...

Պատասխանատվությունն ու հարգանքը միմյանց հանդեպ բերեցին համավարակի դեմ պայքարի հաղթանակի

Պատասխանատվությունն ու հարգանքը միմյանց հանդեպ բերեցին համավարակի դեմ պայքարի հաղթանակի

«Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ Տայուանում վարակակիրներ չկան, ապաքինվել են, բայց մարդիկ էլի շարունակում են զգուշավոր լինել, քանի որ Չինաստանի մեծ թվով քաղաքացիներ դեռևս օտար երկրներից շարունակում են վերադառնալ»,- ասում է մեր հայրենակցուհի, մասնագիտությամբ թարգմանչուհի-մշակութաբան Անի Հարությունյանը: Չինաստանում ուսումն ավարտելուց հետո Անին ամուսնացել և արդեն ինը տարի բնակվում է Չինաստանի Շանսի նահանգի Տայուան քաղաքում:

«ՉԻ»-ի հետ զրույցում Անին պատմեց, որ կորոնավիրուսի համաճարակը Չինաստանի բնակչության մոտ սկզբում խուճապ է առաջացրել, սակայն խուճապային իրավիճակը երկար չի տևել: Չինաստանի կառավարությունը և քաղաքային իշխանությունները շատ արագ և հետևողականորեն սկսել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները: Նրանք առաջին հերթին հորդորել են բնակիչներին տներից դուրս չգալ, մեկ օրվա մեջ փակվել են բոլոր մոլերը, ռեստորանները, ժամանցի վայրերը: 

«Բնակիչները անգամ սնունդ հայթայթելու համար տնից դուրս չէին գալիս, սննդի առաքման համապատասխան կազմակերպությունները սնունդը առաքում էին տուն: Ճիշտ է, Տայուան քաղաքը, որտեղ ես եմ բնակվում, հեռու է կորոնավիրուսի բռնկման օջախ համարվող Ուհանից, սակայն դա չխանգարեց, որ կառավարությունը բոլոր նահանգներում նույն պատասխանատվությամբ ձեռնամուխ լինի համավարակը կանխելու գործընթացին: Սկզբնական շրջանում անհարմարություններ էր ստեղծել դիմակներ չլինելու, լինելու դեպքում էլ շատ թանկ գներով վաճառելու փաստը, սակայն կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկեց և պատասխանատվության ենթարկեց առիթից օգտվողներին: Սկզբնական շրջանում մեր քաղաքի վարակակիրները քսան հոգի էին, որոնց թիվը հետագայում հասավ հարյուրի»:

Անին երկու երեխաների մայր է և նրան առաջին հերթին մտահոգել է երեխաների անվտանգության խնդիրը: Նա պատմում է. «Երեխաներին ընդհանրապես չէր խրախուսվում տանից դուրս հանելը, և մենք այդպես էլ անում էինք, հետևում էինք հիգիենայի բոլոր կանոններին: Չնայած տեղաշարժվելու սահմանափակումներին, այստեղ բավական արդյունավետ էին աշխատում կրթության և մշակույթի պատասխանատուները: Հատկապես երեխաների համար բազմաթիվ ուսուցողական ֆիլմեր էին նկարահանվում և ցուցադրվում, որպեսզի նրանք հնարավորինս իմանան, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից: Կառավարությունը չէր պարտադրում ինքնամեկուսացվել, բայց հորդորում էր՝ մեր իսկ առողջության պահպանման համար մնալ տներում: Այդ օրերին փողոցներում մեկ մարդ անգամ հնարավոր չէր տեսնել, բոլորը հետևում էին կառավարության հորդորին:

Պեկինում է գտնվում Չինաստանի ամենամեծ օդանավակայաններից մեկը, այստեղ վերադարձողները անմիջապես ենթարկվում են 14-օրյա մեկուսացման: Ինչպես գիտեք, տևական ժամանակ է՝ փակվել է արտասահմանցիների մուտքը Չինաստան, միայն չինացիների մուտքն է ազատ, բայց հոսքը այնքան մեծ է, որ հնարավոր չէ բոլորին Պեկինում մեկուսացնել: Այդ պատճառով Չինաստանի քաղաքացիներին վերադարձնող օդանավերը վայրէջք են կատարում ոչ թե Պեկինում, այլ հարակից բնակավայրերում, որոնցից մեկն էլ մեր քաղաքն է»: 

Անին մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ մինչև օրս փակ են դպրոցներն ու ուսումնական հաստատությունները, շարունակվում են օնլայն դասապարապմունքները: Մեծ վնաս է հասցվել տնտեսությանը, որը իր ազդեցությունն է թողել մարդկանց սոցիալական վիճակի վրա: 

«Երկու ամիս տևեց այդ իրավիճակը, բայց արդեն մեկ ամիս է՝ մարդիկ սկսել են քիչ-քիչ փողոց դուրս գալ, շփվել: Չնայած համավարակը նահանջել է, սակայն բոլորը դիմակներով են: Բոլոր այն հասարակական վայրերում, որոնք արդեն անցել են բնականոն աշխատանքի, ստուգում են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների ջերմությունը, դրանից հետո նոր թույլ են տալիս ներս մտնել: Ջերմաչափում կատարվում է անգամ այգիներում: Այստեղ մարդիկ աշխատում են այցելել միայն այգիներ և խուսափում են փակ տարածքներ գնալուց, որովհետև դեռ այդ վախը կա:

Ես հետևում եմ Հայաստանում ընթացող իրադարձություններին, նկատելի է առողջապահության նախարարության և մյուս կառույցների ջանադիր աշխատանքը, սակայն միևնույն ժամանակ ցավ եմ ապրում, որ քիչ թվով բնակչություն ունեցող Հայաստանում վարակակիրների թիվը անցել է ինը հարյուրից: Մինչդեռ յոթ միլիոն բնակչություն ունեցող Տայուանում վարակակիրները 100 հոգի էին:

Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, որ հետևեն կառավարության հորդորին, հետևեն հիգիենայի պահանջվող կանոններին և հնարավորության դեպքում մնան տանը և եթե հնարավոր է աշխատեն տանից: 
Չինաստանում ֆինանսական մեծ կորուստներ կրեցին, տուժեցին մարդկանց բիզնեսները, տուժեցին մանկապարտեզներն ու դպրոցները, սակայն բոլորը այստեղ լավ գիտակցում էին, որ մարդկային կյանքը ավելին արժե, քան ֆինանսը: Պատասխանատվությունն ու հարգանքը միմյանց հանդեպ բերեցին համավարակի դեմ պայքարի հաղթանակի»
:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ