...

Միայն թե ավելի վատ չլինի, քան հիմա է

Միայն թե ավելի վատ չլինի, քան հիմա է

ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ԿԳՄՍՆ նոր չափորոշիչների համաձայն` աշակերտների գնահատումը կսկսվի միայն 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Ավելի փոքրերը չեն գնահատվի, բայց կխրախուսվեն: Նոր չափորոշիչները դեռ չեն ներդրվի։ Դրանք 2021թ. սեպտեմբերի 1-ից միայն կփորձարկվեն։

Թեմայի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանի հետ:

- Տիկին Դավթյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրճատում է հայաստանյան դպրոցներում դասավանդվող առարկաների քանակը: Ըստ նախարարության՝ այս փոփոխություններով նվազեցնում են դպրոցականների ծանրաբեռնվածությունը: Արդյոք այս բարեփոխումները հնարավորություն կտա՞ն խուսափել տարբեր առարկաներում հանդիպող կրկնություններից, ավելի արդյունավետ օգտագործել դպրոցում երեխայի ծախսած ժամանակը։

- Այս խնդիրը կրթության մեջ վաղուց էր ծառացած․ տարեցտարի ավելանում էին դասընթացներ, առարկաներ, որոնց ավելացումը դիտարկված չէր տարիքային նպատակահարմարության, հոգեբանամանկավարժական, առողջապահական սկզբունքների և հիգիենայի կանոնների պահպանման տեսանկյունից, և դա տվեց իր պտուղները․ միջին դպրոցում աշակերտների առաջադիմության կտրուկ նվազում, սովորելու մոտիվացիայի անկում, նյարդահոգեբանական դժվարություններ և այլն։

Բովանդակային անմշակությունը, համակարգային և համալիր մոտեցման բացակայությունը, մատչելիության ու կյանքի հետ կապի սկզբունքների խախտումները ևս մեծ դեր ունեցան այդ բացասական երևույթների զարգացման հարցում։

Եթե այդ խնդիրները լուծվեն գիտականության սկզբունքը պահպանելով, ապա ես միայն կողջունեմ։ Սակայն, այդ հարցում խիստ կասկածներ ունեմ, քանի որ ինձ անձամբ պարզ չէ, թե ո՞վ և ինչպե՞ս է համակարգում այդ փոփոխությունների գործընթացը, իսկ դա ոչ թե գործադիրի գործառույթ է, այլ՝ ինստիտուցիոնալ։

Ես այս պահին չեմ տեսնում այդ կառույցը, իսկ գործադիրը վերցնելով ոչ իր գործառույթները, վտանգի տակ է դնում դրանց իրականացման արդյունավետությունը։

- ԿԳՄՍՆ հեղափոխական մեկ այլ նախագծով՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ հրաժարվում են տարրական դպրոցում միավորային գնահատումից ու առաջարկում կիրառել ավելի գնահատող ու խթանող ձևեր: Որոշ մասնագետների գնահատմամբ՝ անհնար է առանց գնահատման մոդելի:

Ի՞նչ եք կարծում՝ ուսումնական գործընթացում կարևոր է գնահատական նշանակե՞լը, թե՞ առաջնայինը գիտելիքն է:

- Ե՛վ մեկը, և՛ մյուսը ծայրահեղական մոտեցումներ են:

Դա նույնն է, ինչ ասեք, թե միրգն ավելի կարևոր է, քան դրա քաշը։ Գիտելիքը նպատակ է կարողություն և հմտություն ձևավորելու, այն ավելի շատ միջոց է անձի զարգացման և ոչ նպատակ։ Գիտելիքի միջոցով են ձևավորվում անձի մտածողությունը, տարաբնույթ կարողություններն ու հմտությունները, ինչպեսև՝ անձնային հատկանիշները, հոգևոր արժեհամակարգն ու կողմնորոշումները։

Կրթության նպատակը դարեր ի վեր սահմանված է անձի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը՝ ուսուցման և դաստիարակության միջոցով, իսկ ուսուցումը գիտելիքի հաղորդման գործընթացն է։

Որքա՞ն գիտելիք պետք է հաղորդել, որքա՞ն կարողություն և հմտություն պետք է ձևավորել, այդ հարցերի պատասխանը ամփոփված է չափորոշիչներում։ Միավորային գնահատումը ընդամենը հնարավորություն է տալիս վերահսկելու, թե այդ չափորոշիչները որքանով են կատարված։ Իսկ դա պետական պատվերն է կրթությանը, պետությունը պարտավոր է մոնիթորինգ իրականացնել և հասկանալ, որքանո՞վ է կատարվում իր պատվերը։
Հիմա եկեք պատկերացնեք միավորային գնահատում չկա, կա չափորոշիչ, կան անձնական ձեռքբերումների հաշվառման, այլընտրանքային գնահատման ինչ-որ տարբերակներ, առանց որի հնարավոր չէ վերահսկողություն, բայց դրանք համակարգված չեն, ամեն ուսուցիչ ինքն է որոշելու, թե ինչպես գնահատի իր աշակերտներին, ծնողը չի պատկերացնելու, թե իր և այլ երեխայի առաջընթացի հաշվառման այս կամ այն ձևը ի՞նչ է նշանակելու, ավելանալու է ուսուցչի համար դրանց վերաբերյալ հաշվետվողականության դժվարությունները, գուցեև կամայականությունները, դա ևս չեմ բացառում։

Առանց միավորի գնահատման համակարգի անցնելու պահից բախվելու ենք հետևյալ դժվարություններին.

1) Անհրաժեշտ է լինելու ներդաշնակեցնել դպրոցի գնահատման քաղաքականությունը ծնողների պահանջների և նրանց կարիքների հետ` կապված դպրոցների ներքին վերահսկողության ընթացակարգի իրականացման հետ:

2) Գրանցվելու համար անհրաժեշտ է լինելու հաստատության բոլոր աշխատողների համաձայնությունը, այլապես մրցակցային դաշտում կան ռիսկեր սովորողների մոտիվացնելու տարբեր սուբյեկտիվ միջոցներով, որոնք կարող են արդյունավետ չլինել, ավելի վատ լինել, քան գնահատական կորզելը:

3) Կարիք է լինելու ստեղծել այլընտրանքային գնահատման տեսություններ և տեխնոլոգիաներ, որոնցով պետք կլինի վերազինել բոլոր գործող մասնագետներին։

4) Եվ այլն, և այլն:

Մենք ցանկանում ենք կրթության որակի խնդիր լուծել, բայց տեսնում ենք ոչ թե սովորողներ մոտիվացնելու տեխնիկաների ներդրման անհրաժեշտություն, այլ միայն մի քանի գնահատականի համար պայքարող ծնողներին «սանձելու» այս եղանակը, չենք տեսնում ավելի գլոբալ խնդիրները, որքան փորձում ենք մանր-մունր փոփոխություններով կետային խնդիրներ լուծել, այնքան ավելի ու ավելի ենք թուլացնում կրթական համակարգը, վերածում այն քաոսային, անվերահսկելի, անկառավարելի, աննպատակ և անուղղություն ընթացող գործընթացի։ Իսկ բնությունը սիրում է կանոնակարգումներ, փոխհամաձայնեցվածություն, ներդաշնակություն, իմաստ… ա՛յ դրանք չկան մեր կթության մեջ, դրանցից պետք է սկսել։ Գնահատումը վերջին կետն է, երբ պետք կունենանք չափել, եթե չենք չափելու, ապա պետք է հանել չափորոշիչ երևույթը, եթե հանում ենք չափորոշիչը, դուրս է գալիս ուսպլանը, ուրեմն պետք է թողնենք ուսուցչին, որ նա մշակի իր ծրագիրը, ուրեմն պատրաստ եղեք, որ ուսուցիչները հայտնվելու են ցայտնոտում, դուք այլևս չեք կարող վերահսկել ուսման մակարդակը, ամեն ինչ կունենա աշակերտի «անհատական զարգացման հնարավորություն» հիմնավորումը։

- Տեսեք՝ քիչ չեն դեպքերը, երբ ծնողը տարեվերջին փորձում է կարգավորել երեխայի գնահատականը: Արդյոք նոր նախագիծը հնավորություն չի՞ վերացնել այս ոչ ազնիվ տարբերակները:

- Կապրենք, կտեսնենք։

- Եվ նախարարությունը հրաժարվում է նաև «անբավարար» գնահատականից ու 10 միավորանոց գնահատման համակարգում յուրաքանչյուր առանձին միավոր դիտարկել որպես առաջընթացի ցուցիչ: Ըստ ձեզ՝ այս կերպ փո՞րձ է արվում աշակերտին «չկոտրել» ուսման ընթացքում:

- Աշակերտին չկոտրելը նպատակ չի կարող լինել, պետք է կարողանալ աշակերտին մոտիվացնել սովորելու, իսկ մեր կրթությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում դեռ։ Աշակերտին կարող է սովորել մոտիվացնել միայն մոտիվացված ուսուցիչը, իր երկրում գնահատված և արժեվորված մասնագետը, երկրի կայունությունն ու ապահովությունը։ Այս ուղղությամբ է պետք աշխատել, ստեղծել գիտելիքահեն տնտեսություն, ոչ թե քաղաքականահեն ինչ-որ զանգված, որն այսօր չգիտե, թե ի՞նչ կլինի իր հետ, եթե վաղը փոխվի քաղաքական ուժը։ Տեսեք՝ ինչ է կատարվում հիմա. չունենք գիտություն, մշակույթ, արվեստ, սպորտ, ամենուր քաոս է, մարդիկ քարկոծվում են միայն նրա համար, որ ինչ-որ հաջողությունների են հասել նախկին քաղաքական ուժերի օրոք, չի արժեվորվում մարդն իր աշխատանքով, ոչ ոք ապահովության երաշխիք չունի: Ինչ գնահատականի խնդիր եք լուծում:

Ո՞ւմ ինչ եք ուզում ապահովել, երբ չի արժեվորված նույն երեխայի ծնողը, ոտնահարված են նրա ողջ կյանքի ձեռբերումները իր զավակի աչքի առաջ, ինչ գնահատման կամ չգնահատման մասին ենք այսօր խոսում։ Մենք դեռ արժեհամակարգի խնդիր ունենք, որ հասկանանք, թե երեխայի որ արժեքներն ինչպես ձևավորենք, ապա դրանց ինչպես միավոր տանք կամ չտանք։ Ինչ էլ անեք, դա կոչվելու է գնահատում՝ ծաղիկ, աստղիկ, փայտիկ, թե խրախուսական խոսք, ուղղակի թիվը քանակական ցուցանիշ է, մյուսները՝ որակական։

- ԿԳՄՍ-ի նոր չափորոշիչների համաձայն՝ ավագ դպրոցներում գործող հոսքային ուսուցման համակարգն առաջարկվում է փոխարինել անհատական դասացուցակով: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, արդյոք դրանք դրական ազդեցություն կունենա՞ն ավագ դպրոցում սովորողների համար:

- Եվս մի չհիմնավորված ծրագիր, որը ավագ դպրոցը կվերածի վերջնական քաոսի։ Գիտեք, այնպիսի տպավորություն ունեմ, որ մասնավոր դպրոցներում, իրենց յուրատիպության համար իրականացված փոքր մասշտաբներով գովազդային ծրագրերն ուզում են դարձնել համընդհանուր, հանրակրթական, ինչը, ըստ իս, անհնարին է, արդյունավետությունը՝ չապացուցված, այս ամենը նման է չփորձարկված պատվաստանյութով համաճարակը կանխելու փորձերին։ Անորոշ ելքեր, համակարգը խաթարված է, այստեղից է պետք սկսել։ Համակարգի ներսում քաոս է, արդեն այնպիսին, որ մարդիկ դադարել են նույնիսկ խոսել, որովհետև ինչքան խոսեցին, այնքան ավելի վատացավ։

Հիմա լռում ենք, լռում ու ենթարկվում, մի տեսակ անտարբեր ու ինքնահոս հասարակություն ենք դարձել, խորքային ոչինչ, միայն թե ավելի վատ չլինի, քան հիմա է:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   137999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ