ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին փակ հանդիպման առաջարկ է արել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը քննարկելու օրակարգով։ Խորհրդարանական այս երկու խմբակցություններն էլ մերժել են առաջարկը՝ հայտարարելով․ «Այս ընթացքում իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ գաղտնի բանակցություններ են վարում՝ առաջ մղելով բացառապես իրենց հակաժողովրդական օրակարգը։ Հայ ժողովրդին հուզող հարցերի շուրջ փակ հանդիպման ձևաչափն անընդունելի է»։
Պետք չէ նեղսրտել։ Պետք է արագ քննարկման հրավիրել արտախորհրդարանական ուժերին։ «Լուսավոր Հայաստանի» Էդմոն Մարուքյանն անմիջապես կընդունի հրավերը, մեծ սիրով կքննարկի իրավիճակը և արժեքավոր խորհուրդներով կկիսվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Առանց այդ էլ նա վերջին շրջանում բավական ակտիվ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Պետք է շոյել նաև «Հանրապետության» Արամ Զ․ Սարգսյանի գլուխը։ Նա էլ ողջ օրը զբաղված է մարդկանց համոզելով, թե Նիկոլին ինչ ուզում եք ասեք, բայց դավաճան «միք ասեք»։ Արամ Զավենիչն էլ հաստատ իր հարուստ քաղաքական գիտելիքներով նոր լույս կսփռի Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքավորման առումով։ Այս շարքից չպետք է դուրս թողնել «Բարգավաճ Հայաստանի» Գագիկ Ծառուկյանին։ Նա կարող է իր մոտեցումները շարադրել այդ բանակցությունների՝ տնտեսական օգուտների կամ վնասների համատեքստում։ Կարելի է Արսենյան Գուրգենի օգնությանն էլ դիմել։ Մարդը մասնագիտացած է գրպանային կուսակցություններին կերակրելու հարցում։ Ոնց էլ չլինի մի երկու-երեքին բերման կենթարկի։ Կստացվի ահագին ազդեցիկ փակ հանդիպում՝ կուսակցական մեծ բազմազանությամբ։
Գոհար Վեզիրյան