«ՉԻ» խմբագրություն են դիմել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի բնակիչները. նրանք դժգոհում են Գետքի գյուղապետ Աշոտ Շաբոյանին աշխատանքից ազատելու որոշումից: Գյուղացիների խոսքով՝ մի քանի օր առաջ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը իր մոտ է հրավիրել Գետքի գյուղապետ Աշոտ Շաբոյանին և նախատել նրան: Պատճառը գյուղապետի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է: Գյուղապետը իր խոսքում ասել է, որ գազաֆիկացումն ու ոռոգման ջուրը գյուղում գերխնդիր են, գյուղացիները ձմռանը տաքանալու համար աթար և ցախ են վառում: Ինչպես նաև ընդգծել է, որ սահմանամերձ գյուղերի համար պիտի այնպիսի ծրագրեր իրականացնեն, որ մարդիկ ոչ թե գյուղը լքեն, այլ մնան ու պահեն իրենց հողը:
Մարզպետին զայրացրել է գյուղապետի «նման պահվածքը», ինչպես նաև այն հանգամանքը, որ գյուղացիները փակել են ճանապարհը՝ գյուղի դպրոցը չլուծարելու պահանջով (նշենք, որ սահմանամերձ Գետք գյուղի դպրոցում սովորում է 71 աշակերտ, որոնց համար դժվար կլինի հարևան Երազգավորս գյուղի դպրոց հասնելը): «Ակցիայի կազմակերպիչը դու ես»,- գյուղապետին մեղադրել է նա և Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին հանձնարարել աշխատանքից ազատել Աշոտ Շաբոյանին: «Մեզ այդպիսի կուսակիցներ պետք չեն»,- հայտարարել է մարզպետը: Ի դեպ, Գետք գյուղի բնակիչները բավական դրական են արտահայտվում արդեն նախկին գյուղապետ Աշոտ Շաբոյանի մասին. «Խելացի է, պատրաստակամ, լավ գիտի գյուղի հոգսերն ու խնդիրները, ամեն պահի պատրաստ է աջակցելու: Նրա «թերությունն» այն է, որ բացահայտ խոսել է գյուղի՝ լուծում պահանջող հիմնախնդիրների մասին»:
Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Շիրակի մարզպետի մամուլի պատասխանատուին: Արաքս Կիրակոսյանը նախ զարմացավ, որ գյուղացիների խոսքերից ելնելով «ենթադրություններ ենք անում», թե մարզպետը կարող է գյուղապետին իր մոտ կանչել և հրահանգել ազատման դիմում գրել, հետո հղում կատարեց ՏԻՄ օրենսդրությանը՝ «Վարչական շրջանների ղեկավարներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է խոշորացված համայնքի` այս դեպքում՝ Ախուրյան համայնքի ղեկավարը»: Նա հավաստիացրեց նաև, որ մարզպետը գյուղապետին իր մոտ չի հրավիրել, առավել ևս չի հրահանգել ազատվել աշխատանքից:
Զրուցեցինք նաև Գետքի գյուղապետի պաշտոնից ազատված Աշոտ Շաբոյանի հետ: Նա հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Շիրակի մարզպետարանում մարզպետի հետ խոսակցություն եղել է: Մուշեղ Մուրադյանը դժգոհել է, որ լրատվամիջոցին տված հարցազրույցում ինքը խոսել է գյուղի հիմնախնդիրներից, այնուհետև գյուղացիներին իբր դրդել ճանապարհը փակելու, և հետևապես պետք է ազատման դիմում գրի:
Այսօր տեղեկացանք, որ Գետքի բնակիչները ինքնակազմակերպվելով կրկին պատրաստվում են ճանապարհ փակել: Նրանց բողոքը կրկին ուղղված է իշխանություններին, որոնք փորձում են «իրենց մարդուն»՝ Նարինե Հարությունյանին նշանակել գյուղապետի պաշտոնում: Մինչդեռ համայնքի բնակիչների խոսքով՝ «այդ կինը ոչ գյուղի աշխատանքներից է ինչ-որ բան հասկանում, ոչ էլ գյուղացու հոգսերից»: «Մենք կգնանք մինչև վերջ, եթե իշխանությունները փորձեն իրենց մարդուն տեղավորել մեր գյուղի վարչական ղեկավարի պաշտոնում: Մենք հաստատակամ ենք մեր բոլոր քայլերում»,-ասում են Գետքի բնակիչները:
Մելանյա Ծառուկյան