Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է. «Վերջերս մեր ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել մասնավորապես ինձ համար տոմսերը, և անկեղծ ասած, ես նույնպես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից»:
«ՉԻ». Հաշվեք, որ էժան ենք պրծել: Որովհետև մեր սիրելի քաղաքապետը բիզնես կլասի տոմսով թռել է Լոս-Անջելես, բայց չի իմացել, որ տոմսը մեր ոչ այնքան սիրելի հարկատուների վրա արժեցել է 7,65 մլն դրամ: Համարյա 20 հազար դոլար: Ու ապշել է, երբ դրա մասին խոսել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Իսկ էժան ենք պրծել, որովհետև նույն հաջողությամբ Տիգրան Ավինյանի համար կարող է մի ամբողջ ինքնաթիռ վարձակալեին, մի քանի հարյուր հազար դոլարով, կամ էլ… թու-թու-թու, թոփ-թազա ծառայողական ինքնաթիռ գնեին: Մեկ է, չէր իմանալու:
Ինքը մինչև հիմա մտածել էր, թե բիզնես-կլասով ԱՄՆ թռչելը մի 150-200 դոլարի պատմություն է, դրա համար էլ ալարել է ճշտել տոմսի արժեքը:
Ու հիմա արդարացիորեն ապշել է: Ենթադրում ենք, հետագայում էլ ինքը ապշելու շատ առիթներ կունենա: