Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե հանրային տրանսպորտի «դիսպետչերական ավանդույթային հին կետերը ուղղակի պետք է վերանան․․․ եթե մեր ավտոբուսների վրա տեղադրված է GPS համակարգ, ապա այդ համակարգի վրա պետք է հենվել»։
Ավտոբուսների վարորդներին սա դեռ քիչ է։ Ախր նրանց ո՞վ էր խնդրում բողոքել, որ, օրինակ, դիսպետչերական կետերում զուգարաններ չկան։ Ու ի՞նչ պիտի աներ Տիգրան Ավինյանն այդպիսի բողոքներից հետո։ Ճիշտ է, կամ պիտի ապահովեր զուգարանների առկայությունը, կամ ընդհանրապես վերացներ դիսպետչերական կետերը։ Եվ նա, բնականաբար, ընտրել է երկրորդ տարբերակը։ Այլ հարց է, որ քաղաքապետի որոշումը թերի է․ նա պարտավոր էր մեկ այլ որոշմամբ էլ վարորդների՝ բնական կարիքները հոգալու ֆիզիոլոգիական պահանջմունքը հայտարարել «ավանդույթային հին կետ» և սահմանել, որ այսուհետ վարորդները պարտավոր են իրենց բնական կարիքները հոգալ առցանց՝ մեկ միասնական տեղեկատվական հարթակում։
Չնայած՝ ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը շատ արագ կհայտարարի, որ Տիգրան Ավինյանի այս որոշումը մեծապես խթանելու է փոքր և միջին բիզնեսի զարգացումը, որովհետև ավտոբուսային կանգառներում բազմաթիվ վճարովի զուգարաններ կբացվեն։ Մուտքը, հասկանալի է, կամ 100 դրամանոցով, կամ QR կոդով։ Թոշակառուներին՝ 15 տոկոս զեղչ։ Եկամտահարկի վերադարձով։