...

Կաշխատենք ու կապրենք այնպես, ինչպես պահանջում է արտակարգ դրությունը. Ծաղկաձորի քաղաքապետ

Կաշխատենք ու կապրենք այնպես, ինչպես պահանջում է արտակարգ դրությունը. Ծաղկաձորի քաղաքապետ

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ մարտի 17-ից հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն: Մինչ այդ կորոնավիրուսով կասկածվող մարդիկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով մեկուսացվեցին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում և ԵՊՀ-ի պանսիոնատում:

Այսօր փորձեցինք Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանից ճշտել, թե ինչ մթնոլորտ է տիրում Ծաղկաձորում, ինչպիսին է ծաղկաձորցիների տրամադրությունը: 

Ի պատասխան՝ քաղաքապետը հատուկ ընդգծեց.

- Պետք է ասեմ, որ ծաղկաձորցին ինչպես հյուրընկալ եղել է, այնպես էլ շարունակում է մնալ: Կյանքն ընթանում է բնականոն հունով այնքանով, որքանով պահանջում է արտակարգ իրադրությունը: Այս օրերին, իհարկե, Ծաղկաձորը մարդաշատ չէ, ինչպես նախկինում, երբ հարյուրավոր զբոսաշրջիկների էր ընդունում, բայց ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել այն բոլոր գործընթացները, որոնք կատարվում են: Նշեմ, որ քաղաքապետարանը բավական աշխատանքներ է կատարում սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու ուղղությամբ: Ջրցան մեքենաների օգնությամբ քլորով մաքրվում են ճանապարհները և երկաթբետոնե կառուցվածքները: Չնայած հենց այս պահին ձյուն է գալիս, բայց դա էլ իր դրական կողմն ունի:

Ծաղկաձորցիները բարյացակամորեն են տրամադրված մեկուսացվածների նկատմամբ: Մեր բնակիչներից շատերն են դիմում քաղաքապետարան, կամ անձամբ ինձ՝ առաջարկելով իրենց օգնությունը: Ես ինքս էլ տեղեկացնում եմ պատասխանատուներին, ասում եմ, որ անհրաժեշտության դեպքում դիմեն մեզ: Եթե անհրաժեշտություն զգացվի, մեր քաղաքի սննդի օբյեկտները պատրաստակամ են սնունդ տրամադրելու: «Ռոսիյա» հյուրանոցն, օրինակ, պատրաստակամ է ամբողջ ընթացքում մեկուսացվածներին ապահովել թարմ խմորեղենով: Այս հարցով ևս կդիմենք պատասխանատուներին, որպեսզի իրենց մասնագետները ցուցում տան, թե ինչ պետք է պատրաստել և ինչպես պետք է պատրաստել սնունդը: Հիմա, ճիշտ է, քաղաքում ընդհանուր շարժ չկա, բայց կյանքն ընթանում է բնականոն հունով: Ապրում ենք այնպես, ինչպես մեր բոլոր համերկրացիները: Կաշխատենք ու կապրենք այնպես, ինչպես պահանջում է արտակարգ դրությունը:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ