...

Ոչ դոդացմանը

Ոչ դոդացմանը

Երկու տարի առաջ այս օրերին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացվել էին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ էր տևել։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս էր հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք էր բաժանել։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ 

Այդ օրերին Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ․ «Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (և ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու և այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն և հանգեն օրենքով նախատեսված արդյունքի: Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ»:

Այնուհետև խորհրդարանում արդեն ՔՊ-ականները հարց էին ուղղել Փաշինյանին՝ կապված Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացի հետ։ Փաշինյանն էլ հակադարձել էր․ «Եկեք նայենք վերջին 2 տարվա վիճակագրությունը»։ Մարդը հերթով թվարկել էր բոլոր քրեական գործերը, որտեղ շոշափվում էին Ծառուկյանի, նրա որդու, խնամու, կոնցեռնի նախագահների անունները։ «Մենք իրենց խոսալու ձևը գիտենք, կսովորեցնենք, իրենք էստեղ չեն էլ խոսա, որովհետև ժողովուրդը իրենց ստեղից վռնդելու է ընդհանրապես: Երբ նախկինում թալանի դեպքերը բացահայտվել են, ասել են՝ դե եկեք, տեսնենք՝ ով, որտեղ, ինչ: Որովհետև երբ փողն է դրված եղել հիմքում, այս ամենի արդյունքում ստացվել է միայն այն, որ մեկի փողը պակասել է, մյուսինը մի քիչ ավելացել է: Մենք ասում ենք՝ ոչ, բոլոր փողերը պետք է վերադարձնել: Ասել եմ՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք: Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվել»,- ասել էր նա՝ մասնավորապես ընդգծելով «Մուլտի գրուպ» ընկերության կողմից «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում «շատ խոշոր չարաշահումները»։

Արդեն նույն թվականի դեկտեմբերին Փաշինյանն այս առիթով հավելել էր․ «Ես ուզում եմ ասել, որ «Հյուսիս-Հարավ» պրոյեկտը շատ նպաստավոր ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են ՀՀ էդ նախագիծը որպես կթու կով և կթել են, ով հասել է: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ, և շարունակելու ենք կտրել: Թող որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները: Սա՝ ի գիտություն»։ 

Ինչ ասել էր, այսօր տրամագծորեն հակառակն է անում։ 30 միլիարդ դրամի վնաս հասցրած կազինոյի պարտքերն է փակում, ժողովրդի կողմից վռնդվածներին համարյա սրբադասվելու հնարավորություն է տալիս, Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերը քննելու փոխարեն Երրորդ հանրապետության ամենախայտառակ ու շռնդալից նախագիծն է հաստատվում։ Ծառուկյանն էլ «կտրված ու կեղտոտ թաթիկներով» կոպեկ առ կոպեկ գումարներն է տրանսֆեր անում, բայց ոչ՝ պետական բյուջե։ Ի դեպ, Փաշինյանն իր քաղաքական կարիերան սկսել է «Ոչ դոդացմանը․․․» կարգախոսով։ Այսօր այդ կարգախոսն ավելի ակտուալ է, քան նախկինում էր։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ