...

«Կրթությունը որբի գլուխ չէ, որ ով հասնի, խուզի». ահազանգում են մասնագետները

«Կրթությունը որբի գլուխ չէ, որ ով հասնի, խուզի». ահազանգում են մասնագետները

Մինչ սպասվում էր, թե 2020 թվականի դիմորդները հեշտությամբ կարող են հաղթահարել ուսանող դառնալու շեմը, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դիմորդներն այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ պետք է ընդունվեին՝ հանձնելով ընդունելության ընդամենը մեկ քննություն, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել: Այս օրերին արտակարգ դրություն և արտակարգ իրարանցում է սկսվել դիմորդների և նրանց ծնողների շրջանում: «ՉԻ» խմբագրությունը նրանցից բազմաթիվ ահազանգեր է ստանում՝ կապված քննությունների ընթացքի հետ՝ թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական առումներով: 

Պարզվում է՝ իշխանափոխությունից հետո Հայաստանի կրթական համակարգում, ներառյալ ընդունելության քննությունները, ոչինչ չի փոխվել: Նույն բյուրոկրատիզմը, նույն մոտեցումները և նույն դժգոհությունները:

Քննությունների բովանդակային թերություններին ավելացել են նաև տեխնիկականները:

Դիմորդներին ու նրանց ծնողներին զայրացրել է այն փաստը, որ նույնիսկ դրական միավորներ ստացած դիմորդները չեն ընդունվել բուհ՝ ոչ առաջին, ոչ էլ հաջորդիվ նշված հայտերով: Նրանց ԳԹԿ-ից պատասխանել են,   թե կարող են այլ բուհերի թափուր տեղերի համար դիմել, սակայն դիմորդները դժգոհում են, որ այդ համալսարանները պետական չեն:  

Իրավաբանական ֆակուլտետ դիմած և 18,5 միավորով ԲՈՒՀ չընդունված Նարինե Սահակյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց, որ իրեն պարզաբանել են՝ եթե  կարդացած լիներ պայմանագրով նախատեսված 58-րդ կետը, կհասկանար, որ նախապատվությունը տրվում է միայն առաջին հայտին: Նարինեի խոսքով՝ ինքը կարդացել է պայմանագրի բոլոր կետերը, սակայն չի պատկերացրել, թե ինչ է պահանջվում: Իսկ Արթուրը, որը քննություն է հանձնել ֆիզիկա առարկայից, մեզ հետ զրույցում նշեց, որ տասնյակ պատասխաններ սխալ են հրապարակվել, մի քանի անգամ ահազանգելուց հետո նոր ուղղվել է սխալը: Ինչպես նաև եղել են հարցեր, որոնք շտեմարանում ընդգրկված չեն եղել: Ֆիզիկա առարկայի քննության ժամանակ, օրինակ, հրապարակվել են նախորդ տարվա պատասխանները, իսկ ԳԹԿ պատասխանատուները պարզաբանել են, թե մասնագետն է շփոթվել:

Դիմորդներին ու ծնողներին վրդովեցրել է նաև անորոշ իրավիճակը: Ծնողներից Գայանեն նշեց, որ ԳԹԿ աշխատակիցների անտեղյակ անտարբերությունը ուղղակի հուսահատության էր հասցնում անորոշության մեջ հայտնված դիմորդներին: Այստեղ հստակ չէին պատասխանում հարցերին, ընդամենը ուղղորդում էին ուրիշ պատասխանատուի մոտ՝ ազատվելով պարզաբանում տալու ծանր պարտականությունից: Ծնողների խոսքով՝ վրդովեցնող էր նաև այն, որ դիմորդներն ու ծնողները մրցութային միավորները չէին տեսնում՝ գոնե մոտավոր պատկերացնելու համար, թե որքանով է երեխան հաղթահարել անցողիկ շեմը։ 

Պատասխանատուները խոստովանում են, որ որոշ բացթողումներ իսկապես եղել են, բայց ոչ բովանդակային։ Բոլոր թերացումները բացառապես տեխնիկական բնույթ են կրել։ Ինչ վերաբերում է դիմորդների զանգերին, ոչ թե անտեղյակություն կամ անտարբերություն է եղել, այլ պարզապես գերծանրաբեռնված աշխատանք, որի պատճառով հնարավոր չի եղել բոլորի հարցերին պատասխանել։

Կրթության փորձագետների խոսքով՝ գործող համակարգը պետք է փոխվի, քանի որ այն, ինչ այսօր կա, հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին. բուհերը, ըստ էության, ուսանող ընտրելու իրավունք չունեն, մինչդեռ միջազգային հանրույթում ընդունված է, որ բուհերի ինքնավարության հիմքում լինի բուհի կողմից ուսանողի ընտրության սկզբունքը:  

Ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Ազիզյանն էլ կարծում է, որ բարձրագույն կրթության ոլորտում կարճաժամկետ խնդիրների մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն: Նրա կարծիքով՝ ակնհայտ է գործադրի ու օրենսդիրի վատ համագործակցությունը:

Հ.Գ. Ու մինչ ԿԳՍՄ և ԳԹԿ պատասխանատուները փորձում են պարզաբանումներ տալ ընդունելության քննությունների առնչությամբ ստեղծված խառնաշփոթի շուրջ, կրթությանն առնչվող այլ խնդիրներ ևս դարձել են հանրության մտահոգության առարկան: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման շրջանակում ներառելու, հայ գրականության մեծերի ստեղծագործությունները հանրակրթական դպրոցի ծրագրից հանելու և  «Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը դուրս մղելու ԿԳՍՄ նախարարության ներկայացրած նոր հայեցակարգը մասնագետների մտահոգության առարկան է դարձել:   

«Կրթությունը որբի գլուխ չէ, որ ով հասնի, խուզի». ահազանգում են կրթության խնդրով մտահոգ մանկավարժներն ու կրթության փորձագետները: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ