...

Կառավարության 14-րդ ծրագիրը թիրախային չէ

Կառավարության 14-րդ ծրագիրը թիրախային չէ

Գերազանց սովորողներին կաջակցեն 

«Կառավարության կողմից ճիշտ մոտեցում կլիներ, եթե աջակցություն ստանային սոցիալապես անապահով ուսանողները»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողների համար նախատեսված պետական աջակցության ծրագրին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի: 

Ծրագրի համաձայն՝ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ (միջին որակավորման գնահատական), կստանան ուսման վարձի 100 տոկոսի չափով փոխհատուցում, ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75 տոկոսի չափով փոխհատուցում:

«Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին աջակցելու ծրագիրը ցույց է տալիս, որ աջակցության ֆինանսական ծրագիրը մեծ չէ: Մենք ունենք նաև բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներ, որոնք վճարովի համակարգում են սովորում: Կարևոր խնդիր է, թե մենք հիմա դա ոնց ենք որոշելու: Այս ընթացքում կարող էին շատ կտրուկ փոփոխություններ տեղի ունենալ, օրինակ՝ կար ուսանող, որ մինչև արտակարգ դրությունը աշխատում էր և կորցրեց այն: Հետևաբար, ինքն արդեն դառնում է անապահով ուսանող, կամ հակառակը: Կարող է լինել ուսանող, որ մինչև հիմա դեռ աշխատում է, նա ոչինչ չկորցրեց: Ուսանողներին սոցիալական սանդղակով որոշելը շատ բարդ է՝ ով է իսկապես կարիքավորը, ով՝ ոչ: Պետք է կարիքավորներն ավելի շատ աջակցություն ստանան: Նախարարությունը վերցրել է ավելի չափելի ցուցիչ»,- նշեց փորձագետը:

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս ծրագրերով թիրախային խումբը չի երևում: Կառավարությունն իր որոշման հիմքում դրել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին խրախուսելը, բայց իրականում, ըստ նրա, տվյալ ծրագրի պահանջն այլ է և կարելի է հետևյալ իրավիճակները հաշվի առնել:

«Չափման միավորներից կարող էր լինել այն, եթե տանը մեկից ավել ուսանող կա, գուցե իրենք ստանան աջակցություն: Նման կետեր կան, որոնք կարելի է ընդլայնել: Բայց այս ձևով, իհարկե, հիմնական թիրախային խումբը չի երևում: Իդեալական լուծումն այն կլիներ, որ եթե ուսանողները կարիքավոր են, դիմեին և աջակցություն ստանային: Բայց այստեղ էլ ոչ մի երաշխիք չկա, որոհետև դիմողները շատ կարող են լինել, և բյուջեն կարող է չբավականացնել»,- նկատեց նա:

Ոչ բարձր առաջադիմությամբ ուսանողներին էլ արտոնյալ վարկեր են տրամադրվում: Կառավարությունը որոշել է 80+ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերի տոկոսները զրոյացնել, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի դարձնել 4 %-ով:

Դիտարկմանը՝ արդյոք ճիշտ որոշում է ուսումը դեռ չավարտած և աշխատանք չունեցող ուսանողին վարկառու դարձնելը, փորձագետը պատասխանեց. «Այսպես թե այնպես այդ ուսանողը պետք է վարձը վճարի: Եթե իրեն տալիս են հնարավորություն, որ կարող է 0 տոկոսով վարկ վերցնել, դա ինչ-որ իմաստով էլի բեռի թեթևացում է, կամ տոկոսն իջեցնում են 4-ի: Հիմա այն իրավիճակում ենք, որ ինչ էլ անես, մի խումբ աջակցությունից դուրս է մնում: Անապահով խմբին էլ դժվար է գտնել: Ոնց եք որոշում՝ ով է անապահով: Ուսանողը պետք է տեղեկանք բերի, որ ինքը կամ ծնողներն այս ընթացքում աշխատանք են կորցրել: Համալսարանները փակ են, մի փոքր դժվար է: Նախարարությունը գնացել է ավելի հեշտ տարբերակի, գնահատել է ըստ առաջադիմության, որ լրացուցիչ փաստաթղթերի խնդիր չառաջանա: Թիրախային չի ստացվում, որովհետև շատ ուսանողներ, որոնց իսկապես պետք է այդ աջակցությունը, հնարավոր է չստանան»:

Հեռական դուրս է մնացել

Կառավարության ուշադրությունից դուրս են մնացել հեռակա համակարգում սովորողները: Կրթության փորձագետի կարծիքով՝  նախարարությունը խտրականություն է դնում, քանի որ հեռակա սովորողները նրանք չեն, ովքեր ապահով խավից են: Խաչատրյանը նշեց, որ հեռակա են սովորում հիմնականում այն պատճառով, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել՝ իրենց ուսման վարձը վճարելու համար: Նրանք ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք:

«Հեռակա են սովորում, որովհետև այդ տարբերակով ավելի էժան է, կարող են աշխատել և վարձը վճարել: Ճիշտ կլիներ, որ նրանց էլ աջակցեին: Բյուջեն տնօրինում է կառավարությունը, և իրենք են հաշվարկում իրենց հնարավորությունները: Մենք ունենք 75000 ուսանող, որոնց ճնշող մեծամասնությունը սովորում է վճարովի համակարգում և այդ տեսանկյունից շատ դժվար է այդքան մարդկանց օգնել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ֆորսմաժորային իրավիճակում ուսման վարձերը 25 տոկոսով զեղչելու առաջարկին՝ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ այս դեպքում էլ շատերը չէին օգտվի: Իսկ վարձերի հետաձգման դեպքում էլ, նրա խոսքով, համալսարանները կտուժեն:

«Համալսարանների վիճակը կախված է վարձերից: Լավ է հետաձգելը, բայց ուսման վարձերի հետաձգման դեպքում համալսարանները կփլվեն, չեն կարողանա աշխատավարձ վճարել: Բուհեր կան, որոնց բյուջեն 95 տոկոսով գոյանում է վարձավճարներից: Ուսման վարձերը հետաձգելու դեպքում մասնավորապես ավարտական կուրսի ուսանողները խնդիր կունենան, քանի որ դիպլոմի հարց կա, իսկ հետաձգել, նշանակում է՝ դիպլոմ չտալ, մնացածների դեպքում գուցե ինչ-որ տարբերակով հնարավոր է»,- ասաց փորձագետը:

Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողների համար նախատեսված պետական աջակցության մասին հայտարարություն էր տարածել Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը՝ մտագոհություն հայտնելով՝ եթե ուսանողների խնդիրը սոցիալական է, ինչո՞ւ են աջակցությունը թիրախավորում ըստ առաջադիմության` հեռանալով խնդրի էությունից:

Կառավարությունը մի քանի օրից կընդունի այս որոշումը: Փորձագետներն ու ուսանողները կարևորում են, որ աջակցությունը թիրախավորի նրանց, ովքեր իրոք ունեն դրա կարիքը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ