...

Անհասկանալի իրավիճակ՝ դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի շուրջ

Անհասկանալի իրավիճակ՝ դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի շուրջ

Արարատի մարզի Նորամարգի դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի շուրջ լարվածությունը դեռ չի թուլանում: Երկու անգամ տնօրենի ընտրության մրցույթը չի կայացել: Մրցույթին 3 թեկնածու է մասնակցում՝ արդեն նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը, Այնթապի դպրոցի փոխտնօրեն Գոհար Սահակյանը և Սիփանիկ համայնքի դպրոցի փոխտնօրեն Գևորգ Մինասյանը։

Ծովինար Գալստյանի համոզմամբ՝ մրցույթը միտումնավոր է ձգձգվում: Նրա կարծիքով՝ անհիմն պատճառներով մրցույթը չի կայանում, որ արդյունքում տնօրենին ոչ թե մրցույթով ընտրեն, այլ նշանակեն:

Ի պատասխան Արարատի մարզպետարանն էլ պարզաբանում էր տարածել՝ պնդելով, որ դպրոցի խորհրդի կազմում ընդգրկված ծնողական և ուսուցչական խորհուրդների անդամները անկախ չեն, հետևաբար, իրենց ունեցած հավաստի տեղեկություններով, այս մրցույթը չի կարող լինել օբյեկտիվ և անաչառ, քանի որ այն արդեն իսկ ուղղորդված է:

Ըստ մարզպետարանի՝ խորհրդի չորս անդամներից մեկը նախկին տնօրենի, մրցույթի հավակնորդներից՝ Ծովինար Գալստյանի ընկերուհին է, մյուս երկուսի ընտանիքի այլ անդամներ էլ են աշխատում դպրոցում, մեկն էլ իր երեխային միտումնավոր է բերել այս դպրոց, որ դառնա խորհրդի անդամ:

Ինչ վերաբերում է խորհրդի նախագահ Ցողիկ Սահակյանի իր ընկերուհին լինելուն՝ Ծովինար Գալստյանը «ՉԻ»-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ դպրոցի ողջ անձնակազմը, մանկավարժների մեծամասնությունը դպրոցից դուրս ունեն մտերմիկ հարաբերություններ, այսքան տարի միասին աշխատելով՝ գրեթե բոլորը կիսում են միասին թե՛ դժվարությունները, թե՛ ուրախությունները:

«Այնպես որ, միտումնավոր չգալը կապել դիրքորոշման արտահայտման հետ, չի համապատասխանում իրականությանը, նաև այն պատճառով, որ անդամներից մեկն արդեն հեռախոսով հայտնել էր, որ վատառողջ է:
Խորհրդի երկու անդամներից երկուսը՝ Գևորգյանը և Սահակյանը, դպրոց են ընդունվել նախկին տնօրենի օրոք, որպես հարգված և վաստակ ունեցող ուսուցիչներ, խորհրդի անդամ են եղել իմ տնօրեն ընտրվելուց առաջ և հետագայում կրկին վերընտրվել են: Գևորգյանը, նրա երկու դուստրերը իմ տնօրեն ընտրվելուց առաջ էլ են աշխատել: Իսկ Լուսինե Դավթյանը, որին տարբեր ազգանուններով են ներկայացրել պարզաբանման մեջ, իր որդուն դպրոց բերելուց առաջ արդեն ծնողխորհրդի կողմից ընտրված էր, որովհետև նրա դուստրը մեր դպրոցում էր սովորում: Այսինքն՝ բերված պարզաբանումները անհիմն են, անտրամաբանական»,-
նկատեց դպրոցի նախկին տնօրենը:

Մարզպետարանի պարզաբանման մեջ նշվում է, որ ծնողական կազմը և ուսուցչական կոլեկտիվը լծված են Գալստյանի ընտրության գործին: Նա արձագանքում է, որ այս ամենն սկսվեց նիստը չկայանալուց հետո, երբ բոլորը կասկածեցին, որ միտումնավոր ձգձգվում է:

Անդրադառնալով ձայնագրություններին՝ նշեց, որ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն՝ չի թույլատրվում առանց անձի համաձայնության հրապարակել հեռախոսային խոսակցությունները: Ըստ դպրոցի տնօրենի թեկնածուի՝ անհավատալի է, որ նման քայլ անում է պետական մարմինը՝ շրջանցելով օրենքը: Մանավանդ որ, որևէ կապ չկա պարզաբանման և ձայնագրությունների միջև:

«Այսպես՝ առաջին խոսակիցը խնդրում է բոլորին, որ դպրոցի վերաբերյալ անխտիր բոլոր նյութերը, անկախ նրանից համաձայն են, թե՝ չէ, տարածեն, որպեսզի բոլորը տեղեկանան, և հարցին շուտ լուծում տրվի: Մնացածները ծնողների խոսակցություններ են, որտեղ նրանք ևս մեկ անգամ հայտնում են իրենց սերը, անհանգստությունը և աջակցությունը. այստեղ ոչ մի գաղտնիք չկա, որովհետև այդ նույն ծնողները մեկ շաբաթ է , գրեթե բոլոր լրատվական ալիքներով և կայքերով փորձում են բարձաձայնել այդ մասին»,- ասաց նա:

Այնուհետև միտք է հնչում, որ խորհուրդը, առանց ծանոթանալու ծրագրերին, նախապատվությունը տալիս է Գալստյանին: Ընդգծենք, որ խորհուրդը բաղկացած է 8 անդամներից, նրանց ընտրության մասին կարելի էր իմանալ միայն ընտրությունից հետո:

«1 ամսվա ընթացքում ինչ-որ մարդիկ, ներկայացնելով չգիտես ում շահերը, տարբեր զարտուղի ճանապարհներով փորձել են խորհրդի անդամներին ինչ-որ բաներ համոզել, տարբեր առաջարկություններ անել, զարմանալի է, թե այդ մասին ինչպես է իմացել մարզպետարանը, և ինչու միջոցներ չեն ձեռնարկվել»,- մատնանշեց Գալստյանը:

Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Նորամարգի դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի շուրջ: Թե ինչպես կհանգուցալուծվի դպրոցի տնօրենի ընտրության շուրջ ստեղծված այս իրավիճակը, դժվար է կանխատեսել: Չի բացառվում, որ սա հնի ու նորի հերթական պայքարն է:

Բայց հարկ է նշել, որ դպրոցների տնօրենների ընտրության հետ կապված սա Արարատի մարզում առաջին դեպքը չէ: Մարզում մի շարք դպրոցների տնօրենների ընտրություններ ևս նմանատիպ սցենարով են զարգացել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ