Կառավարության որոշմամբ հանրապետությունում երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը: Այս պայմաններում ներդրված կանոնակարգով շարունակվում է նաև դպրոցների աշակերտների հեռավար ուսուցումը:
Պատրա՞ստ էր արդյոք Հայաստանը հեռավար ուսուցման և որքանո՞վ է այն արդյունավետ: Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
- Հարկ է նկատել, որ ոչ միայն Հայաստանը, այլև կարելի է ասել ամբողջ աշխարհը պատրաստ չէր: Որպես կրթության միակ հնարավոր ձև՝ բնականաբար հեռավար ուսուցումն ունի բազմաթիվ թերություններ, խնդիրներ, բայց քանի որ այս իրավիճակում այլընտրանք չունենք, և հնարավոր չէ դպրոցը փակել, միակ տարբերակը մնում է հեռավար ուսուցումը, այդ պատճառով այստեղ խնդիրը ուսուցման լավ կամ վատ լինելու մասին չէ, այլ միակ հնարավոր ձևի: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես դպրոցական կրթության հետ կապված հեռավար կրթությունը չի կարող լինել միակ ուսուցման ձև՝ բնականաբար այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և ամբողջ աշխարհում, ուսուցման գործընթացում, չի կարելի համարել, որ լիարժեք կրթություն է ապահովում: Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ հեռավար ուսուցումը միակ լավ մոտեցումն է և հանդես է գալիս իբրև «դեմ առ դեմ» ուսուցումը լրացնող գործիք:
Պարզապես մենք հայտնվել ենք մի արտակարգ իրավիճակում, երբ ընդհատվել է կրթությունը և խախտվել է շարունակական կրթության սկզբունքը: Հիմա մենք պետք է հնարավորության սահմաններում կրթություն ապահովենք երեխաների համար, որպեսզի իրենք այս օրերին զբաղվածություն ունենան և սովորեցնենք նրանց՝ ինչ հնարավոր է:
- Պարոն Խաչատրյան, որքանո՞վ է իրատեսական հեռավար ուսուցման արդյունավետությունը:
- Ամենամեծ սխալն այն է, որ այն, ինչ մենք փորձում էինք անել դասարանում, մինչև արտակարգ դրությունը, փորձում ենք հիմա նույնը բելել օնլայն հարթակ: Որպես օրինակ նշեմ՝ 45 րոպեանոց դասապարապմունքը հատկապես կրտսեր դասարանների աշակերտների համար ուղղակի սխալ է: ԿԳ նախարարությունն էլ իր հայտարարության մեջ նշեց, որ դասաժամի տևողությունը պետք է հնարավորինս կրճատել, որովհետև առանց այդ էլ միջազգային հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխաների օրական էկրանային միջին ժամանակը 5-6 ժամ է: Այսինքն՝ մինչև արտակարգ դրությունը երեխաները միջինը 5-6 ժամ անցկացնում էին էկրանների առջև: Հիմա, եթե մենք սրան ավելացնում ենք նաև հեռավար դասերի ժամանակը, այդ թիվը կարող է կտրուկ մեծանալ, որն անընդունելի է:
Դրական եմ համարում այն, որ այս փուլում նախարարությունը որոշ իմաստով ազատություն է տվել ուսուցիչներին, որպեսզի ուսուցիչները կարողանան խելամիտ օգտագործել դասապրոցեսը և շեշտը չդնել շատ սովորեցնելու վրա: Սա շատ լավ հնարավորություն է ուսուցիչների համար՝ դպրոցական ծրագրից ընտրել այն հիմնական մասերը, որոնք կարևոր են և այդ իմաստով կարելի է դասը բաժանել երկու մասի: Առաջին մասում ուղղակի բացատրել աշակերտներին նոր նյութը, դա մոտավորապես կարող է տևել 15 րոպե: Հետո ևս 15 րոպե հանդիպել և տեսնել, թե ինչպես են աշակերտները կատարել իրենց տրված առաջադրանքը: Եվ եթե անհրաժեշտություն կա «տնային հանձնարարություն» տալու, դա հանձնարարել:
- Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հեռավար ուսուցման դասապրոցեսում:
- Ընդհանրապես հեռավար ուսուցումը պահանջում է ինքնուրույն աշխատանք, և մենք երեխաների ուշադրության կենտրոնացման խնդիր ունենք: Բանն այն է, որ մեր աշակերտները շատ սովոր չեն ինքնուրույն աշխատանքի: Նույնիսկ ուսանողների շրջանում դա շատ տարածված չէ: Այդ իմաստով խնդիրներից մեկն էլ այն է, որ հեռավար ուսուցումը պահանջում է շատ ինքնակազմակերպված, կարգապահ և ինքնուրույն աշխատանք կատարելու պատրաստակամ աշակերտ, որովհետև շատ առարկաներ կան, որոնք պետք է հաղթահարել ինքնուրույն աշխատելով: Բայց ցավոք սրտի նման աշակերտները շատ չեն, և հեռավար ուսուցումը այստեղ էլ է խնդիրներ առաջացնում:
- Որպես կրթության ոլորտի մասնագետ՝ ի՞նչ խորհուրդներ կտաք մանկավարժներին և ծնողներին:
- Ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չգնահատել աշակերտին, երեխային թվանշանային գնահատական չդնել, քանի որ դա ինչ-որ իմաստով երեխաներին կարող է մղել անազնվության, այսինքն՝ հանուն բարձր թվանշանի երեխան կարող է արտագրել, ծնողներից կամ համադասարանցիներից հուշում ստանալ: Երեխաներին ավելի շատ պետք է օգնել խորհուրդներով, ուղղություն ցույց տալով: Այս փուլում ևս գերխնդիր ունենք, որովհետև վստահաբար հազարավոր աշակերտներ դուրս են մնացել հեռավար ուսուցման գործընթացից: Նրանց մի մասը՝ տեխնիկական սարքեր ու ինտերնետ չունենալու պատճառով, մի մասն էլ՝ գուցե և ունեն հնարավորություն, սակայն առիթը օգտագործում են չսովորելու համար:
- Դպրոցականների ո՞ր հատվածի համար կարող են դժվարություններ առաջանալ:
- Պետք է նշեմ, որ հեռավար ուսուցումը խնդրահարույց կարող է դառնալ կրտսեր դասարանների աշակերտների համար: Ես կառաջարկեի, որ կրտսեր տարիքի աշակերտների համար շատ օգտագործվի հանրային հեռուստատեսության եթերը: Կրտսեր դպրոցում երեխաները սովորում են կարևոր բաներ, ինչպես նաև դառնում են գրաճանաչ: Առաջին դասարանում հայոց լեզվի տառերն են սովորում, երկրորդ, երրորդ դասարաններում՝ ռուսերենի և օտար լեզվի տառերը: Հիմա եթե տառաճանաչության դասերը բաց թողնենք, կարող ենք կանգնել խնդրահարույց փաստի առաջ: Որովհետև հիմա արդեն հաջորդ տարվա դասագրքերը գրված են այն տրամաբանությամբ, որ երեխաները տառաճանաչ են: Եվ եթե այս երեխաները մինչև մայիս ընդգրկված չեն եղել տառաճանաչության դասապրոցեսի մեջ, հնարավոր է, որ ուսուցիչը սեպտեմբերին հնարավորություն չունենա շտկել կատարվածը:
Դրա համար ես խորհուրդ կտայի, որ կրտսեր դպրոցին շատ մեծ ուշադրություն դարձվի, և գոնե այստեղ ապահովվի աշակերտների մեծ ներգրավվածություն՝ օգտագործելով հանրային հեռուստատեսությունը:
Երկրորդ խումբը, որին պետք է օգնություն ցույց տալ՝ 12-րդ դասարանցիներն են: Այստեղ էլ ուրիշ խնդիր կա. այս աշակերտներն ունեն ընդունելության քննություններ, և նրանց նույնպես պետք է լուրջ աջակցություն:
Քննություններին մասնակցելը արդեն իսկ լուրջ սթրես է, իսկ արտակարգ դրությունը էլ ավելի է սրում սթրեսը: Ուզում եմ ընդգծել, որ պետք է հատկապես օգնել այն աշակերտներին, ովքեր տեխնիկայի խնդիրներ ունեն:
Հավատացած եմ՝ Հայաստանում կան բարձր դասարանցիներ, ովքեր ոչ մի տեղ լրացուցիչ չէին պարապում, դպրոցի հույսին էին, ու հիմա, երբ դպրոցը փակվել է, այս խմբին նույնպես պետք է պահել ուշադրության կենտրոնում:
Մելանյա Ծառուկյան