...

Ստեղծված իրավիճակը ստիպեց արագ որոշումներ կայացնել

Ստեղծված իրավիճակը ստիպեց արագ որոշումներ կայացնել

2019-2020թթ. ուսումնական տարին կավարտվի մայիսի 22-ին: Այս մասին հայտարարել են կրթության ոլորտի պատասխանատուները: 

Իսկ Կրթության փորձագետները ահազանգում են, որ հեռավար ուսուցումը հանրակրթական դպրոցներում անարդյունավետ է եղել բոլոր առումներով՝ թե տեխնիկական հագեցվածությամբ, թե աշակերտների մասնակցության թվով և թե կապի հասանելիությամբ: Նրանք նշում են, որ դպրոցականների ընդամենը 15-20 տոկոսն է լիարժեք մասնակցել դասապրոցեսներին: Ըստ ԿԳ նախարարության համապատասխան որոշման՝ ԲՈՒՀ-երի դիմորդները քննություն են հանձնելու մեկ առարկայից:

Հայաստանի կրթական համակարգում կատարված փոփոխությունների մասին զրուցել ենք Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

- Պետք է նկատեմ, որ մեր ունեցած տվյալներով հանրակրթական դպրոցների գրեթե 80 տոկոս աշակերտներ մասնակցել են հեռավար ուսուցման դասապրոցեսներին: Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե մասնակցությունը շատ փոքր է եղել: Իհարկե 100 տոկոս մասնակցություն չի ապահովվել, ըստ այդմ էլ կայացվել է որոշում մինչև արտակարգ դրության ավարտը եղած գնահատականները ընդունել որպես հիմք: Բայց չեմ համաձայնի այն տեսակետին, որ հեռավար ուսուցման մասնակցությունը փոքր թիվ է կազմել: Պետք է ասեմ, որ աշակերտների մոտ 80 տոկոսը դասերին մասնակցել է, համենայնդեպս ես ինչքան շփվել եմ դպրոցների, այլ ուսումնական հաստատությունների բուհերի հետ, կարող եմ ասել, որ որոշ կրթօջախներում նույնիսկ 95-100 տոկոս մասնակցություն է եղել: Այն մտավախությունը, որ հասակավոր դասախոսները տարիքի հետ կապված տեխնիկայի հետ խնդիրներ կունենան, հետագայում փարատվեց, բայց սկզբնական փուլում ունեցել ենք խնդիրներ, ուղղակի արագ սովորել են և անցել են հեռավար ուսուցման:

- Ի՞նչ կասեք տեխնիկական խնդիրների մասին, երբ հատկապես հեռավոր ու սահմանամերձ գյուղական համայնքներում աշակերտները զրկված են եղել հեռավար ուսուցմանը մասնակցելու հնարավորությունից:

- Տեխնիկական հագեցվածության խնդիրները կային, դեռ ամբողջությամբ չեն լուծվել, սակայն այս ընթացքում տարբեր բիզնեսմեններ ահագին տեխնիկական միջոցներ նվիրաբերեցին, բայց այդուհանդերձ այդ հարցը ամբողջությամբ հնարավոր չի եղել այս կարճ ժամանակահատվածում լուծել: Որովհետև շատ բազմանդամ ընտանիքներ մի քանի դպրոցահասակ երեխաներ ունեին, ծախսերի համընկումներ կային, և նախարարությունը այստեղ ևս որոշակի լուծումներ առաջարկեց. պարտադիր չէ ամենօրյա նույն գրաֆիկով արվեն դասերը, դա թողնվեց դպրոցի հայեցողությանը: Դպրոցին տրվեց ինքնավարություն, և դպրոցը իրավունք ուներ որոշելու, թե ինչպիսի դասապրոցես պետք է կազմակերպի:

- Պարոն Հովհաննիսյան, տեղյա՞կ եք բուհական քննությունների գործընթացից: Ինչո՞վ է հիմնավորվում ընդամենը մեկ առարկայից քննություն հանձնելը:

- Մանրամասներին հիմա տեղյակ չեմ, և ստեղծված իրավիճակում բարդ է ասելն ու արժևորելը՝  ճիշտ է, թե սխալ, բայց սա գոնե այս իրավիճակից դուրս գալու հարցի լուծում է: Դիմորդները դեռ չէին հասցրել ամբողջապես կենտրոնանալ, բոլոր հարցերը պարապել, նրանցից շատերը չէին հասցրել պարապել կրկնուսույցների մոտ: Այդ պատճառով որոշակիորեն թեթևացվեց դիմորդ աշակերտների բեռը: Չնայած բուհերից կան որոշակի դժգոհություններ, թե ինչ որակի և ինչպիսի գիտելիքներով ուսանողներ կունենանան, ապագայում ինչ պատրաստվածության: Համաձայն եմ, այդ առումով այստեղ էլ բուհերը անելիք կունենան:

- Նախարարությունը որոշում ընդունեց մինչև չորրորդ դասարանի աշակերտների գիտելիքները չգնահատել, ի՞նչ կասեիք այս մասին, այն չի՞ ազդի աշակերտների առաջադիմության վրա: Գնահատումը հանելու վերաբերյալ:

- Դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, դրա մասին վաղուց էր խոսվում: Տարբեր կրթության փորձագետներ առաջարկում էին գնալ այդ քայլին: Օրինակ, առաջին դասարանում երեխաներին ոգևորում են աստղիկներով, իսկ գնահատականի հետևից հիվանդագին գնալու մոլուցքը և նաև ծնողների ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելը դպրոցի և ուսուցիչների հետ պարզապես կվերանա և ավելի կկարևորվի գիտելիք ունենալը, քան գնահատական ստանալը:

- Պատրա՞ստ էր Հայաստանի կրթական համակարգը հեռավար ուսուցման:

- Իհարկե պատրաստ չէինք հեռավար կրթությանը, մենք նախատեսում էինք որոշակի տեղերում նման կրթություն կիրառել հաջորդ տարվանից, բայց ստեղծված իրավիճակը ստիպեց արագ որոշումներ կայացնել ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: Իհարկե այս պայմաններում հնարավոր չէր բացթողումներից խուսափել: Վարչապետը ևս խոսեց այս մասին: Հետևում ենք նաև այլ երկրների կրթական համակարգերին, և որևէ երկրում այն իդեալական չէ: Արդյունավետությունը գնահատել չեմ կարող, բայց կրթական մասի բյուջեով նախատեսված է 100-ից ավել դպրոցների և մանկապարտեզների շենքերի վերանորոգում: ՄԻՊ-ի զեկույցում էլ է նշված, որ տարիներ շարունակ բազմաթիվ դպրոցներում ջեռուցում չկա, սանհանգույցներ չկան: Այս մի քանի տարիների ընթացքում, եթե կարողանանք այդ հարցերը կարգավորել, ապա կարող ենք գումարները տրամադրել այլ խնդիրներ լուծելու համար:

- Նախատեսվում է, որ 2020-2021թթ. ուսումնական տարին ևս մեկնարկելու է հեռավար ուսուցումով: Երեխան տեխնիկայի առջև ժամեր է անցկացնում, ինչպե՞ս է կարգավորվելու այս հարցը:

- Դպրոցը ինքը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի երեխային ամբողջապես չծանրաբեռնի: Նախարարությունը նախատեսում է այդ պայմաններում հնարավորինս լավ պայմաններ ստեղծել աշակերտների համար, և այդ մասին նախարարության ktak.am-ի կայքում ամենօրյա ռեժիմով տեղեկացվում է դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին:  

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2018 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ