...

Կառավարության նվերը Ծառուկյան Նվերին

Կառավարության նվերը Ծառուկյան Նվերին

Կոտայքի մարզում հանրային տրանսպորտի միասնական երթուղիներն ամբողջությամբ կսպասարկի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին պատկանող ընկերությունը։ Պարզվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ և հաղթող է ճանաչվել։ «Հետք»-ի փոխանցմամբ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենը Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել՝ 10 տարի ժամկետով։ Ծառուկյանների կողմից ներմուծված նոր ավտոբուսները սկսել են աշխատել մայիսի 1-ից, իսկ մեկ օր անց թանկացել է ուղեվարձը: «Կարելի է ասել՝ մենաշնորհ է եղել, քանի որ տենդերն այնպիսի չափորոշիչներով են դրել, որ բոլոր մրցակիցները մի կողմ են քաշվել, որովհետև այդ չափորոշիչներով մեքենաներ իրենք չէին կարող բերել: Հետո թանկացավ նաև ուղեվարձը: Լսել ենք, որ ուզում են ՀՀ-ում տրանսպորտի ոլորտը մոնոպոլիզացնել, ինչը շատ վտանգավոր է: Մեր մարզում տրանսպորտի գինը թանկացել է 50-100 տոկոսով»,- ասել է 168․am-ի զրուցակիցը:

Ուշադրություն դարձրեք՝ մրցույթից մեկ ամիս առաջ Ծառուկյանները ՍՊԸ են հիմնում ու միայն իրենք մասնակցում են մրցույթին, հետո էլ շահում են։ Նախկինների օրոք նման բաներ շատ էին լինում, և բոլորի համար հասկանալի էր, որ խաղի կանոնն է՝ շահում են յուրայինները կամ էլ համապատասխան «ատկատ» տվողները։ Հեղափոխությունից հետո հռչակվեց տնտեսական հեղափոխության մեկնարկը։ Թվում էր, թե նորընտիր իշխանությունն իրականացնելու է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարելու իր տված խոստումը, և հավասար խաղի կանոնները նոր ֆինանսական հոսքեր են ապահովելու դեպի Հայաստան։ Թվում էր, շատ բան էր թվում։ Հեղափոխությունից ամիսներ անց արդեն հասկանալի դարձավ, որ այդպես չի լինելու, որ յուրայիններին փոխարինելու են եկել ուրիշ յուրայիններ, իսկ «ատկատով» բարիշողները հիմնականում նրանք են, ովքեր նախկինների օրոք էլ իրենց վատ չէին զգում։ Հիմա արդեն հետպատերազմական Հայաստանում գործ ունենք այլ իրականության հետ։ Երկիրը հայտարարվում է ժողովրդավարության բարձր լիգայում խաղացող պետություն, զուգահեռաբար մեծ թափով սկսում են ափդեյթ լինել այն բոլոր մեխանիզմները, որոնք նախկինում ապահովում էին կոռուպցիոն բարքերի անխուսափելիությունը։ Եվ եթե նախկինում սրա դեմ անհանդուրժողականություն ու հանրային ընդվզման օջախներ կային, ապա հիմա բոլորի համար մի տեսակ մեկ է՝ ով, երբ, ինչպես ու ինչ շահեց։ Հանրային այս ապատիան առաջիկայում էլ ավելի մեծ թափ է հաղորդելու պետական կառավարման համակարգում իրականացվող կոռուպցիոն գործարքներին։ Բայց սա արդեն ոչ մեկին չի հուզելու, անգամ ամենազարթուններին։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ