև նրանց համար համասեզոնային անվադողեր են նախատեսված. եթե քաղաքում ձյուն է գալիս, ավտոբուսները կանգնում են:
- Պարոն Սուքիասյան, գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք ևս մասնավորեցվել և բազմաթիվ պաշտոնյաների, կառուցապատողների, ինչու ոչ, նաև ավագանու որոշ անդամների սեփականություն են դարձել պետական նշանակության և աճուրդային համարվող հողակտորներ այն դեպքում, երբ 2018 թվականից հողամասերի աճուրդ չի հայտարարվել: Ի՞նչ կասեք այս մասին։
- Իհարկե, այստեղ էլ կոռուպցիոն ռիսկեր առկա են։ Այլապես ո՞ւմ սիրուն աչքերի համար և ինչո՞ւ են տարածքներ տրվում: Մենք ինչի՞ համար էինք բարձրաձայնում չզեկուցվող հարցերի մասին: Այն մեծամասնությունը, որ «ձևավորվել» է Երևանի ավագանիում, որոշեց, որ չզեկուցվող հարցերով պետք է շրջանառեն ու անցկացնեն հողի սեփականաշնորհման և շինթույլտվություններ տալու հարցը: Իսկ եթե բոյկոտում ենք, ասենք, օրինակ՝ ֆինանսական, հողօգտագործման, կամ իրավական հարցերով հանձնաժողովների նիստերը, որպեսզի դրանք չկայանան, պարզվում է՝ հանձնաժողովի նիստում, ի տարբերություն ավագանու նիստի, 25%-ն էլ է բավարար, և իրենց ցանկացած հարց կարող են անարգել անցկացնել: Մենք պատրաստվում ենք նաև 25%-ի հարցը վերանայելու համար նախագիծ շրջանառության մեջ դնել: Քանի որ Ավագանու 25%-ի կամքով տվյալ հարցը հանձնաժողովում հավանության է արժանանում, դրական եզրակացությամբ բերում են լիագումար նիստ, չզեկուցվողի անվան տակ անցկացնում։ Իսկ երևանցին անտեղյակ է մնում, թե համայնքային որ հատվածում ում ինչ շինթույլտվություն է տրվում, ովքեր են հարստանում, ում մասնավոր բիզնեսն է ծաղկում քաղաքի՝ ահռելի չափերի հասնող շինարարության հաշվին։ Ահա թե ինչպես են իշխանություններն «ավելացրել քաղաքի սեփական եկամուտները»։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում. ինչի՞ համար է այդ փողը, ուր է գնալու, եթե ամենահասարակ ու խնդրառու տրանսպորտի սուբսիդավորումը չեք ուզում անել այդ եկամուտների հաշվին: Պատասխանը մեկն է՝ իրենց փոխկապակցված ՍՊ-ներից մեկ անձից կատարված ընթացակարգով գնումներից, որ իրենց մտերիմները հարստանում են, այ դա է կոռուպցիան:
- Երևանում շատ փողոցներ գրեթե մայթազերծ են, շատ դեպքերում էլ կառուցապատողը ճանապարհի առաջին գոտին է օգտագործում որպես ավտոմեքենաների կայանատեղի կամ նույնիսկ ավտոտնակ, հետիոտներին մնում է երկրորդ գոտիով երթևեկությունը այն դեպքում, երբ դա հաճախ ճանապարհի երթևեկելի միակ գոտին է։ Այս մասով որևէ աշխատանք իրականացնելու մասին ի՞նչ կասեք։
- Տեսեք՝ սրանց ասածը ընդհանուր առմամբ ինչ է. մենք չենք կարող քաղաքի կենտրոն բեռնաթափել, բայց լավ կարող ենք քաղաքի կարմիր գծերը թանկացնել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր նախկինում վճարում էին 100 դրամ, հիմա վճարեն 300 դրամ: Ճիշտն ասած՝ չենք կարող տրանսպորտի կոռուպցիան հաղթահարել, բայց կարող ենք ուղեվարձի գինը լավ բարձրացնել, չենք կարող թաղապետեր պատժել ավագանիների վրա հարձակվելու համար, բայց կարող ենք ավագանիներին լավ հեռացնել քաղաքապետարանից, չենք կարող փողոցների ձյունը մաքրել փողոցներից, բայց կարող ենք սանմաքրման պետին լավ հեռացնել պաշտոնից: Այսինքն՝ այս ամենը զավեշտ է: Սա ընդամենը քաղաքի հաշվին ինչ-որ մարդկանց լավություն անելու (այն էլ կարելի է ենթադրել, թե ինչի դիմաց) վարքագիծ է՝ քաղաքը դիմազրկելով, այլանդակելով, աջ ու ձախ մոնստր շենքեր կառուցելով: Այդ շենքերի սեյսմակայունության մասին էլ հիմնավոր կասկածներ ունենք. Աստված ոչ արասցե՝ երկրաշարժ լինի: Եվ պետք չէ զարմանալ, որ մայթերում ինչ-որ կառուցապատողներ առաջ են եկել, ու նրանց դեմն առնող չկա: Այս իշխանությունների չակերտավոր տրամաբանության մեջ է ամբողջ խնդիրը, և այն համալիր լուծում է պահանջում։ Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ մայրաքաղաքում պետք է լիարժեք իշխանափոխության հասնել:
- Դուք մշտապես խոսում եք իշխանափոխության մասին։ Ո՞ր քաղաքական ուժը կարող է դա իրականացնել և արդոք կա՞ նման ուժ:
- Եթե որևէ քաղաքական ուժ միայնակ ի զորու լիներ իրականացնել իշխափոխություն, մինչև այս օրը կաներ դա: Բայց հաշվի առնելով, որ մեր պետականության առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն թուլացել, այլև ավելի են ահագնացել, պատասխանատու և հանրության առաջ հաշվետու ցանկացած քաղաքական ուժ պետք է իրեն տեսնի այդ պայքարի մեջ և հնարավորինս այդ ամենին չնայի նեղ քաղաքական ամբիցիաների պրիզմայով, որովհետև այլևս սա քաղաքական պայքար չէ, սա գոյաբանական խնդիր է: Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ իրենք անզոր են ադրբեջանական ագրեսիայի առաջ. եթե ադրբեջանական պատվերները չկատարեն, երկիրը կարող է կանգնել կործանման շեմին, և պարզ հայտարարում են այդ մասին: Հետևաբար սա այլևս քաղաքական խնդիր չէ. երկիրը արհավիրքից փրկելու խնդիր կա:
Մելանյա Ծառուկյան