...

Եկամտահարկից օգտվող մասնագիտությունների ներառումը ռիսկային է. ի՞նչ չափանիշներով են դրանք ընտրվել

Եկամտահարկից օգտվող մասնագիտությունների ներառումը ռիսկային է. ի՞նչ չափանիշներով են դրանք ընտրվել

Նախօրեին կառավարությունը հաստատեց այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում եկամտային հարկի հաշվին ուսման վարձավճարի փոխհատուցում կկատարվի: Ի՞նչ չափանիշներով են ընտրվել մասնագիտությունները, ովքե՞ր կարող են օգտվել վերոնշյալ արտոնությունից, կորոնավիրուսով պահմանավորված ճգնաժամը հաղթահարելուց հետո ինչպիսի՞ ուսուցում պետք է կատարվի բուհերում: 

Այս հարցերի շուրջ զրուցել ենք կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: 

- Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում քննարկվում էր տարբերակ, որի համաձայն օրենքը պետք է վերաբերեր բոլոր ուսանողներին, բայց բակալավրիատի պայմաններում դա այնքան էլ ճիշտ չէր լինի: Այն կարող էր էապես խանգարել ուսուցման բուն գործընթացին, քանի որ ուսանողներն այդ դեպքում կարող էին ուսման փոխարեն նախընտրել աշխատել՝ ուսման վարձը վճարելու նպատակով: Գաղտնիք չէ, որ բուհերում մենք առանց այն էլ հաճախելիության մեծ խնդիր ունեինք: Իսկ եթե դա խրախուսեինք, հնարավոր էր՝ դասերը անցնեին դատարկ լսարաններում: Այդ պատճառով երկար քննարկումներից հետո որոշվեց, որ այս օրենքը պետք է վերաբերի միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին, քանի որ այս համակարգերում սովորողներն ամեն օր չեն դասի հաճախում, և նրանցից շատերը աշխատում են իրենց մասնագիտությամբ: 

- Ի՞նչ չափանիշներով ընտրվեցին այն մասնագիտությունները, որոնք ներառվել են կառավարության հաստատած ցանկում: 

- Իմ կարծիքով ցանկում մասնագիտությունների ներառումը ռիսկային է: Իհարկե, ուրախալի է, որ մեծ տեղ է հատկացված բնական գիտություններին, քանի որ այդ մասնագիտություններով սովորողների թիվը Հայաստանում շատ քիչ է։ Հասկանալի չէ սոցիալական գիտությունների ընտրության չափանիշը։ Այստեղ ընտրված են միայն սոցիոլոգիան և մշակութաբանությունը։ Չթերագնահատենք ոչ սոցիոլոգիայի, ոչ մշակութաբանության դերը։ Բայց ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց այս երկուսը։ Ինչո՞ւ այդ ցանկում ներառված չեն հայոց լեզուն և գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, հոգեբանությունը, հնագիտությունը և մյուսները։ Գործընթացը պետք է թափանցիկ լինի, որպեսզի պատգամավորների ողջունելի նախաձեռնությունը դժգոհության առիթ չտա։ Իհարկե, լավ կլիներ, որ այս ամենը նախօրոք նկատի առնվեր, ու առանց հիմնավորումների որոշում չկայացվեր, քանի որ հետագայում ուղղելու ցանկության դեպքում չգիտեմ, թե ինչպես է «հետողորմյա արվելու»: 

Միգուցե հաջորդ տարի հնարավոր կլինի շտկումներ կատարել, բայց գոնե հիմա ոչինչ պարզ չէ: Ենթադրում եմ, որ մշակութաբանությունը ընտրվել է այն պատճառով, որ Մշակույթի նախարարությունը միացվել է Կրթության նախարարությանը, և ցանկալի է մշակույթի ոլորտի մասնագետներ պատրաստել: Բայց ամեն դեպքում հիմնավորում պետք էր: Հայագիտության մասնագետները իրենց հերթին կարող են պնդել, որ Հայաստանի համար հայագիտությունն է առաջնային: Հիմնավորումները անհրաժեշտ էին:

- Պարոն Խաչատրյան, Դուք առաջարկել էիք, որ համավարակի հաղթահարումից հետո Հայաստանի բուհերը անցնեն ուսուցման խառը համակարգի: Ի՞նչ է դա նշանակում: 

- Իմ առաջարկը վերաբերում էր այն փուլին, երբ արդեն հաղթահարած կլինենք համավարակը, այսինքն՝ կվերադառնանք բնականոն կյանքին: Ճգնաժամը մեզ համար լավ հնարավորություն էր, որպեսզի փորձարկեինք հեռավար կրթությունը, հասկանայինք հնարավորություններն ու զարգացնեինք հեռավար աշխատելու մեր հմտությունները: Փորձարկեցինք, տեսանք, որ բազմաթիվ թերություններ կան: Տեսանք, որ ամեն դեպքում դեմ առ դեմ կրթությունը ավելի արդյունավետ է: Բայց նաև հասկացանք, որ կարող ենք խելամիտ օգտվել տեխնոլոգիական լայն հնարավորություններից: Կարծում եմ՝ համավարակի հաղթահարումից հետո Հայաստանի բուհերը պետք է անցնեն ուսուցման խառը համակարգի։ Օրինակ՝ այսպիսի մոդել կարելի է ներդնել. առաջին կուրսեցիները չորս օր գնում են բուհ, մեկ օր սովորում են հեռավար։ Երկրորդ, երրորդ կուրսեցիները երեք օր գնում են բուհ, երկու օր սովորում են հեռավար։ Չորրորդ կուրսեցիները երկու օր գնում են բուհ, երեք օր սովորում են հեռավար։

Մագիստրատուրայում մեկ օր դեմ առ դեմ ուսուցմանը մասնակցելն էլ բավարար կլինի: Հայաստանի համար այս մեթոդը կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ՝ նվազեցնել խցանումները, խնայել ուսանողների և դասախոսների ճանապարհի վրա ծախսվող ժամանակը: Հատկապես մարզերից եկող ուսանողների համար սա նաև սոցիալական խնդրի լուծման հնարավորություն է: Հեռավար դասերի ժամանակ դասախոսները կարողանում են օգտագործել նոր տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում բուհերը կարող են ավելի քիչ գումարներ ծախսել լսարանները թանկարժեք սմարթ գրատախտակներով ու այլ տեխնոլոգիաներով հագեցնելու վրա։ Կբարձրանա դասախոսների և ուսանողների թվային գրագիտության մակարդակը։ Կվերանան երկրորդ հերթի դասերը, կկարգավորվի լսարանների պակասի հարցը: Մարզերի ուսանողները օրվա վերջին ավտոբուսին հասնելու խնդիր չեն ունենա։ Ազատված լսարանները կդառնան ստեղծագործարաններ, որտեղ ուսանողները կկարողանան խմբային նախագծերի վրա աշխատել։ Ես ուղղակի համոզված եմ, որ ապագան այդպիսին է լինելու, և շատ բաներ բուհերը անելու են հեռավար: Իհարկե, դպրոցների պարագայում դեռ շուտ է այս մասին խոսելը,բայց բուհերի պարագայում ոչինչ չենք կորցնի, եթե գոնե մեկ օր յուրաքանչյուր կուրս տնից աշխատի:

- Խոսվում է այն մասին, որ կրթության պատասխանատուները ձախողել են հեռավար ուսուցումը, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Նշեմ, որ կորոնավիրուսով պայմանավորված ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որին մեր կրթության ոլորտը պատրաստ չէր: Եթե կրթության պատասխանատուները սովորական պայմաններում ձախողեին հեռավար կրթությունը, կարելի էր քննադատել: Բայց իրավիճակը այնպիսին էր, որ այդ բացթողումներն անխուսափելի էին: Ամեն դեպքում ես ձախողում եմ համարում գնահատականների հարցը, այն, որ մարտի 13-ից հետո նշանակված թվանշանները հաշվի չառնվեցին: Ձախողում եմ համարում այն, որ Հայաստանի հեռուստաալիքները ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կարող էին ավելի շատ ժամանակ տրամադրել հեռուստադասերին, բայց չարեցին: Օրինակ, մինչև հիմա Վրաստանում հեռուստադասեր կան, և ոչ միայն վրացերենով, այլ նաև թարգմանվում են տեղի հայերի համար: Այսինքն, կարելի էր շատ հեռուստադասեր անել, որպեսզի համակարգչի և ինտերնետի հնարավորություն չունեցող երեխաները գիտելիք ստանային: Դիմորդներին ևս կարելի էր օգնություն ցույց տալ հեռուստահաղորդումների միջոցով, ինչը չարվեց: Կարծում եմ՝ համավարակի հաղթահարումից հետո կարող ենք ակնկալել, որ Հայաստանի կրթական համակարգը նոր բարեփոխումներով կներկայանա:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ