...

«Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելը հանցագործություն է

«Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելը հանցագործություն է

«Հայ գրականություն» առարկայի շուրջ ծավալվող քննարկումները չեն դադարում: Փոփոխությունը դեռ վերջնական չէ, նախագծային փուլում է: Թե՛ հեղինակների, թե՛ ստեղծագործությունների ընտրությունը դեռ շարունակվում է:

Իսկ ավագ դպրոցում «Հայ Գրականություն» առարկայից, ըստ նախնական տարբերակի, հանվելու է «հայ» բառը:
«Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելն ուղղակի հանցագործություն է: «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը:

«Հայ բառի հանումը կատարյալ խառնաշփոթ է ստեղծել՝ մտցնելով արտասահմանյան գրականությունը, ինչպես նաև հանելով ժամանակագրական համակարգը: Իմ ըմբռնմամբ՝ 10-12-րդ դասարանների դասագրքից հայ բառը հանելը թե՛ ազգային առումով, թե՛ մեթոդական առումով սխալ է: Ընդհանրապես գրականություն հասկացություն գոյություն չունի՝ կա տարբեր ժողովուրդների գրականություն և արտասահմանյան կամ համաշխարհային գրականություն: Նույն ձևով պատմություն չկա՝ կա հայ ժողովրդի պատմություն և համաշխարհային պատմություն:

Չի կարող լղոզված դասագիրք լինել, որ հայ գրողից անցում կատարվի որևէ արտասահմանյան գրողի: Այդպես կարող են ընթերցարանները լինել: Այսինքն՝ ընթերցանության տարբեր ժողովածուներ լինեն՝ թեմատիկ դասակարգմամբ: Որպեսզի այդ անհեթեթությունը հիմնավորվի՝ ժամանակագրական ընթացքը փոխել են, քանի որ ժամանակագրորեն հայ գրականության զարգացման ընթացքի մեջ չեն կարող արտասահմանյան գրողներ հայտնվել: Դրա համար ժամանակագրության փոխարեն դասագրքերը կազմված են ժանրային սկզբունքով՝ սկզբում բանաստեղծություն, հետո պոեմ, պատմվածք, որը դարձյալ անհեթեթություն է, և շատ վտանգավոր ենթատեքստ ունի իր մեջ, այն է` հայ գրականությունը կտրել իր պատմական ակունքներից: Գրականությունը ստուգաբանվում է պատմության և ժամանակի մեջ: Առանց պատմության և ժամանակի գրականություն գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր գեղարվեստական գրականություն որևէ պատմական հանգամանքի, իրավիճակի ծնունդ է: Էլ չասած, որ զուտ մեթոդական առումով էլի անհեթեթություն է, երբ մի հեղինակը կրկնվում է մի քանի անգամ` տարբեր ժանրի ստեղծագործություններով: Դա ուղղակի աբսուրդ է»,- նկատեց գրականագետը:

Ըստ Դևրիկյանի՝ առարկան պետք է լինի «Հայ Գրականություն» և ոչ թե «Գրականություն»: Ըստ այդմ՝ պետք է հանվեն արտասահմանյան գրականության նյութերը՝ առանձին դասագիրք դարձնելով: Իսկ «Հայ Գրականությունն» էլ պետք է ներկայացվի ըստ ժամանակագրության ընթացքի:

Անդրադառնալով դասագիրք մտնող ժամանակակից գրողների ստեղծագործություններին՝ Գրականության ինստիտուտի տնօրենը նշեց, որ առաջին հերթին պետք է համապատասխան հանձնախումբ ստեղծվի՝ ներառելով նաև Գրողների միությանը:

«Պարադոքսալն այն է, որ մի քանի հեղինակներ, որոնց գրածները ներառվել են ժամանակակից գրողների ցանկում, իրենց անհամաձայնությունը հայտնեցին՝ ասելով, որ այս կամ այն գործը պետք է լիներ և ոչ թե ընտրվածը: Հավատացած եմ, որ այս ձևով չի լինելու՝ եղածը զրոյացվելու է և նորից ցանկ է կազմվելու: Դպրոցական դասագիրքը պետք է իր մեջ պարունակի ոչ միայն գեղարվեստական արժեք ունեցող ստեղծագործություններ, այլև՝ որոշակի դաստիարակչական, բարոյական, մտածողությունը չխեղաթյուրող նյութեր: Աշակերտները վաղվա զորակոչիկներն են: Պետք է նկատի ունենալ, եթե ժամանակակից մի շարք ստեղծագործողների գործերը կարդալով գնան բանակ՝ հարաբերությունների ինչպիսի դրսևորումներ նրանք կունենան, ինչ հետևանքներ կթողնեն: Օրինակ՝ Կարինե Խոդիկյանն ասաց, որ դասագրքերի չափորոշիչները կազմող հանձնախմբի մեջ պետք է լինեն հոգեբաններ:

Պետք է ասել, որ այս վեճը ոչ թե ավագների և երիտասարդների վեճ է, այլ դպրոցական շրջանակներում թույլատրելիի հարցն է: Ես և որևէ մեկը գաղափարական Գեբելսներ և գրաքննադատներ չենք, որ ասենք՝ սա կարելի է, սա՝ ոչ: Եթե դասագիրք է, այն նորմավորված հասկացություն է և ոչ միայն պետք է բարոյական, դաստիարակչական, հայրենասիրական տեսանկյուններից ընդունելի լինի, այլև՝ ընդհանրացված պետք է լինի»,- նշեց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ ստեղծագործությունների ճիշտ ընտրություն պետք է կատարվի: Ասում է՝ առաջարկված դասագրքերն ազատ ընտրության ժողովածուներ են, որոնք որևէ խմբակ կարող է ընդունել կամ չընդունել: Իսկ դպրոցն, ըստ գրականագետի, խմբակ չէ: Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ այն, ինչ դասագիրք է մտնում, քաղաքացիական արժեք է ստանում՝ որոշակի ստատուս:

«Եթե խնդիր է դրված դպրոցական դասագրքերը փոխելու, դա պետք է անել բարձր մասնագիտական որակով: Ընտրության սկզբունքը սխալ է՝ ինչ է նշանակում մրցույթով հանձնաժողովի անդամներ ընդունել: Ոչ թե մրցույթով պետք է հանձնաժողովի անդամներ ընդունել, այլ՝ որոշակի հայեցակարգ մշակել, թե որ հաստատություններից պետք է լինեն մասնագետները: Եթե փոփոխություն է արվում, պահանջում եմ, որ պետք է ընդգրկվեն Երևանի պետական համալսարանի, Մանկավարժական համալսարանի հայ ժողովրդի պատմության, գրականության և հայոց լեզվի ամբիոնների կողմից ներկայացրած մասնագետները, ինչպես նաև ակադեմիական 3 ինստիտուտների՝ պատմության, գրականության և լեզվի ինստիտուտների ներկայացուցիչները: Ծրագիր կազմելիս ամենակարևորը հարաբերակցությունն է: Նոր շրջանի գրականության համար այդ գործը չի կարող արվել առանց Գրողների միության: Եթե սա չլինի, մենք ավելի անհաջող դասագրքեր կունենաք»,- ընդգծեց մասնագետը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   11437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ