...

Ճշգրիտ տվյալներ ունենալու համար նվազագույնը օրական 5000 թեստ պետք է անեինք

Ճշգրիտ տվյալներ ունենալու համար նվազագույնը օրական 5000 թեստ պետք է անեինք

Բժիշկ-թերապևտ, Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը «ՉԻ» հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի՝ COVID-19 համավարակին: Նա մասնավորապես նշել է՝ «COVID-19-ը մեծ աղետ է ամբողջ աշխարհի համար։ COVID-19-ի տարածման յոթ-ութ,իսկ Հայաստանում՝ չորս ամիսների ընթացքում անընդհատ ի հայտ են գալիս մի շարք նոր կլինիկական ախտանիշներ, որոնք բարդացնում են բուժման գործընթացը»։

- Բժշկուհի, ի՞նչ կասեք Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի վիճակագրության մասին, այն հուսադրո՞ղ է, թե՞ այդ առնչությամբ հնչող մտահոգություններին պետք է ավելի լրջորեն վերաբերվել:

- Նախատեսում ենք առաջիկայում սեմինար կազմակերպել «COVID-19 միջազգային փորձի փոխանակում» թեմայով, որին մասնակցելու են մեր արտերկրյա բազմաթիվ փորձագետները: Սեմինարի ընթացքում կներկայացվի, թե ինչ քայլեր են կատարվել, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչ բացթողումներ ու թերություններ են եղել, որոնց հետևանքով զգալի թիվ են կազմում ծանր դեպքերն ու համավարակի հետևանքով առաջացած մահերը: Ինչքան էլ առողջապահության ոլորտի պատասխանատուները փորձում են վստահեցնել, որ մահացության առումով Հայաստանի թվերը մեծ չեն, դա այնքան էլ այդպես չէ: COVID-19-ը ախտորոշելու համար միայն թեստավորումը և ռենտգեն հետազոտությունը բավական չեն, քանի որ ունենում ենք դեպքեր, երբ բացասական թեստի պարագայում թոքերի ՀՇ արդյունքում հաստատվում է երկկողմանի ատիպիկ վիրուսային թոքաբորբ՝ 5-30% և ավելի ախտահարումով։ Ինպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ պետք է բոլոր կասկածելի դեպքերը, անգամ անախտանիշ և թեթև ընթացք ունեցողները անցնեն ՀՇ հետազոտություն, քանի որ գանգատ չունեցողները ամեն օր ջերմաչափում չեն կատարում և ուշադրություն չեն դարձնում թեթև շնչառական կամ այլ ախտանիշների վրա, այդ իսկ պատճառով իրենց անախտանիշ համարել չենք կարող։ Վիրուսը կարող է, օրինակ, 8-12 օր հետո դուրս գալ օրգանիզմից, թեստը՝ լինել բացասական, սակայն այն իր «սև գործը» գուցե արդեն արած լինի: Այդ իսկ պատճառով բոլոր կասկածյալները պետք անցնեն ՀՇ և, ցանկալի է՝ ՊՇՌ թեստավորում կամ ԻՖԱ հետազոտություն, իսկ վարակակիր լինելու փաստը հաստատվելուց հետո պարտադիր պետք է մեկուսացնել և բուժել։ Ես խոսել եմ համաճարակաբանների և իրավիճակը վերլուծող մասնագետների հետ, և եկել ենք նույն եզրահանգման՝ ճշգրիտ տվյալներ ունենալու համար նվազագույնը օրական 5000 թեստ պետք է անեինք: Մինչդեռ օրական կատարվող թեստերի թիվը 1800-2200 է: Դա ճիշտ չի արտահայտում Հայաստանի վիճակագրական պատկերը:

- Մեր երկրում կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումները բավարար համարո՞ւմ եք, և արդյոք ճիշտ ժամանակին սկսեցինք կանխարգելման աշխատանքները, թե՞ պետք էր ավելի շուտ քայլեր ձեռնարկել:

- Ցավով եմ արձանագրում, որ մենք սկզբում լրջորեն չվերաբերվեցինք համավարակին: Ճիշտ է, միջոցառումներ իրականացվեցին, բայց ոչ բուն բժշկական, օրինակ՝ զանգվածային թեստավորումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ զանգվածային թեստավորումներ են կատարվել, արդեն հաղթահարում են համավարակը: Միջազգային փորձը ցույց է տալիս նաև, որ, այո, միակ պաշտպանիչ միջոցը դիմակ և ձեռնոց կրելն է: Բայց մի կարևոր պահ կա. դիմակը չի կանխարգելում վարակը, այլ նվազեցնում է վարակվելու հավանականությունը: Այսինքն՝ միայն դիմակի վրա հույս դնել չի կարելի: Ապրիլի 4-ից բացվեցին ժամանցի վայրերը, բայց հնչում են կոչեր, որ չպետք է այցելել: Ինչո՞ւ խիստ մոտեցում չեղավ այս հարցին: Եթե մեկ ամիս էլ խիստ կարանտին պահեինք, ապա այսօր դրական առաջընթացը շոշափելի կլիներ, և դուրս եկած կլինեինք ստեղծված իրավիճակից: Մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածը ճակատագրական եղավ մեզ համար, երբ թույլատրվեց տրանսպորտի գործունեությունը, և դիմակ կրելը պարտադիր չէր:

- Համաճարակաբանները նշում են, որ կորոնավիրուսի սկզբնական փուլում ախտանշանները նմանություն ունեն մյուս վիրուսների ախտանշաններին, ինչո՞վ է տարբերվում և ինչո՞ւ է առավել վտանգավոր դառնում կորոնավիրուսն, օրինակ, նույն գրիպի վիրուսից:

- Կորոնավիրուսի դեպքում, բացի թոքաբորբի ախտանշաններից, կարող է լինել աչքերի լորձաթաղանթի բորբոքում, փորլուծություն, համի և հոտի զգացողության կորուստ, մկանային ցավեր, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն: Մարդու օրգանիզմում կորոնավիրուսը առաջացնում է նաև միկրոթրոմբոզներ և մազանոթների պատի բորբոքում: Եվ ոչ միայն թոքերում, այլև մյուս օրգաններում՝ երիկամներում, գլխուղեղում, սիրտ-անոթային համակարգում: Մահը վրա է հասնում այդ երևույթի պատճառով՝ առաջացնելով սուր դիսթրես համախտանիշ և արյան վարակ, երբ միանում է բակտերիալ ինֆելցիա։

- Տիկին Մանուկյան, ըստ Ձեզ՝ ե՞րբ այս ամենը մեր երկրում իր հանգուցալուծմանը կհասնի, ու մարդիկ հնարավորություն կունենան անցնել կյանքի բնականոն ռիթմին: Կխնդրեինք նաև պարզաբանել կորոնավիրուսի կրկնվելու հավանականության մասին լուրերը, քանի որ խոսվում է համավարակի երկրորդ ալիքի մասին:

- Կարծում եմ՝ երկրորդ ալիքը լինելը պարտադիր չէ, սա միայն վարկած է։ Իսկ լինելու դեպքում, իմ կարծիքով, ասոցացվելու է կրկնավարակի հետ, քանի որ մենք չգիտենք, արդյոք, վարակվելուց հետո կայուն իմունիտետ կձևավորվի, թե ոչ: Առողջապահության նախարարն էլ մի առիթով նշեց, որ բուժվածների մեջ կան վիրուսակիրներ, մեկ ամիս անց թեստավորելուց հետո: Կարծում եմ՝ ձեր նշած երկրորդ ալիքին պետք է սպասել հոկտեմբերին, իսկ համավարակի հանգուցալուծմանը ականատես կլինենք լավագույն դեպքում դեկտեմբերին:

Ցավով պետք է նշեմ, որ ընդունելության քննությունների ժամանակ, եթե խիստ չպահպանենք կանխարգելման կանոնները, հուլիսի 15-ից կավելանա վարակակիրների թիվը: Որքան էլ ԿԳՍՄ պաշտոնյաները հայտարարում են, թե դիմորդի հետ քննական տեղամասի տարածքում մեկ հոգուց ավելի մարդ չպետք է լինի, այդուհանդերձ այդ տարածքներում դիմորդների հետ բազմաթիվ հարազատներ են լինում։

- Ինչպե՞ս բարձրացնել համաճարակի կառավարման արդյունավետությունը։

- Կարծում եմ, անհրաժեշտ է նաև առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկներին վերապատրաստել և զինել նոր ուղեցույցներով կորոնավիրուսի վարման համար, որպեսզի առաջին՝ թեթև և անախտանիշ դեպքերը մեկ շաբաթից չծանրանան, և անհապաղ հոսպիտալիզացիայի կարիք չլինի, և երկրորդ՝ միջին ծանրության դեպքերն էլ հմուտ կարողանան վարել տնային պայմաններում, և այսպիսով կբեռնաթափվեն գերծանրաբեռնված հիվանդանոցները։

Եղեք առողջ, տեղեկացված, պաշտպանված և լավատես։

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ