«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցավակցել է Ջերմուկի բնակչուհուն, որի տղային նախօրեին հուղարկավորել են «Եռաբլուրում»: «2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ես «Բարգավաճ Հայաստանից» վարկանիշային թեկնածու էի առաջադրվել Սյունիք և Վայոց Ձոր մարզերում, այդ տիկինը Ջերմուկում գոռում էր. «Արյունս, եթե պետք լինի, կտամ Նիկոլին: Նիկոլին սիրում եմ իմ տղայի չափ»: Սիրում էր այն մինուճար տղայի չափ, ում երեկ թաղել է: Նա ինձ ասում էր, որ Ջերմուկում քարոզարշավ չանեմ, որովհետև իրենք բոլորը Նիկոլ են: Ես այսօր անկեղծորեն ցավակցում եմ ձեզ, տիկին»,- «Aravot.am»-ի փոխանցմամբ ասել է տիկին Զոհրաբյանը:
Ցավակցելն՝ ապրումակցելն է։ Եթե չկա ապրումակցման բնական վիճակ, ապա պետք չէ այն բամադրել։ Կեղծ ու զզվելի է։ Երեսով է տալիս մի տիկնոջ քաղաքական կողմնորոշումը, չարամտորեն հիշում է այն մեկի կշտամբանքը, որի երիտասարդ որդին զոհվել է հանուն շատ ավելի կարևոր բանի, քան Նիկոլ Փաշինյանն է, Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավը։ Շատերն են պատրաստ եղել Փաշինյանի համար ամեն ինչ տալ՝ ընդհուպ արյուն, հետո ի՞նչ։ Հիմա պետք է դնել ու հիշել, թե ով ի՞նչ է ասել ու ի՞նչ է արել։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, չենք կարծում, որ տիկին Զոհրաբյանն այս հարցուպատասխանում շահեկան վիճակում հայտնվի։ Առհասարակ, պատերազմական և կամ պետության համար վճռական ու ճակատագրական պահերին հասարակության ստորին բնազդները գրգռողները թիկունքում անում են ճիշտն այն գործողությունը, ինչ սահմանին թշնամին։ Երկրորդ դեպքում զինվոր է սպանվում, առաջին դեպքում՝ այդ մահը արժևորող հասարակությունը։
Գոհար Վեզիրյան